ԿարևորՀասարակությունՌեպորտաժներ

Ավելի քան 200 միլիոն դրամ՝ Երևանի կենտրոնի ամանորյա լուսավորության համար

Նախորդ տարվա համեմատ այս տարվա ամանորյա զարդարանքը գրեթե նույնը կլինի։ Ամանորյա տրամադրությունը, ինչպես անցյալ տարի, այս տարի ևս վստահվել է «Սինեմարտ» ընկերությանը։ Ի տարբերություն 2022-ի՝ այս տարի ընկերությունը խոստանում է ավելի քիչ վնասել հրապարակի շենքերի պատերը և ավելի քիչ անհանգստացնել քաղաքացիներին։ Բոլոր աշխատանքները կատարվում են գիշերային ժամերին։

Ամանորյա լուսավորությունն ապահովելու համար նոր սարքավորումների ու լույսերի կարիք չի առաջացել։ Հիմնականում օգտագործվել է անցյալ տարվա համար ձեռք բերվածը։ Դրանից, սակայն, ֆինանսական ծախսերը չեն նվազել։ Անցյալ տարվա 191 միլիոն դրամի փոխարեն այս տարի համայնքային բյուջեից հատկացվել է ավելի քան 202 մլն դրամ։ Գումարն առանց մրցույթի տրամադրվել է «Սինեմարտ» ընկերությանը։ Նույն ընկերությանն էր վստահվել նաև նախորդ տարվա տոնական ձևավորումը։ Միայն թե այս տարի խոստանում են նվազագույն միջամտություն՝ հրապարակի շենքերի պատերը լուսավորելիս։ Պատրաստվել են թեթև մետաղական կոնստրուկցիաներ, որոնց վրա ամրացվել են սարքավորումները։ Անցքեր լինելու են, բայց անհամեմատ փոքր թվով՝ հավաստիացնում է ամանորյա զարդարանքն իրականացնող ընկերության խոսնակ Լևոն Սարդարյանը։

Festive fireworks took place during the lightning of the main Christmas Tree on the Republic Square of Yerevan, Armenia

«Եթե մոտենաք սյուներին, կամ նայեք կամարներին, կտեսնեք, որ մետաղական կոնստրուկցիաների միջոցով են լույսերը ամրացված, ինչը հնարավորություն է տվել շատ փոքր դիամետրով միջամտություններ իրականացնել և էապես հեշտացնել լցոնման աշխատանքը»։

Նախորդ տարվա փորձը և քաղաքացիների դժգոհությունները  հաշվի առնելով ՝  այս տարի ձևավորման աշխատանքները իրականացվում են գիշերային ժամերին։

«Ի տարբերություն անցած տարվա, այս տարի աշխատանքները ցերեկային ժամերին չի իրականացվում՝ նվազագույնի հասցնելով անհարմարությունները։ Իսկ դա ևս հավելյալ ծախս է»։

Առանց մրցույթի մեկ անձից գնումը օրենքի շրջանակում է՝ ավելի վաղ պարզաբանել էր փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը։ Քաղաքապետարանում ընկերության հետ նախորդ տարվա համագործակցությունից գոհ են։

«Ամանորը մշակութային միջոցառում է, և հաճախ մշակութային միջոցառումները հենց մեկ անձից գնման ընթացակարգով են իրականացվում։ Պարզապես  որոշակի մշակութային միջոցառումների կազմակերպման հարցում որոշ ընկերություններ ավելի հմտացած են, որոշները՝ ոչ»։

Քաղաքի ձևավորման մեծ փոփոխություններ այս տարի չեն սպասվում։ Նորությունն ամանորյա մեծ տոնավաճառն է լինելու։ Չնայած բոլոր առարկություններին՝  երեխաների տոնական տրամադրությունը չեն փչացնելու։  Ավելին՝  նախատեսում են տոնը կենտրոնից մյուս վարչական շրջաններ տեղափոխել՝ միջոցառումներն առավել մասշտաբային դարձնելով։ Բայց 202 միլիոնը միայն կենտրոնի համար է հատկացվել, ընդ որում՝ գլխավոր տոնածառն այդ ծախսերի մեջ ներառված չէ։

Back to top button