ԿարևորՀասարակությունՌեպորտաժներ

Դեկտեմբերի 12. շրջափակումից 1 տարի անց՝ Արցախն առանց արցախցիների

Ուղիղ մեկ տարի առաջ այս օրը Ադրբեջանը բնապահպանական կեղծ «մտահոգություններով», իսկ իրականում Արցախն ի վերջո հայաթափելու քաղաքական հաշվարկով փակեց կյանքի ճանապարհը՝ Բերջորի միջանցքը։ Փաստացի շրջափակումից մեկ տարի անց Արցախն այսօր դարձյալ շրջափակված է՝ բայց առանց 120 հազար արցախցիների․ եթե 9 ամիս շարունակ մարդիկ Արցախից դուրս գալու հնարավորություն չունեին, ապա այսօր այնտեղ վերադառնալ չեն կարող։ Շրջափակման, տեղահանության ու արցախյան ողբերգության մեկամյա վավերագրությունը՝ «Ռադիոլուրի» արխիվով:

Դեկտեմբերի 12-ի առավոտյան Արցախը Հայաստանին կամ Արցախը աշխարհին կապող միակ ճանապարհը փակվելուց հետո այլևս չբացվեց։ Ադրբեջանը բնապահպանական կեղծ մտահոգություններով փակեց Բերձորի միջանցքը նախ դեկտեմբերի 3-ին․ այս անգամ բնապահպանական ագրեսիան մի քանի ժամ տվեց, իսկ դեկտեմբերի 12-ի շրջափակումը մի ամբողջ արցախյան կյանք տևեց։

Հաջորդող օրերին լրահոսի գլխավոր թեման ճանապարհը բացելու շուրջ ընթացող բանակցություններն էին ու շրջափակման հայաստանյան կողմում մնացածների ահազանգերը։

Շրջափակումից 12 օր անց առաջին անգամ Կարմիր Խաչի գրասենյակը Արցախից ծանր հիվանդներին տեղափոխեց Երևան, վերադարձին էլ հումանիտար օգնություն ու դեղորայք տարավ Արցախ։

2023-ը Արցախը դիմավորեց շրջափակման մեջ, իսկ ամանորից հետո կյանքը դարձավ առանց հոսանքի․ վթարվեց միակ բարձրավոլտ էլեկտրագիծը։ Արդեն դատարկվող խանութներին, հումանիտար խնդիրներին ավելացան նաև հովհարային անջատումները ու վառելիքի պակասը։

Շրջափակումից 40 օր հետո կենցաղ մտան սննդի վաճառքի կտրոնները, Արցախն անցավ խնայողական ռեժիմի։ Ժամանակի հետ սկսեցին մեծանալ կտրոնով վաճառվող ապրանքների ցուցակները, նվազել՝ պարենի պաշարները։ Հունվարին ջեռուցման բացակայության ու էլեկտրամատակարարման խնդիրների պատճառով դադարեցվեց Արցախի բոլոր 117 դպրոցների աշխատանքը։

Շրջափակված գարունը սկսվեց ադրբեջանական կրակոցներով․ Արցախում երեք ոստիկան զոհվեց։ Շրջափակման 4-րդ ամսում Արցախ-Հայաստան սահմանագծին գտնվող Հակարիի կամուրջի վրա սկսվեցին անցակետի կառուցման աշխատանքները։

2023թ հունիսի 15–ին Հակարիի կամրջի վրա ադրբեջանական անցակետը սկսեց գործել՝ արգելափակելով  դեպի Արցախ ոչ միայն մարդկանց մուտքն ու ելքը, այլև առաջին անհրաժեշտության ապրանքների ներկրումը՝ փաստացի կրկնակի շրջափակման ենթարկելով Արցախի 120 հազար բնակչությանը։

Հուլիսին ու օգոստոսին արդեն Արցախը համապարփակ հումանիտար աղետի մեջ էր։ Արցախցիները պարեն փնտրում էին ոչ թե խանութներում, այլ սոցցանցերում․ առաջարկում փոխանակումներ անել։

Կենցաղ մտավ հնարամտությունը․ չճարվող աղը՝ քարից, սուրճը՝ սիսեռից, լվացքի հեղուկը՝ օճառից, իսկ կոնֆետները՝ դոշաբից էին։

Պաշարների սպառման ու օր օրի սրվող հումանիտար ճգնաժամի պիկին  հնչեց ադրբեջանական առաջարկը՝ Աղդամի ճանապարհով Ադրբեջանից Արցախ հումանիտար օգնություն հասցնելու վերաբերյալ։ Արդեն 9 ամիս շրջափակված Արցախում ընդվզումներ, բողոքի շուրջօրյա ակցիաներ սկսվեցին։

Սեպտեմբերի 19-ի կեսօրին Ադրբեջանը լայնամասշտաբ հարձակման թիրախ դարձրեց պաշարված Արցախը, հրետակոծեց Ստեփանակերտը։

Ռազմական ագրեսիայից մի քանի օր անց՝ սեպտեմբերի 25-ից սկսվեց արցախյան տեղահանությունը։ 9 ամիս շարունակ փակ մնացած Բերձորի միջանցքը բացվեց Արցախում տուն–տեղ, մի ամբողջ ապրած կյանք թողած արցախցիների համար։

Ընդամենը մեկ շաբաթում Արցախը գրեթե ամբողջությամբ հայաթափվեց։ Շրջափակման փաստացի մեկնարկից ուղիղ մեկ տարի անց Արցախը դարձյալ շրջափակված է․ եթե առաջին 9 ամիսներին Արցախից դուրս գալը, ապա հիմա Արցախ վերադառնալն է անհնար։

Կարդացեք նաև

Back to top button