ԿարևորՀասարակությունՌեպորտաժներ

Պետք է ցույց տալ, որ ճամփորդելու համար Հայաստանն անվտանգ երկիր է

Ընթացիկ տարվա հունվար-նոյեմբեր ամիսներին Հայաստան է այցելել 2 մլն 200 հազար զբոսաշրջիկ։ Դա երկրի համար նոր ռեկորդ է։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 42 տոկոս աճ է գրանցվել։ Տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահ Մեխակ Ապրեսյանի խոսքով՝ այս ցուցանիշը պայմանավորված է ինչպես աշխարահաքաղաքական գործոններով, այնպես էլ կատարված աշխատանքների արդյունք է։ Ապրեսյանը նշում է, որ Հայաստանը պահպանում է իր դիրքերը համաշխարհային շուկայում, սակայն շարունակում է մնալ ոչ անվտանգ երկիր։

Աշխարհաքաղաքական գործոններն ինչպես դրական, այնպես էլ բացասական հետևանքներ են թողել տուրիզմի ոլորտի վրա։ Հայաստան այցելող զբոսշրջիկների թիվն ավելացել է, սակայն կազմակերպված զբոսաշրջությունը դեռ կայուն վերականգման փուլ չի մտել՝ նշում է տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահ Մեխակ Ապրեսյանը։

«Կազմակերպված զբոսաշրջությունը առավել պատասխանատու ճյուղ է։ Եվ հատկապես մեր նպատակային շուկա հանդիսացող եվրոպական, ասիական երկրների զբոսաշրջային ընկերությունները խիստ զգուշավոր են Հայաստան զբոսաշրջային խմբեր ուղարկելու հարցում։ Սա հատկապես պայմանավորված է այն հանգամանքով, որ այդ երկրների իրավասու մարմինների պաշտոնական ինտերնետային կայքերում Հայաստանը ներկայացված է հիմնականում կարմիրով, այսինքն՝ ոչ ապահով և անվտանգ երկիր»։

Ապրեսյանի խոսքով` եթե անգամ զբոսաշրջիկներն այցելում են, նրանց խորհուրդ չի տրվում Հայաստանի զգալի մասն այցելել նույն խնդրի պատճառով։ Տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահն ընդգծում է, որ սփյուռքի ներուժն ու դիվանագիտական խողովակներն օգտագործելով` ամեն ինչ պետք է անել Հայաստանում կազմակերպված տուրիզմը վերականգնելու համար, քանի որ դա է նպաստում կայուն և համաչափ տարածքային տնտեսական զարգացմանը։

«Կազմակերպված տուրիզմով է, որ մենք կարողնալու ենք առավելագույնս և ավելի պատշաճ ներկայացնել մեր մշակույթը, մշակութային ժառանգությունը։ Եվ նաև դրանով է, որ մենք պետք է ապահովենք Հայաստանի և հայ ժողովրդի միջազգային հեղինակությունը և դրա շարունակական բարձրացումը։ Անհատական տուրիզմը այդ հնարավորությունները զգալիորեն ավելի քիչ ունի»։

Որքանո՞վ են տուրիստական ընկերություններն իրենց վրա զգում զբոսաշրջային այս հոսքի ազդեցությունը։ Տուրիստական ընկերություններից մեկի հիմնադիր Վլադիմիր Գևորգյանի խոսքով՝ առաջին հայացքից թվերը կարևոր են, սակայն այստեղ խոսքը կազմակերպված տուրիզմի մասին չէ։ Աշխարհում՝ այդ թվում Հայաստանում զարգանում է անհատական տուրիզմը։

«2.2 մլն-ը առավելագույն ցուցանիշն է մեր երկրի համար։ Սակայն կարևոր հանգամանք է, որ այս թիվն ամբողջապես կազմակերպված տուրիզմի մասին չէ։ Եվ այո, այս տուրիստների մեջ մեծ քանակություն են կազմում հայերը, ովքեր այցելության են գալիս իրենց բարեկամներին, կամ այստեղ բնակարաններ ունեն և գալիս ու ապրում են իրենց բնակարաններում։ Եվ կազմակերպված տուրիզմի առումով նրանք չեն հանդիսանում զբոսաշրջային ընկերությունների հաճախորդներ և այդ ընկերությունների համար ֆինանսական ներհոսք չեն ապահովում»։

Ստեղծված իրավիճակում շահում են տուրիզմի վերջին օղակները` հանրային սննդի վայրերը, տրանսպորտային ընկերությունները, ժամանցային վայրերը, որոնք միանշանակ ունենում են ֆինանսական ներհոսքեր։

Արդյոք Հայաստանի առաջարկած տուրիստական պրոդուկտը բավարար բազմազա՞ն է՝ սպառողներին պատշաճ ներկայանալու համար։ Հարցին ի պատասխան՝ Վլադիմիր Գևորգյանը նշում է․

«Կարող եմ ասել, որ այո։ Եթե տարիներ առաջ մենք հիմնականում միայն պատմամշակութային տուրեր էինք կազմակերպում, այսօր կազմակերպում ենք ժամանցային, միջոցառումային տուրեր։ Օրինակ՝ մենք ունենք փառատոններ, որոնք արդեն ավանդական են դարձել, և մարդիկ 1 տարի առաջ փաթեթներ են գնում տվյալ փառատոնին մասնակցելու համար։ Դրանց թվում են «Երևանյան գինու օրեր», «Արենու գինու օրեր» փառատոնները»։

Որո՞նք պետք է լինեն առաջիկա քայլերը։ Մասնագետների կարծիքով՝ անհրաժեշտ է դիվերսիֆիկացնել շուկաները, բոլոր ռեսուրսները օգտագործելով՝ ցույց տալ, որ Հայաստանն անվտանգ է։ Դրան հասնելու համար նաև շատ կարևոր են Հայաստանում միջազգային նշանակության միջոցառումներ կազմակերպելը, տեղական կայացած փառատոններին աջակցելը։  

Կարդացեք նաև

Back to top button