
Աիդա Ավետիսյան
«Ռադիոլուր»
Յուրաքանչյուր ժողովուրդ ստեղծել է իր ավանդական պարային լեզուն: Պարը ժողովրդական արվեստի ամենահին արտահայտություններից է։ Կյանքի շրջադարձային իրադարձությունները տոնելու համար մարդիկ միշտ են պարել: Պարը որպես ինքնադրսևորման միջոց այնպես է արմատավորվել ազգերի մեջ, որ միջազգային տոն ունի օրացույցում: Հայաստանում օրվա հետ կապված միջոցառումները բազմազան են: Այս անգամ տոնը մեզ հետ նշելու են վրացիները:
Հերթական մշակութային երկխոսությունն այս անգամ հարևան Վրաստանի հետ: Հայաստանում կազմակերպվել է «Ազգերի բարեկամություն» խորագրով համերգ-փառատոն: Կազմակերպիչները «Միլեն» շոու-բալետ ժամանակակից հայկական պարի դպրոց ստուդիան է և Վրաստանի պարարվեստի միությունը։ Համատեղ համերգը կկայանա այսօր Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում: Իսկ մինչ համերգը տեղի կունենա պարային դեֆիլե:
Տոնական երեկո, ուրախ մթնոլորտ է խոստանում «Միլեն» շոու-բալետ ժամանակակից հայկական պարի դպրոց- ստուդիայի գեղարվեստական ղեկավար Արթուր Եղոյանը: Կմասնակցեն և պրոֆեսիոնալ, և սիրողական անսամբլներ։
Վրաստանի պարարվեստի միության փոխնախագահ Յուրի Տորաձեն շնորհավորեց պարի միջազգային օրվա կապակցությամբ և ուրախ է, որ այս օրը նշելու են բարեկամ հայերի հետ։ «Մենք շատ ուրախ ենք, որ մեզ հրավիրել են մասնակցելու այսօր կայանալիք տոնական միջոցառմանը: Մենք եկել ենք 300 պարողներով եւ հուսով ենք, որ փառատոնը կանցնի ջերմ մթնոլորտում»։
Յուրի Տորաձեի տեղեկացմամբ` միայն Թբիլիսիում այսօր պարում է մոտ կես միլիոն մարդ: Նրա խոսքով` վրացիները հետաքրքրված են ազգային պարերով և մեծ ուշադրություն են դարձնում մշակույթի այս ճյուղին: Վրաստանում հունիսի 11-ին նշվում է վրացական պարի օր` ի հիշատակ Նինո Ռամիշվիլիի: Այս տարի կազմակերպվող միջացառմանը մասնակցելու են նաև հայկական պարային խմբեր:
Հուլիսի 1- 14-ը Վրաստանի մի շարք քաղաքաներում`Բաթումում, Քոբուլեթիում, Փոթիում, Զուգդիդիիում տեղի կունենա պարի փառատոն: Հայաստանցի գործընկերներն արդեն ստացել են հրավերը: Վրացի պարուսույցները կարևորում են նման միջոցառումները, որոնք հնարավորություն են հատկապես երիտասարդներին ճանաչել միմյանց մշակույթն ու պատմությունը:
«Միլեն» շոու-բալետ ժամանակակից հայկական պարի դպրոց- ստուդիայի գեղարվեստական ղեկավարի խոսքով` իրենք եւս հանդես են գալիս հայկական օրացույցում ազգային պարի օր ունենալու նախաձեռնությամբ։




