Հասարակություն

Արարատի մարզպետ Արամայիս Գրիգորյանն այսօր ազատվել է աշխատանքից

Հասմիկ Դիլանյան
«Ռադիոլուր»

Կառավարության որոշմամբ, Արարատի մարզպետ Արամայիս Գրիգորյանն այսօր ազատվել է աշխատանքից` այլ աշխատանքի տեղափոխվելու պատճառաբանությամբ: Թե ինչ աշխատանքի մասին է խոսքը,դեռ չի պարզաբանվում, միայն մամուլում շրջանառվող տեղեկություններն են, որոնց համաձայն,Գրիգորյանն ընդգրկվելու է նոր կառավարության կազմում: Ի դեպ, կառավարության այսօրվա նիստի օրակարգում որևէ այլ մարզպետի պաշտոնանկության հարց ներառված չէ:

ՀՀ պետական բյուջեի կատարման նկատմամբ հսկողության 2013 թվականի ծրագրով ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի ֆինանսական վերահսկողության տեսչության կողմից պետական գերատեսչություններում հաշվետու ժամանակահատվածում ավարտվել և ամփոփվել են 29 ստուգումներ, 1 ստուգում կասեցվել է:
ՀՀ պետբյուջեի կատարման նկատմամբ հսկողության 2013 թվականի տարեկան արդյունքների վերաբերյալ հաշվետվությունն ընդգրկված էր ՀՀ կառավարության այսօրվա նիստի օրակարգում: Ըստ հաշվետվության` 2013 թ.-ի ընթացքում իրականացված աշխատանքներով 2008-2013թթ. արձանագրված գումարներից պետական բյուջե է վերականգնվել 1 մլրդ 273 մլն 690 հազ. դրամ:

Նախագիծը ներկայացրել է ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը, ով նշել է, որ նշված գումարից 516 մլն դրամը վերականգնվել է ՀՀ պետական բյուջե, 744 մլն 811 հազար դրամը պակասեցվել է ՀՀ պետական բյուջեով նախատեսված ֆինանսավորման ենթակա գումարներից, 12 մլն 498 հազար դրամը վերականգնվել է կազմակերպությունների հաշվին:

Իրականացված ծրագրային ստուգումներում ընդհանուր առմամբ ընդգրկվել են թվով 3 նախարարություններ (ՀՀ արտակարգ իրավիճակների , ՀՀ մշակույթի, ՀՀ կրթության և գիտության նախարարություններ), դրանց ենթակայության կազմակերպություններ, ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի ենթակայության թվով 2 հարկային տեսչություններ և 1 մաքսատուն: Ստուգումներ են իրականացվել նաև ՀՀ մարզերում (ՀՀ Լոռու և Գեղարքունիքի մարզերում)` ընդգրկելով 2 մարզպետարաններ, 4 քաղաքային համայնքներ և մարզպետարաններին ենթակա առողջապահական ընկերություններ:
2013թ. ընթացքում 6 գործեր ուղարկվել են ՀՀ գլխավոր դատախազություն, որոնցից 5-ի գծով հարուցվել են քրեական գործեր, պատասխանատու պաշտոնատար անձանց առաջադրվել են մեղադրանքներ:

ՀՀ Արարատի, Կոտայքի, Լոռու և Գեղարքունիքի մարզերում իրականացված ուսումնասիրությունների արդյունքներով արձանագրվել են նախագծանախահաշվային փաստաթղթերում աշխատանքների ծավալների, նյութերի գների, աշխատավարձի և մեքենա-մեխանիզմների միավոր արժեքների տվյալների ոչ ճիշտ կիրառման միջոցով նախահաշիվների ուռճացման և արդյունքում սահմանված գործող գներով շինարարական աշխատանքների արժեքից ավել գներով պայմնագրերի կնքման, կատարողական ակտերով ավել գումարների վճարման, փաստացի չկատարված (սակայն դրանց դիմաց վճարված) աշխատանքների փաստեր, գործող մի շարք իրավական ակտերով սահմանված պահանջների խախտումներ:

