Կյանքին ասել այո՛Տեսանյութեր

Պատերազմը այն տեղն է, որտեղ զգացմունքները մեռնում են․ Ալբերտ Մեյրոյան․ «Կյանքին ասել այո՛»

Ալբերտ Մեյրոյանը ծնվել է 2001 թվականի նոյեմբերի 8-ին Երևանում։ Զբաղվել է լողով և ըմբշամարտով։ 2016-ին ընդունվել է ԵՊԲՀ-ի քոլեջի Ռազմաբժշկական ֆակուլտետ։ Ավարտելուց հետո 2020-ի օգոստոսին զորակոչվել է բանակ՝ ծառայության անցնելով ՀՀ Զինված ուժերի Ճամբարակի զորամասում։ Օրեր անց տեղափոխվել է Արցախ՝ Մատաղիսի զորամաս։ Բուժակ Ալբերտ Մեյրոյանն ընդամենը տասնվեց օր էր անցկացրել այս զորամասում, երբ պայթեց 44-օրյա պատերազմը։

«Տեսարաններն աննկարագրելի են․ անվերջ վիրավորներ, արյուն, մահ, իսկ հոկտեմբերի երկուսն իմ վերջին օրն էր պատերազմի դաշտում»,-պատմում է Ալբերտը։ Հոկտեմբերի երկուսին դեպի Մարտակերտ ուղևորվող մեքենան պայթեցնում են, մեքենայում գտնվող յոթ հուգուց չորսը մահանում են, Ալբերտը ծանր վիրավորվում է։ Հետագայում գիտակցության գալուց հետո է իմանում, որ փրկվել է ավտոմեքենայում ողջ մնացածներից մեկի շնորհիվ միայն։ «Երբ պատմում էր, թե ինչպես է ինձ հանել այրվող մեքենայից, փշաքաղվում էի»,-ասում է Ալբերտը։

Պատերազմից հետո փոխեց բժիշկ դառնալու որոշումն ու սկսեց հետաքրքրվել ՏՏ ոլորտով։ Հենց այդ օրերին էր, որ զանգ ստացավ «Մտքի զարկ» ՀԿ-ի հիմնադիր Արմեն Բայրամյանից՝ կազմակերպության նախաձեռնած ծրագրավորման դասընթացներին մասնակցելու առաջարկությամբ։ Մասնագիտական կողմնորոշման առումով դասընթացը որոշիչ դարձավ․ 2021-ին ընդունվեց Հայ-Ռուսական համալսարանի «Ակտուարական և ֆինանսական մաթեմատիկա» բաժին։ Ամեն օր համոզվում է, որ կրթությունը կարևոր զենք է։ Պատերազմը Ալբերտին սովորեցրել է ավելի սառը լինել, որովհետև դա այն տեղն էր, որտեղ, ինչպես ասում է, զգացմունքները մեռնում են։ Իսկ վերադարձից հետո ամեն ինչ չէ, որ հնարավոր է թողնել պատերազմի դաշտում։

Back to top button