ԿարևորՀասարակություն

Քաղաքացիությո՞ւն, թե՞ փախստականի կարգավիճակ․ միգրացիոն ծառայությունը պարզաբանել է

Նախորդ ամսվա տվյալներով  փախստականի վկայական է ստացել Արցախից բռնի տեղահանված 150–ից ավելի անձ։ Արցախցիներից շատերը դժվարանում են որոշում կայացնել՝ ընտրել փախստականի՞, թե՞ քաղաքացու կարգավիճակը։ Իրավական այս երկու կարգավիճակները ենթադրում են իրավունքների և պարտականությունների տարբեր ծավալներ՝ պարզաբանում է Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը՝ անդրադառնալով այն հարցերին, որոնք հաճախ է ստանում արցախցիներից։

Արցախցի Ասյա Գրիգորյանը դժվար ընտրության առաջ է կանգնել, չգիտի՝ ընդունի ՀՀ քաղաքացիությո՞ւն, թե՞ մնա փախստականի կարգավիճակում։ «Կոնկրետ  հիմա մենք մտորումների մեջ  ենք, մենք էլ չգիտենք ՀՀ քաղաքացիություն, թե՞ փախստականի կարգավիճակ ընդունենք։ Քանի որ ամուսինս ուժային կառույցում էր աշխատում, հիմա փաստի առաջ ենք կանգնել․ աշխատանք են առաջարկում այն դեպքում, եթե քաղաքացիություն ընդունի, իսկ եթե քաղաքացիություն ընդունի, կզրկվենք  փախստականի կարգավիճակից »

Ասյան միակը չէ, որ այս մտավախությունն  ունի։ Արցախցիներից շատերը չեն կողմնորոշվում՝ դժվարանալով որոշում կայացնել։

«Մեզ ասում են՝ պետք է ՀՀ քաղաքացիություն ունենաք , մի պահ էլ վախենում եմ կորցնել այն ամենը, ինչ ունեցել եմ Արցախում, երկու տուն, որոնց փաստաթղթերը ինձ հետ են»։ 

«Ճիշտ ասած՝ շատ դժվար հարց է, մենք հստակ չգիտենք՝ այստեղ մնալո՞ւ ենք․ թե՞ չէ, շատ կուզենք  մնալ, բայց մնալու համար մեզ անհրաժեշտ է աշխատանք։ Ճիշտ է, հիմա աշխատում եմ, բայց բավական ցածր է վարձատրությունը, ու չենք կարողանում տան վարձը տալ։ Մտավախություն ունեմ, որ կզրկվեմ նպաստներից, որը ստանում ենք»։

ԼՂ-ից բռնի տեղահանվածները ՀՀ քաղաքացիություն ստանալուց հետո էլ շարունակելու են օգտվել աջակցության ծրագրերից՝ պարզաբանել է Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը՝ անդրադառնալով նաև այլ հարցերի, որոնք հաճախ է ստանում արցախցիներից։

Արդյո՞ք ՀՀ քաղաքացի դառնալով՝ ԼՂ բնակիչը չի վտանգում, որպես փախստական, տարբեր սոցիալական աջակցության ծրագրերից օգտվելու հնարավորությունը, որ կարող են իրականացվել հետագայում:

Ոչ, քանի որ ՀՀ կառավարությունը ժամանակավոր պաշտպանության է վերցրել ԼՂ բնակիչներին՝ պարզաբանում է ծառայությունը և մանրամասնում՝տեղահանության հետևանքով արձանագրված իրավունքների խախտումները, այդ թվում՝ գույքային կորուստները, չեն անհետանում կամ դադարում գոյություն ունենալուց՝ մարդու իրավական կարգավիճակի փոփոխության հետևանքով։ Իսկ  արցախցիներին  փախստականի կարգավիճակ տրամադրվել է մեկ տարի ժամկետով՝ երկարաձգման հնարավորությամբ։

Իսկ ի՞նչ է իրենից ենթադրում  փախստականի կարգավիճակը։

Փախստականի կարգավիճակ ունեցող անձը չունի զինապարտության պարտավորություն, համապետական ընտրություններին ընտրելու և ընտրվելու իրավունք։ Չունի նաև հանրային պաշտոն զբաղեցնելու իրավունք, սակայն ունի համայնքային ծառայության պաշտոն զբաղեցնելու իրավունք։

Փախստականի կարգավիճակն անձին այլ երկրներում օրինական հիմունքներով բնակվելու հնարավորություն ինքնաբերաբար չի ընձեռում՝ ասում է Միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Արմեն Ղազարյանը։

«Լեռնային Ղարաբաղից տեղահանվածների համար առաջին ապահով երկիրը, որտեղ նրանք պաշտպանություն են ստացել, Հայաստանն է։ Ըստ այդմ, երբ նրանք գնում են 3-րդ երկիր կրկին ապաստանի հայց են ներկայացնում, ստացվում է, որ դա ոչ թե ապաստանի փնտրտուք է, այլ միգրացիոն տեղաշարժ։ Այդ պարագայում հավանականությունը կտրուկ նվազում է, որ նրանց եվրոպական երկրները կտրամադրեն ապաստան»։

Այսինքն՝ այլ երկրում օրինական հիմունքներով բնակության համար անձը պետք է անցնի տվյալ երկրի վարչարարական գործընթացներով, որոնք ենթակա են հաստատման կամ մերժման տվյալ պետության կողմից:

Back to top button