Հանձնարարականի շրջանակներում ՀՀ Արարատի մարզպետարանում իրականացված ուսումնասիրությունների ընթացքում Արտաշատի քաղաքային լճի վերակառուցման և շրջակա տարածքի բարեկարգման աշխատանքների ստուգման արդյունքում կազմվել է միջանկյալ ակտ, որն ուղարկվել է ՀՀ հատուկ քննչական ծառայությանը: Հարուցվել է քրեական գործ:
Միաժամանակ, հաշվետու ժամանակաշրջանում լուծարային հանձնաժողովների աշխատանքների արդյունքում լուծարվել են 12 կազմակերպություններ, սնանկ ճանաչելու նպատակով 7 ընկերությունների դիմումները ներկայացվել են ՀՀ ընդհանուր իրավասության դատարաններ: 2013 թվականի ընթացքում ՀՀ կառավարության կողմից ընդունվել են 6 կազմակերպությունների լուծարման մասին որոշումներ:

Կառավարությունն այսօր հավանության է արժանացրել «Կագա Ագրո» ՍՊԸ-ի կողմից իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծվող 200 միլիոն դրամը գերազանցող ապրանքների` ավելացված արժեքի հարկի վճարման ժամկետը 2014 թվականի մայիսի 10-ից երեք տարով հետաձգելու որոշման նախագծին: ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը նշել է, որ ծրագրի շրջանակներում «Կագա Ագրո»-ն նախատեսում է ներդնել 834 մլն դրամ` Կոտայքի մարզում կառուցել 2 հա ջերմոցային տնտեսություն` հագեցնելով այն տվյալ բնագավառում առկա հոլանդական արտադրության ժամանակակից սարքավորումներով: «Ներդրումային ծրագրի իրագործման արդյունքում կստեղծվի մոտ 40 աշխատատեղ՝ միջին աշխատավարձը կազմելով 2015թ.` 75, 2016թ.`80 և 2017թ.` 90 հազ. դրամ»,- ասել է Ճշմարիտյանը:

Որոշման արդյունքում կլինի ներդնել հոլանդական արտադրությամբ ժամանակակից սարքավորումներ, ինչի միջոցով ընկերությունը նախատեսում է արտադրել տարեկան շուրջ 0.56 մլրդ դրամի արտադրանք (2015թ), որի գերակշիռ մասը կարտահանվի ՌԴ և Վրաստան:

ՀՀ կառավարության մեկ այլ որոշմամբ էլ կիրականացվի Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի անվանոփոխություն: Այն այսուհետ կկոչվի «Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպություն:

Հիմնավորման համաձայն` համալսարանի անվանափոխությունը նոր հեռանկարներ կարող է բացել բուհի հետագա զարգացման համար, միաժամանակ համալսարանի ձեռնարկատիրական գործունեության ընդլայնված ոլորտների միջոցով հնարավորություն կձռնվի ապահովվել նոր և լրացուցիչ ֆինանսական մուտքեր: «Կանոնադրության ընդունումը պայմանավորված է նախ և առաջ բուհի անվանման փոփոխությամբ: Բուհի անվանման փոփոխությունը պայմանավորված է նրա առջև դրված նոր խնդիրներով և նպատակներով: Համալսարանն այսօր մասնագետներ է պատրաստում ոչ միայն լեզվաբանական և մանկավարժական, այլ նաև հասարակագիտական ուղղություններով /քաղաքագիտություն, եվրոպագիտություն, միջազգային հարաբերություններ, տեղեկատվության և հանրային հաղորդակցության տեխնոլոգիաներ, միջազգային տուրիզմ, միջազգային լրագրություն և այլն/: Անվանումն ընտրելիս մեծապես հաշվի է առնվել նաև համալսարանում տարիների ընթացքում ձևավորված ավանդույթները և միջազգային փորձը»,- նշված է նախագծի հիմնավորման մեջ:

Ըստ դրա` անհրաժետություն է առաջացել նաև բուհում կատարել կառուցվածքային փոփոխություններ, ստեղծել նոր կառուցվածքային միավորներ:
/վարչություններ, գիտաուսումնական կենտրոններ և այլն/:

Back to top button