ԿարևորՀասարակությունՌեպորտաժներ

Վավերագրություն, որի մեջ ցավ կա․ Արցախը՝ լուսանկարներով

Հայաստանի պատմության թանգարանում բացվել է «Հավերժի վավերագրություն․ Արցախ» լուսանկարչական ցուցահանդեսը։ Ներկայացվել են համանուն մրցույթի մասնակիցների ուղարկած 50-ից ավելի լուսանկարներ, որոնք պատմում են գոյության վտանգի տակ հայտնված հայկական մշակութային ժառանգության մասին: Մրցույթը հայտարարել են Հայաստանի պատմության և Եղիշե Չարենցի անվան գրականության ու արվեստի թանգարանները։

Լուսանկարիչ Ներսես Մատինյանը շատ է ճամփորդել Արցախում ու ամեն անգամ վավերագրել ճամփորդությունը՝ լուսանկարելով Արցախի հուշարձանները, մարդկանց, հոգևոր կենտրոնները։ Հայաստանի պատմության թանգարանում բացված «Հավերժի վավերագրություն․ Արցախ» լուսանկարչական ցուցահանդեսին ներկայացված էին Ներսեսի հինգ աշխատանքները։ Դրանցից մեկը՝ Մարտակերտի շրջանում գտնվող «Երից Մանկանց» վանքի  լուսանկարը, «Լավագույն վավերագրական լուսանկարչություն» անվանակարգում արժանացավ առաջին մրցանակի։

«Երբ այս լուսանկարը նկարեցի 2018 թ․-ին, այն ժամանակ արդեն վերականգման աշխատանքներ  էին սկսել։ Ես հավատում եմ, որ մեր կողմից վերականգնված տարբերակը կնկարեմ»,-ասում է լուսանկարիչը։

Լուսանկարիչն ասում է, որ այսօր նրան մի միտք է մխիթարում․ «Գուցե ինչ-որ առումով մենք զրկված մնացինք ճարտարապետական հուշարձաններից ու բնությունից, բայց արցախցիները  գոնե մեզ հետ են ու դրանով ենք մխիթարվում»։

Հայաստանի պատմության թանգարանում բացվել  է «Հավերժի վավերագրություն․ Արցախ» լուսանկարչական ցուցահանդեսը։

Ցուցադրվում են  համանուն մրցույթի մասնակիցների ուղարկած 50-ից ավելի լուսանկարներ, որոնք ներկայացնում են Արցախի պատմամշակութային ժառանգությունը։ Կազմակերպիչները փորձում են նաև այս կերպ այցելուների ուշադրությունը սևեռել հուշարձանների պահպանության հրատապության վրա, որոնք վերացման վտանգի տակ են 2020 թ. 44-օրյա պատերազմից և 2023 թ. սեպտեմբերին Արցախի բնակչության բռնի տեղահանությունից հետո։

Հայաստանի պատմության թանգարանի տնօրեն Դավիթ Պողոսյանն ասում է, որ նման ցուցահանդես կազմակերպելը ծրագրված չէր, գաղափարն առաջացել է  մրցույթի ընթացքում։

«Ցուցադրություն կազմակերպելու գաղափարն առաջացավ՝ ելնելով այն իրավիճակից, որը, ցավոք, ունեցանք՝ Արցախի բռնազավթում, էթնիկ զտում»։

Իսկ լուսանկարները պատմում են գոյության վտանգի տակ հայտնված հայկական մշակութային ժառանգության մասին: «Լավագույն գեղարվեստական լուսանկարչություն» անվանակարգում մրցանակի արժանացած լուսանկարիչ Լիլիան Գալստյանը խոստովանում է՝ առաջին անգամ չի ուզում, որ իրեն շնորհավորեն մրցանակի համար։

«Չեմ կարողանում ուրախանալ,նույնիսկ երբ իմացա, որ մրցանակ եմ ստացել։ Իսկ ինչու մասնակցեցի, որովհետև ուզում եմ շատ խոսեն Արցախի մասին, մի տեսակ տպավորություն է, որ մոռանանք Արցախի մասին, ուզում եմ անընդհատ հիշենք, թե  ինչ ենք կորցրել։ Որ հիշենք ինչ ենք կորցրել , գո՞ւցե  մի օր փորձենք հետ բերել»։

Լիլիանը ներկայացրել էր «Մենք ենք, մեր սարերը» լուսանկարը։

«Ընկերուհիներով սովորություն ունեինք տարվա մեջ պարտադիր մի քանի օր անցկացնել Արցախում։ Եթե նույնիսկ տարբեր երկրներ էինք գնում, օգոստոսի վերջին օրերին պետք է անպայման լինեինք Արցախում։ Լուսանկարչական ապարատս էլ ամենուր հետս է։ Գնացել էինք Տատիկ-պապիկի հուշարձանի մոտ։ Հանկարծ պտտվեցի ու տեսա՝ արև, երիտասարդները բարձրանում էին դեպի հուշարձան։ Շատ խորհրդանշական ու գեղեցիկ պահ էր։ Նկարեցի։ Հիմա, որ նայում եմ՝ երիտասարդներ, արև, կարծես հույս է արթնանում, որ մենք էլի մի օր այնտեղ ենք լինելու ու էլի հանգստանալու ենք, էլի լուսանկարելու եմ Արցախը՝ իր անկրկնելի բնությամբ ու հուշարձաններով»,- ասաց Լիլիան Գալստյանը։

Հատուկ մրցանակի արժանացավ Արցախից Մարիա Մինասյանը։ Նա լուսանկարել էր Ստեփան Շահումյանի  արձանը։ Ցուցադրության համադրող Մարինե Հարոյանն ասում է, որ  ներկայացված լուսանկարների մեջ փնտրում էր վավերագրություն ու տեսավ Շահումյանի արձանը։

«Ցավոք, հենց այդ օրերին Արցախում Ստեփան Շահումյանի արձանը վանդալիզմի էր ենթարկվել»,- ասաց նա։

«Հավերժի վավերագրություն․ Արցախ» լուսանկարչական ցուցահանդեսը այցելուների համար բաց կլինի մեկ ամիս։

Back to top button