ԿարևորՀասարակություն

Ոչ սպանդանոցային միսը կայրվի, տուգանքը կմեծանա

Դեկտեմբերի 6-ից մսամթերքի վաճառքի պայմանները կխստացվեն։ Օրենսդրական փոփոխությունները տեսչական մարմնին թույլ կտան առգրավել և ոչնչացնել ոչ սպանդանոցային ծագման միսը։ Սպանդանոցային ծագման պարտադիր պահանջը գործում է վաղուց, սակայն շատերը չեն հետևում դրան։

Արդյունքում՝ շուկայում դեռ արձանագրվում են խախտումներ։ Նախատեսվում է նաև փոփոխություններ կատարել վարչական իրավախախտումների մասին օրենքում՝ ավելացնելով տուգանքների չափը։ 

Ֆերմայից մինչև սեղան կենդանական ծագման մթերքը ՍԱՏՄ ուշադրությունից չի վրիպի։ Դեկտեմբերի 6-ից ոչ սպանդանոցային մորթի արդյունքում ստացված մսեղենն ամբողջությամբ կոչնչացվի։ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը զգուշացնում է՝ գործելու են օրենքի ողջ խստությամբ։

Տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ Սոնա Ծառուկյան. «Մեր հնարավորության սահմաններում ամենայն խստությամբ ենք գործելու։ Մեր սպառողները պետք է ավելի պահանջատեր լինեն։ Շատ դեպքերում, երբ ստուգումների ենք գնում, հարցնում ենք՝ ինչու 5-րդ ձևը չեք փակցրել, ասում են՝ ոչ ոք չի հարցնում, ոչ ոք չի ուզում»։

Օրենքի պահանջը չկատարելու դեպքերն էականորեն  շատացել են։ Էկոնոմիկայի փոխնախարար Աշխեն Շիրվանյանը հավաստիացնում է՝ ավելի խիստ են լինելու, նոր կարգավորումների շնորհիվ  փաստաթղթի կեղծումը բացառվելու է։ Իսկ հայտնաբերված ոչ սպանդանոցային ծագման մսեղենը ոչ թե կենդանաբանական այգիներին է տրամադրվելու, այլ ամբողջությամբ այրվելու է. ֆինանսական ծախսն էլ տնտեսվարողն է հոգալու։

«Սպանդի որոշակի հատված նկարահանվում է, և այդ  նկարահանումը ներկայացվում է և միայն այդ նկարահանման արդյունքում է հնարավոր ներբեռնել համար 5 ձևը։  Ոչնչացվելու է ոչ սպանդանոցային մորթից գոյացած ամբողջ խմբաքանակը։ Փոփոխություններ կլինեն նաև Վարչական իրավախախտումների մասին օրենսգրքում։  Մարդկանց շրջանում զգոնություն առաջացնելու համար պետք է բարձրացնել տուգանքի չափերը»։

Մսավաճառներն, իհարկե, գիտակցում են, որ մսամթերքը  պետք է լինի անվտանգ, մշակվի և արտադրվի հիգիենայի բոլոր նորմերին համապատասխանող միջավայրում, բայց դրա համար նաև համապատասխան պայմաններ ու հնարավորություններ են պետք։ Հայաստանում գրանցված  մոտ 100 սպանդանոցներից կեսն է գործում, այն էլ՝ ոչ ամբողջ հզորությամբ։ Տեսչական մարմնում և էկոնոմիկայի նախարարությունում համոզված են՝ պահանջարկի մեծացման հետ կշատանան նաև սպանդանոցները։

Աշխեն Շիրվանյան. «Եթե բոլոր սպանդանոցները գործեն լիարժեք, մենք այդ խնդիրը չենք ունենա։ Խնդիրն այն է, որ սպանդանոցները բացվում են, հետո տեսնում են, որ պահանջարկ չկա, փակվում են։  Մեր խնդիրն է, որ եղած բոլոր սպանդանոցները սկսեն լիարժեք գործել։ Բոլոր կարգավորումները նաև դրան են միտված»։

Մսավաճառների մտահոգությունները կառավարությունում ընդունում են։ Բայց օրենքն ընդունված է, առկա խնդիրներն էլ բիզնես կարգավորման ոլորտում են՝ ասում են տեսչականում։ Հասանելիությունը ապահովելու համար  սպանդանոցներից բացի կլինեն նաև սպանդանոցային տարածքներ։ Էկոնոմիկայի փոխնախախարը չի բացառում, որ մսեղենի վերահսկողության խստացումը կարող է նաև մսի գնի վրա ազդել, բայց ոչ ավելի, քան կգ-ում 100-200 դրամ։ Համոզված է՝ հանրային առողջությունը շատ ավելի թանկ է։

Back to top button