ԿարևորՀասարակությունՌեպորտաժներ

«Օրրան»-ի անդորրը խախտվել է․ հարևաններին դեմ չեն, բայց՝ սահմանված հեռավորության վրա

«Օրրան» բարեգործական հասարակական կազմակերպության անդորրն արդեն մի քանի ամիս խախտել է հարևանությամբ իրականացվող շինարարությունը։ Կառույցի շենքի կողքին՝ Եկմալյան 6/3 հասցեում, հասարակական նշանակության շինություն է կառուցվում, սակայն ՀԿ–ում պնդում են՝ շինարարությունն ապօրինի է, կառուցապատողը սահմանված նորմերը չի պահպանում և կառուցվող շենքը թույլատրելիից շատ ավելի մոտ է «Օրրան»–ին։ Կառուցապատող ընկերության ներկայացուցիչը, մինչդեռ, պնդում է՝ իրենք ապօրինություն թույլ չեն տվել, առանձին հարցերի վերաբերյալ էլ ժամանակին «Օրրան»–ի հետ համաձայնության են եկել։

Կառուցապատմանը դեմ չենք, բայց այն չպետք է իրականացվի երեխաների անվտանգության հաշվին․ «Օրրան» բարեգործական հասարակական կազմակերպությունում այսպես են ձևակերպում խնդիրը, որն արդեն մի քանի ամիս լուծում չի ստանում։ Կազմակերպությանը պատկանող շենքի հարևանությամբ՝ Եկմալյան 6/3 հասցեում, հասարակական նշանակության շինություն է կառուցվում։ «Օրրան»–ի հիմնադիր, տնօրենների խորհրդի նախագահ Արմինե Հովհաննիսյանն ասում է՝ նորահայտ հարևանները ոչ միայն օրինական շինթույլտվություն չունեն, այլև խախտում են սահմանված նորմերը։

«Իսկ ինչու է այս շինթույլտվությունը ապօրինի․ ըստ շինարարական նորմերի շինարարությունը պետք է մեր շենքից 6-10 մետր հեռավորության վրա իրականացվի, սակայն փորձագիտական վերլուծությունները ցույց են տալիս, որ այս շինարարությունը տեղի է ունենում 1.6 մետր հեռավորության վրա։ Բացի դրանից՝ ապօրինի է նաև քաղաքապետարանի շինթույլտվությունը, քանի որ քաղաքապետարանը շինթույլտվություն է տվել՝ ասելով որ կարող են 2.5 մետր հեռավորություն պահել, բայց դա անօրինական է»,– ասում է Հովհաննիսյանը։

«Օրրան»–ի հիմնադիր, տնօրենների խորհրդի նախագահ Արմինե Հովհաննիսյան

Հովհաննիսյանը մեջբերում է Քաղաքաշինության նախարարի 2014թ հրամանը,  ըստ որի՝ շենքերի և շինությունների հրդեհային անվտանգությունից ելնելով Բնակելի, հասարակական և արդյունաբերական կազմակերպությունների օժանդակ շենքերի միջև հակահրդեհային միջտարածությունը պետք է 6 մետրից պակաս չլինի։ «Օրրան»–ում անհանգստացած են՝ ամենօրյա ռեժիմով երեխաների ու խոցելի խմբերի հետ աշխատող կազմակերպության համար կարևոր է անվտանգության նորմերի պահպանումը։

«Դուք կտեսնեք, որ տեղեր կան, որ իրենք ուղղակի փակում են մեր պատուհանները, ուղիղ պատուհանի դիմաց պատ է և լույս չի կարող ներթափանցել։ Ես ուղղակի զարմանում եմ, թե ինչու քաղաքապետարանը կամ վերահսկող մարմինները չեն պատասխանում մեր նամակներին և չեն գալիս զննելու, քանի որ համոզված եմ, եթե որևիցե ներկայացուցիչ գա, կտեսնի, թե ինչ լուրջ խնդիրներ կան այստեղ»։

Դեռ ամիսներ առաջ՝ հոկտեմբերին, երբ շինարարությունը սկզբնական փուլում էր, դիմել են քաղաքապետարան՝ շինարարությունը կասեցնելու պահանջով։ Սակայն, ըստ Արմինե Հովհաննիսյանի, քաղաքային իշխանության պատասխանը կարճ է եղել՝ շինթույլտվություն ունեն։ Իսկ կառավարությանն ու տեսչական մարմնին ուղղված նամակները այդպես էլ անպատասխան են մնացել։

«Մենք նամակը սկսեցինք գրել, երբ կառուցապատողն արդեն բետոնապատ սյուներն էր տեղադրում․ մինչև այդ չէին երևում շինարարության ծավալը ու հեռավորությունը։ Հոկտեմբեր ամսին մենք տեսանք, որ արդեն ձեռքով կարողանում ենք դիպչել այդ սյուներին ու ես հենց այդ ժամանակ խնդրեցի, որ հրատապ լուծում տրվի հարցին, որ հետո քանդելու հարց չառաջանա, բայց անպատասխան մնացինք»,– պնդում է «Օրրան»–ի ներկայացուցիչը։

«Օրրան»–ի հարևանությամբ՝ Եկմալյան 6/3 հասցեում կառուցապատման նախագիծը «Եյչ Այ Սի դիզային» ընկերությանն է։ Վերջինի ներկայացուցիչ Հայկ Հովհաննիսյանը հրաժարվեց մեկնաբանությունից՝ հորդորելով կառուցապատողի հետ խոսել։ Կառուցապատող ընկերության ներկայացուցիչն էլ, ձայնագրությունից հրաժարվելով, շեշտեց՝ որևէ ապօրինություն թույլ չեն տվել, շինարարությունն օրինական է, բոլոր նորմերն ու ստանդարտները պահպանվում են։ Կառուցապատողն ընդգծում է՝ ժամանակին «Օրրան»–ի հետ համաձայնեցրել են շինարարությանն առնչվող հարցերը, չնայած «Օրրան»–ի հիմնադիր, տնօրենների խորհրդի նախագահ Արմինե Հովհաննիսյանն էլ պնդում է։

«Այս դեպքում իմ կողմից համաձայնության գալը անբարոյականություն կլինի։ Մենք երեխաների կյանքի մասին ենք խոսում, իսկ երբ խոսքը երեխաների կյանքի մասին է կոմպրոմիս չի կարող լինել»,– ասում է Հովհաննիսյանը։

Կառուցապատող ընկերության ներկայացուցիչը հորդորում է սպասել պաշտոնական պատասխաններին, վստահ է՝ դրանից հետո պարզ կլինի, որ բարեխիղճ կառուցապատում է իրականացվում։ Քաղաքապետարանից էլ «Ռադիոլուրին» հայտնում են՝ առաջիկա օրերին համապատասխան ստորաբաժանումների ներկայացուցիչները կայցելեն նշված հասցե՝ տեղում խնդրի էությունը հասկանալու և նորմերի խախտումներ արձանագրելու դեպքում անհրաժեշտ քայլեր ձեռնարկելու համար։

Back to top button