ԿարևորՀասարակություն

Մատենադարանում գիտական տոնախմբություն է․ Նարեկացին թարգմանվել է անգլերեն

Քառամյա դադարից հետո Մատենադարանում դարձյալ մեկնարկել է «Նարեկացիական ընթերցումներ» գիտաժողովը, որն անցկացվում է 2015 թվականից: Այս տարի այն նվիրված է գիտաժողովի հիմնադիր Հրաչյա Թամրազյանի ծննդյան 70-ամյակին։ Գիտաժովի ընթացքում կայացել է նաև Նարեկացու «Մատյան Ողբերգության» երկի անգլերեն թարգմանության շնորհանդեսը։ Նարեկացուն, սովորաբար, մասնագետները դասում են անթարգմանելի հեղինակների շարքում՝ հիմնավորելով, որ ստեղծագործության ուժը պայմանավորված է միայն գրաբարին հատուկ գեղեցկությամբ, անգամ աշխարհաբար թարգմանելիս այդ ուժը զգալիորեն կորչում է։

Նարեկացի թարգմանելը «Նարեկի» հետ աղոթելու լավագույն միջոցն է՝ նկատում է «Մատյան ողբերգությունը» անգլերեն թարգմանած հայագետ Աբրահամ Տերյանը։ Թարգմանիչը նշում է, որ Նարեկացու 95 աղոթքներն այնքան հարուստ են, որ յուրաքանչյուր էջի մասին հնարավոր է մեկ հատոր վերլուծություն գրել։ Տերյանը թարգմանելիս այնքան էր տարված նյութով, որ երբեմն անգամ տիկնոջը չէր լսում։

Աբրահամ Տերյան․ «Երբեմն-երբեմն տիկինս ինձնե բաներ մը կխնդրեր, մինչ ես «Նարեկ» կթարգմանեի։ Իմ պատասխանը հաճախ ինձ մի խանգարիր, Նարեկացու հետ աղոթում եմ կասեի։ Նարեկացի կարդալ, Նարեկացի թարգմանել, Նարեկացու հետ աղոթել է և որքան կարդա մարդ, որքան թարգմանե, որքան աղոթե, այն հանգրվանի կհասնի ուր ընթերցողը կամ թարգմանիչը արդեն հեղինակին հետ մտածում է, հեղինակին միտքը թափանցում է և այսպիսով կարելի է «Նարեկի» հետ աղոթել»։

«Նարեկը» թարգմանելուց առաջ Տերյանը դժվար թարգմանություններ էր նախաձեռնել, որոնք «նախապատրաստել են » «Նարեկին» մոտենալուն։ Մատյանից առաջ թարգմանել էր Նարեկացու տաղերը, գանձերը և ներբողները, ավելի վաղ՝ Կորյունի «Վարք Մաշտոցին»–ը։ Մատյանի թարգմանությունը հեղինակը նվիրել է Հրաչյա Թամրազյանին։ Հայ միջնադարյան մատենագրության ուսումնասիրության և միջազգայնացման համար Մատենադարանի տնօրեն Արա Խզմալյանը Աբրահամ Տերյանին շնորհեց «Մեսրոպ Մաշտոց» հուշամեդալը։ Արա Խզմալյան․

«Մատենադարանի նման կառույցը չէր կարող չանդրադառնալ մեր հոգևոր արժեքների, հայոց միջնադարի հոգևոր ժառանգության այնպիսի մի գագաթի, որպիսին է Գրիգոր Նարեկացին։ Անսպառելի է Նարեկացու ժառանգությունը, հետևաբար, անսպառելի է նրա շուրջ ծավալվող գիտական քննարկումը։ Նարեկացիական ընթերցումների շնորհիվ մենք հասու դարձանք և հնարավորություն ունեցանք տարբեր տարիների ընթացքում  առնչվելու մեր արտասահմանյան միջազգային հայագետների հետ, յուրացնելու նրանց գիտական փորձը»։

Գիրքը լույս է տեսել 2021թ-ին, սակայն թարգմանչի առողջական խնդիրներով պայմանավորված շնորհանդեսը հետաձգվել է։ Թարգմանիչ Արամ Թոփչյանը, անդրադառնալով Նարեկացու թարգմանությանը, նշում է, որ միշտ անհամոզիչ են թվացել միակողմանի մոտեցումները, թե Նարեկացու երկը կամ լիովին արձակ է, կամ լիովին չափածո․

«Աբրահամ Տերյանն իրավմամբ տարբերակված մոտեցում է ցուցաբերել։ Իրարից սահմանազատելով բանաստեղծական արձակն ու չափածոն։ Որտեղ պետք է կիրառելով հանգ ու բառերի բանաստեղծական կրկնություն։ Թարգմանական ամենից կարևոր սկզբունքներից մեկն այն է, որ պետք է առավելագույն չափով հարազատ մնալ բնագրին, բայց միաժամանակ ջանալ երգն առավելագույն չափով գեղեցիկ հնչեցնել թարգմանության լեզվով։ Թարգմանիչները լավ գիտեն, թե որքան բարդ խնդիր է սա, բայց Աբրահամ Տերյանը ընտրել է դժվարին ճանապարհը՝ հետևելով հարազատորեն և միաժամանակ գեղեցիկ թարգմանելու սկբունքին»։

10-րդ դարում հայ ժողովրդի մեջ ծնվել է մեկն ու բարձր աղաղակել, որ կամավին ողջ մարդկության մեղքերն է ստանձնում։ Ժողովուրդը բնազդորեն ձգվել է դեպի այդ ձայնը, իսկ այսօր այդ ձայնը շարունակում է հնչել նաև անգլերեն լեզվով՝ ասում է Մատենադարանի ավագ գիտաշխատող Արուսյակ Թամրազյանը․

«Նարեկացու աղոթքները միշտ ապրել են ժողովրդի բնազդի մեջ։ Որն է նրա խորհուրդը գուցե այս օրերին մեզ անհրաժեշտ է սա հասկանալ։ Կինոռեժիսոր Սակուրովն այս օրերում ասաց՝ դուք պետք է ստեղծեք, հորինեք Ձեր երկիրը։ Գուցե Նարեկացու նվիրվածության առեղծվածը մեկն է այն խորը գիտակցության բանաձևերից , որից հյուսվում է մեր կեցության հանգույցները։ Գուցե այստեղ է մեր ճակատագրի լավ կամ վատ , բայց մեր ճակատագրի բանալին, որ այսօր նորից պետք է փորձենք հասկանալ»։

Գրիգոր Նարեկացու պաշտանմունքն առաջ է ընկել ըմբռնումից․ «Նարեկացիական ընթերցումներ»-ը հնարավորություն են տալիս նոր շերտերով ընկալել աղոթամատյանը։

Back to top button