Երկրորդ շնչառությունՀասարակություն

Տարիքային խտրականություն՝ էյջիզմ աշխարհում և Հայաստանում․ «Երկրորդ շնչառություն»

Տարիքային խտրականությունը՝ էյջիզմը, առավելապես դրսևորվում է աշխատանքային հարաբերություններում, երբ մարդուն որոշ թափուր հաստիքներում չեն դիտարկում տարիքի պատճառով, եթե անգամ նրա գիտելիքներն ու կարողությունները բավարարում են այդ պաշտոնը զբաղեցնելու համար:

«Ամբողջ աշխարհում մեծ պայքար է տարվում այդ երևույթի դեմ, Հայաստանում էլ է այն դրսևորվում՝ պայմանավորված սոցիալ-տնտեսական, մշակութային առանձնահատկություններում: Մեզանում դեռ կան հայտարարություններ, որոնցում փնտրում են երիտասարդ մասնագետ»,-արձանագրում է «ԴատաԱրտ» ընկերության փոխտնօրեն, մարդկային ռեսուրսների փորձառու կառարվարիչ Իշխան Մարգարյանը՝ ավելացնելով, որ տարիքային խտրականության դեմ պայքարելու և կարծրատիպեր կոտրելու տեսակետից «Երկրորդ շնչառությունը» կարևոր նախագիծ է:

Նրա խոսքերով, ՏՏ ոլորտը, լինելով չափազանց արդունքամետ հիմնականում կարծրատիպեր կոտրող է, և, մասնավորապես, իրենց ընկերությունում, որի կարգախոսն է՝ «Մարդիկ՝ առաջինը», զերծ են որևէ տեսակի խտրականությունից:

«Հարկավոր է ուշադրություն դարձնել այն հանգամանքին, թե ինչ արժեք է մարդիկ գեներացնում և ինչ հմտություններ ունեն այդ արժեքները ստեղծելու համար, իսկ արտաքին տվյալներն էական չեն ու, այդ ամենը կարծրատիպային մոտեցման հետևանք է, որը գալիս է խորհրդային մտածելակերպից և անհրաժեշտ է անպայման հաղթահարել»,— համոզված է զրուցակիցս՝ նշելով, որ աշխատելով միջազգային կազմակերպություններում խտրականություններն ինձ համար չափազանց խորթ են:

Պատասխանելով այն հարցին, որ գուցե երբեմն էյջիզմն արդարացված է, ինչպես գեղեցկության սրահում բարեկազմ աղջիկներ աշխատանքի ընդունելով, նա նկատում է, որ հարցը մարքեթինգային տեսակետից դիտարկելու դեպքում խնամված հասուն մարդն ավելի լավ գովազդ է գեղեցկության կենտրոնի համար, քան երիտասարդ որևէ օրիորդ:

Մարդկային ռեսուրսների կառավարիչը խորհուրդ է տալիս տարիքային խտրականությունը կարծրատիպը կոտրել գլխում, մտքում, ինչն էլ զարգանալու և նոր մակարդակների հասնելու հնարավորություն կբացի:

«Մեր տարիքն ուղղակի թիվ է, հռոմեական կամ արաբական, ինչպես կուզեք, այն զուտ անհրաժեշտ տվյալ է մեզ բժշկական օգնություն ցուցաբերելիս: Եթե դու առողջ ես, ունես էներգիա, ցանկություն արարելու և սովորելու, քո տարիքն էական չէ»,- համոզված է զրուցակիցս:

Խոսելով շարունակական կրթության անհրաժեշտության և հնարավորության մասին՝ Ի.Մարգարյանն ասում է, որ 21-րդ դարում բոլորի համար էլ տարբերակներ կան սովորելու և դրա համար ոչ միջոցներ են հարկավոր, ոչ շատ ժամանակ, ամենուր կարելի է գտնել դասընթացներ, վիդեոներ, նոր գիտելիքներ ստանալու ռեսուրսներ:

Նա վստահ է, որ հատկապես ճգնաժամերի շրջանում ընկերությունները պետք է ոչ թե առաջինը կրճատեն վերապատրաստումների բյուջեները, այլ ընդհակառակը ավելացնեն, քանի որ միայն նոր գիտելիքներ ձեռքբերելով ու նոր հմտություններ զարգացնելով է հնարավոր հաղթահարել հենց նույն այդ ճգնաժամերը և նոր լուծումներ տալ նոր ի հայտ եկած խնդիրներին:

Back to top button