Վերնատուն

Արթուն լինելու գաղափարը՝ համամարդկային կոչ․ «Գուրջիև» համույթի նոր սկավառակը․ «Վերնատուն»

«Զարթիր» սկավառակը «Գուրջիև» համույթի նոր, թվով երրորդ սկավառակն է։ Սկավառակում ընդգրկված է Գեորգի Գուրջիևի ծիսական պարերի, շարժումների համար գրված երաժշտությունը, ներառված են նաև Բաղդասար Դպիրի, Սայաթ-Նովայի և Ջիվանիի ստեղծագործություններից։

Ալբոմը թողարկել է հեղինակավոր ECM Records ձայնագրման ընկերությունը։ Համույթի հիմնադիր և գեղարվեստական ղեկավար Լևոն Էսկենյանն ասում է, որ Գուրջիևի վրա մեծ ազդեցություն են թողել աշուղական հանդիպումները, այդ պատճառաով որոշել է ձայնասկավառակում ընդգրկել աշուղների գրածերից, նաև կարևորում է հատկապես Սայաթ Նովայի երաժշտության ներկայացումը միջազգային հանրությանը։

Հայ միջնադարյան և աշուղական երաժշտությանն ու Գուրջիևյան փիլիսոփայությանը զուգահեռ՝ համերգային ծրագրերում անդրադարձ է լինելու նաև Սերգեյ Փարաջանովին, հոբելյանական 100-ամյակի առիթով նախատեսվում է նաև ռեժիսորի ֆիլմերի հետահայաց ցուցադրություն։

«Գուրջիև, Սայաթ–Նովա, Փարաջանով․ այս երեքի հետաքրքրության սահմանը նույնն է՝ արևելյան իմաստնությունը»,– նշում է Լևոն Էսկենյանը։

Ասում է՝ արթուն լինելու գաղափարը գոյություն ունի բոլոր ուսմունքներում և կրոններում։ «Գուրջիևի ուսմունքն աշխարհի շատ հայտնի մարդկանց վրա է իր ազդեցությունը թողել․ բիզնեսմեններ, պարուսույցներ, երաժիշտներ, բժիշկներ։ Հարմոնիկ զարգացումն այսօր, առավել քան երբևէ, պետք է», – ասում է Լևոն Էսկենյանը՝ նշելով, որ համերգների կամ փառատոնների կոնցեպտը հաճախ կապվում է ներկա իրողությունների, համամարդկային թեմաների հետ։

««Զարթիրը» համամարդկային կոչ է պատերազմների, գլոբալ տաքացման դեմ, ամեն ինչ նույն բանից է գալիս՝ մարդու «քնած» վիճակից է մեր վերաբերմունքը՝ բնությանը, միջավայրին թե իրար հանդեպ», – ասում է Լևոն էսկենյանը։

Back to top button