ԿարևորՀասարակությունՌեպորտաժներ

Արցախից բռնի տեղահանվածների կենսաթոշակների դիմումներն ընդունվում են․ պարտադիր պայման է հաշվառում ունենալը

Դեկտեմբերի 11-ից Հայաստանի աշխատանքի և սոցիալական հացերի նախարարությունն ընդունում է Արցախից բռնի տեղահանվածների կենսաթոշակների նշանակման դիմումները։ Կենսաթոշակների և նպաստների նշանակման համար պարտադիր պայման է բնակության վայրում հաշվառում ունենալը:

Գործընթացն իրականացnում են ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության անձնագրային բաժինները։ Չնայած նրան, որ անձնագրային բաժիններն աշխատում են նաև շաբաթ օրերին, արցախցիներին մտահոգում են մեծ հերթերը։

Անձնագրային բաժինների մոտ հերթերը գոյանում են վաղ առավոտից։ Լյուդմիլա Սարգսյանին մի քանի փորձից հետո է հաջողվել մտնել Արաբկիրի տեղամասային բաժին ու կենսաթոշակի նշանակման համար դիմում ներկայացնել։

«Մեկ շաբաթ առաջ հերթագրվել ենք, երեկ ներկայացրել դիմումը։ Մի շաբաթ էլ պետք է սպասենք, որ մեզ հաշվառեն ու տան անձնագրերը։ Արդեն 3 ամիս է թոշակ չեմ ստանում։ Արցախում 60 հազար դրամ էի ստանում, բայց լսել եմ, որ այստեղ թոշակները ավելի ցածր են»։

Այնուամենայնիվ, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը հորդորում է չհերթագրվել առցանց համակարգում, այլ ներկայանալ տեղամասնային բաժիններ, որտեղ ավելի արագացված ռեժիմով կիրականացվեն հաշվառումները։ Անձնագրային բաժիններն աշխատում են նաև շաբաթ օրերին՝ սպասարկելով բացառապես արցախցիներին։ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Դավիթ Խաչատրյանի խոսքով՝ դեկտեմբերի 12-ի դրությամբ արդեն 5000-ից ավել դիմում է ներկայացվել ։

«Բավարարվել են 2118 անձի մասով դիմումները, նրանց կենսաթոշակներն արդեն հաստատվել են, և առաջիկա օրերին կիրականացվեն վճարումները։ Կենսաթոշակները կվճարվեն՝ հաշվարկվելով հոկտեմբերի 1-ից այսինքն՝ վճարումը կներառի հոկտեմբեր, նոյեմբեր, դեկտեմբեր ամիսները»։

Ներկայացված դիմումների գերակշիռ մասը՝ շուրջ 2800-ը մերժվել է։ Պատճառները մի քանիսն են․

«25 հոգու դեպքում դիմողը չի հանդիսացել կենսաթոշակառու։ 34-ի դեպքում ԼՂ-ի կենսաթոշակային բազայում կենսաթոշակի վճարումը դադարեցված է եղել։ Այս դեպքում գործընթացը պետք է վերսկսվի ՀՀ-ի համար գործող ընթացակարգով։ Կրկնակի դիմում է ներկայացրել 117 հոգի։ Կենսաթոշակային բազայի տվյալներում 217 դիմողի կենսաթոշակի էլեկտրոնային գործը առկա չէր։ 550 հոգի չի հանդիսացել ժամանակավոր պաշտպանություն ունեցող անձ։ Եվ դիմողի տվյալները չեն հայտրաբերվել բնակության պետական ռեգիստրում՝ 175 հոգի»։

Ամենաշատ դիմումները մերժվել են՝ ՀՀ բնակության վայրի հասցեում հաշվառում չունենալու հիմքով՝ նշում է Դացիթ Խաչատրյանը։

Ինչ վերաբերում է այն անձանց, որոնք կենսաթոշակ ստանալու իրավունքը ձեռք են բերել ՀՀ տեղափոխվելուց հետո, նրանք պետք է անցնեն կենսաթոշակի նշանակման գործընթաց՝ ինչպես ՀՀ քաղաքացիները։

«Միասնական սոցիալական ծառայության տարածքային բաժին դիմելուց հետո կընդունվի համապատասխան դիմումը, կհաշվարկվի նրանց ստաժը, կորոշվի կենսաթոշակի տեսակը։ Եվ այդպես իրենց թոշկները կնշանակվեն, և կսկսցեն ստանալ արդեն հաջորդ իսկ ամսվանից»։

Արդյոք այս կարգավորումները վերաբերու՞մ են նաև 2020 թվականի պատերազմից հետո ՀՀ տեղափոխված անձանց; Դավիթ Խաչատրյանի խոսքով՝ այս պարզեցված ընթացակարգերը նախատեսված են բոլոր այն անձանց համար, որոնք իրենց կենսաթոշակը կամ նպաստը ստանում էին Արցախում։

Կենսաթոշակների դիմումներն ընդունվում են online.ssa.am հարթակում։ Քայլերի հաջորդականությունը ներկայացված է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության պաշտոնական էջերում։

Կարդացեք նաև

Back to top button