ԿարևորՀասարակություն

Սոցիալական գրառումները՝ բացասական ազդակ պատվաստումների դեմ. Արմավիրում 130 ծնող հրաժարվել է երեխաներին պատվաստել

Նոյեմբերի 28-ի դրությամբ Արմավիրի մարզում գրանցվել է լաբորատոր ստուգմամբ հաստատված կարմրուկի 92 դեպք: Հիվանդների 70 տոկոսը հոսպիտալացվել էր և առողջացած դուրս գրվել: Նախորդ շաբաթվա ընթացքում նոր դեպքեր չեն արձանագրվել: Մասնագետներն ասում են՝ մարզում հիվանդությունը տարածվել է միգրացիայի հետևանքով: Վարակիչ հիվանդությունների տարածումը կանխարգելելու նպատակով բժիշկները խորհուրդ են տալիս պատվաստվել: Հունվարից առաջին անգամ կիրականացնեն նաև պատվաստումներ ջրծաղիկ հիվանդության դեմ:

Արմավիրի մարզում գրեթե 20 տարի կարմրուկի դեպքեր չեն արձանագրվել՝ վստահեցնում են մանկաբույժները, քանի որ երեխաները պատվաստումների ազգային օրացույցի համաձայն ժամանակին  պատվաստվել են: Կարմրուկի դեմ առաջին պատվաստումներն իրականացվում են 1 տարեկանում, իսկ երկրորդ դեղաչափը երեխաները ստանում են  4-6 տարեկան հասակում: Ծնողների մեծ մասը հետևում է բժիշկների ցուցումներին.

«Մենք Ռուսաստանում էինք ապրում, այնտեղ  երեխաս պատվաստումների մի մասը ստացել էր, հետո եկանք Արմավիր, այստեղ մնացածը բժշկուհին նշանակեց: Այդ ժամանակ երեխաս 1.5 տարեկան էր, մյուս երեխաս արդեն այստեղ է ծնվել: Հիմա պետք է կարմրուկի դեմ պատվաստվեր, բայց որ հիվանդ էր,  չենք պատվաստել: Երբ  առողջանա,  կստանա այդ պատվաստումը»:

«Իմ երեխան 8 ամսական է և բոլոր պատվաստումները ստացել է, ես հետևում եմ մեր բժշկուհու խորհրդին: Պատվաստում ենք զուտ հիվանդություններից պաշտպանելու համար, որպեսզի հետագայում խուսափենք բարդություններից»:

Սակայն քիչ չեն նաև պատվաստումներից հրաժարվող ծնողները: Պատճառները տարբեր են: «Արմավիրի բժշկական կենտրոնի» մայրության ու մանկության գծով փոխտնօրեն Արմինե Ասատրյանն ասում է, որ ծնողների որոշման վրա ազդում են թեմայի շուրջ  սոցիալական հարթակներում կատարվող բացասական գրառումներն ու տարածվող տեսահոլովակները:

«Հիմնականում  ինչ-որ հավատքի հարող մարդիկ են: Նրանք շատ տարբեր են. մեկը պարզաբանում է՝ չգիտեմ ի՞նչ վակցինա է, որտեղի՞ց են բերել, ի՞նչ են արել: Բոլոր վակցինաները միջազգային ստանդարտով հաստատված են, բոլոր վակցինաներն ունեն ինդիկատորներ: Բացի դա վակցինաների տեղափոխումն ու մեզ մոտ պահպանումը հատուկ ռեժիմով է կատարվում»:

«Արմավիրի բժշկական կենտրոնում» պատվաստումներից գրավոր հրաժարվել է 130 ծնող: Հարցը քննարկվում է համապատասխան հանձնաժողովում: Արմինե Ասատրյանն ասում է, որ ծնողները պետք է զգուշանան ոչ թե պատվաստանյութերի որակից ու  պատվաստումներից, այլ չպատվաստվելու հետևանքով ինֆեկցիոն հիվանդությունների բարդություններից։

«Կարմրուկը ունի շատ ծանր բարդություններ, առավել ծանր արտահայտված բարդություններից է հետկարմրուկային թոքաբորբը, էնցեֆալիտը, որոնք երեխաների մոտ լուրջ խնդիրներ են առաջացնում: Եթե հետկարմրուկային թոքաբորբ է՝ ախտահարվում են շնչառական օրգանները, թոքերը, իսկ էնցեֆալիտի ժամանակ՝ ուղեղի թաղանթը»:

Բարդություններից խուսափելու և այդ իրավիճակներում չհայտնվելու համար բժիշկները խորհուրդ են տալիս պատվաստվել: Արմավիրի պոլիկլինիկայում պատվաստանյութերը պահպանվում են հատուկ ռեժիմի սառնարաններում, որոնք օրվա բոլոր ժամերին վերահսկվում են և ունեն լրացուցիչ էներգիայի աղբյուր: Մանկաբույժ Հասմիկ Մխիթարյանը բացում է սառնարանը, գրանցում ջերմաստիճանը:

«Սառնարանի ջերմաստիճանը 2-ից ցածր կամ 8-ից բարձր լինելու դեպքում՝ արդեն իքսերով ցույց է տալիս:  Ջերմաստիճանը օրը 2-3 անգամ հսկվում է, քանի դեռ աշխատողներն այստեղ են, նույնիսկ շաբաթ և կիրակի օրերին: Վերջին սերնդի սառնարաններ են, որ հոսանքի անջատման դեպքում էլ կարող են ջերմաստիճանը 24 ժամ պահել: Բացի սովորական ջերմաչափերից ունենք էլեկտրոնային ֆրիջ-թեգեր, որոնք գրանցում են  ամբողջ օրվա ջերմաստիճանը, եթե տատանումներ են լինում, դա ցույց է տալիս»:

Սառնարանների մշտական պահանջվող ջերմաստիճանը +2 աստիճան ցելսիուսից  մինչև +8 աստիճանն է: Արմավիրի մարզի  բժշկական կենտրոններն անհրաժեշտ դեղաչափերի պատվաստանյութերով ապահովված են: Մանկաբույժ-իմունոլոգ Հասմիկ Մխիթարյանի խոսքով՝ դրանց 25 տոկոսը պահուստային դեղաչափեր են, որոնք օգտագործվում են ինֆեկցիայի բռնկումների ժամանակ: Պլանային պատվաստումներ արվում են 0-13 տարեկան երեխաներին, ինչպես նաև զորակոչիկներին: Հունվարից կներդրվի նաև ջրծաղիկ հիվանդության դեմ պատվաստանյութը:

Կարդացեք նաև

Back to top button