Նրանց ռոբոտները գնում են տիեզերական փոշու հետքերով․ կայացավ 15-րդ ArmRobotics-ը
Շնորհակալություն Արմատ 131-ին, մրցուղին Е-1-ին ենք տալիս։ Е-1, ո՞ւր եք։
Е-1-ը հանդարտ ու ինքնավստահ մոտենում է մրցուղուն, մեկ հայացք նետում Մարսի բազաներին, պահեստներին, արևային պանելներին ու ջրային ավազաններին։
Ի՜նչ հպարտ քայլվածքով ես գալիս։ Չշտապե՛ս, տեղավորի՛ր, տե՛ս ՝ամեն ինչ կարգի՞ն է, թե՞ չէ։
Անդամներից մեկը զգուշորեն մեկնարկային գծի մոտ է դնում ռոբոտին․ շուտով կսկսի ընթացքը՝ առանց ստեղծողների միջամտության, կհայտնաբերի Մարսի գազային օջախները, ջրային ավազանը, կմաքրի տիեզերական փոշին․․․
․․․Էս ի՞նչ արեց, ի՞նչ պատահեց, շտապ կպցրեք․․․ Е-1-ի մոտ փոքրիկ խնդիր առաջացավ, հիմա արագ կվերադառնան։
Е-1-ը թողնում է Մարսի մրցուղին, վազում մյուս սենյակ, որն իրական ինժեներական լաբորատորիա է հիշեցնում։ Ամենուր լարեր, կպչուն ժապավեններ են․ այստեղ պետք է զգույշ քայլել՝ իրենց քայլերի ամրությունը ստուգող ռոբոտներին չվնասելու համար։
— Տակի «խալաստոյ» ակը պոկվեց։
— Հիմա կարող ե՞ք սարքել։
— Հա-հա, հիմա կկպցնենք։
Մինչ թիմը նորոգում է սարքի անիվը, մարսյան մրցուղուն է մոտենում մյուս խումբը՝ մյուս ռոբոտով։
Շատ կազմակերպված սարք է, տեսեք, իսկ ի՞նչ պատահեց, որ ճչանաչեց․․․
«Ես թիմի ռոբոտն եմ, ջրավազանում ջուր կա»
Նույն առաջադրանքը կատարելու համար այս սրահում 38 թիմ է հավաքվել, յուրաքանչյուրի ձեռքում՝ մեկ ռոբոտ։ Ընթանում է հայաստանյան ամենամեծ ռոբոտային առաջնությունը՝ ArmRobotics 15-րդը, որն այս տարի «Ինքնակառավարվող ռոբոտները Մարս մոլորակում» խորագիրն ունի։
«ArmRobotics-ը սկսվել է 2008-ից։ Այն ժամանակ դեռ «Արմաթ» լաբերը չկային ու էն ժամանակ մասնակցում էին տարբեր–տարբեր կազմակերպություններ, նոր էր ձևավորովում, նույնիսկ ընկերներ ունեմ, որ էդ առաջին տարիներին մասնակցել են, ու միտք է առաջացել, որ եթե ուզում ենք էս ամեն ինչը տարածվի ամբողջ երկրով մեկ, պետք է «Արմաթ» լաբորատորիաները բացվեն։ Ես համոզված եմ, որ այլ ուսումնական ծրագրեր էլ են էստեղից դուրս եկել, որովհետև տարբեր կողմորից գալիս, մասնակցում են մրցույթին, ու ինքը իր նպատակին ծառայում է՝ խթանում է ռոբոտիկայի զարգամանը Հայաստանում»,- մրցույթի մանրամասները ներկայացնում է կազմակերպող Հայաստանի առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության նախագահ Սարգիս Կարապետյանը։
Մրցույթն ընթանում է 2 տարիքային խմբով՝ մինչև 13 տարեկանների՝ 24 խումբ, և 14-ից բարձր տարիքայինների՝ 14 խումբ։ 38-ից միայն երկուսն են, որ Արմաթ լաբերատորիաների ներկայացուցիչներ չեն։
«Մյուս տարի ավելի լավ կաշխատենք, որ ավել շատ լինեն դրսի թիմերը, որ դա չլինի զուտ միայն «Արմաթ»-ի ներքին մրցակցություն, որ ավելի լայն շրջանակներով մրցակցեն»։
Իրենց ռոբոտներից բացի ուրիշ ոչինչ չնկատող երեխաների ուշադրությունը գրավելու փորձությունը հաղթահարելու հարցում ինձ օգնեց Ալեքս Չիչյանը։ Պատմեց՝ 11 տարեկան է, Շուշիից։ Հիմա մի քիչ հանգիստ է՝ իրենց խմբի ռոբոտը արդեն անցել է մրցուղու ողջ երկայնքով, կատարել վարժությունները։ Կարող է խոսել․
— Ես ամենասկզբից տեսել եմ, ամերիկյան հեռուստաալիքներով ցույց էին տալիս մրցումները, ես ասում էի՝ ռոբոտները սկսվեցին, ես պետք է նայեմ։ Իհարկե, շահագրգռվեցի, ուզեցի մտնել։ Ճիշտն ասած՝ ես այդ ժամանակ փոքր եմ եղել, և ինձ չեն թուլատրել մտնել Արմաթ խմբակի, բայց եղել են Շուշիում։ Երբ 10 տարեկան դարձա 2022 թվականին, ես փորձեցի մտնել Արմաթ խմբակ, բայց քանի որ ապրում էի Ստեփանակերտի ծայրամասում այնտեղ չկար խմբակներ ու չկարողացա հաճախել։ Դե 23 թվականին քանի որ բլոկադան ընկավ, ես էլ տեղափոխվեցի կենտրոն, այնտեղ ավտոմեքենան կար, բայց վառելիք չկար, որ ես հաճախեի Արմաթ։ Շատ էի ցանկանում, բայց տեսահոլովակներով էի հետևում նրանց։ Ուրախ եմ, որ եկել եմ Գյումրիի ANDROID խմբակ։
— Հիմա Գյումրիո՞ւմ ես ապրում։
— Այո։
Ալեքսն իր թիմի հետ մեր զրույցի պահին 4-րդ հորիզոնականում էր, սպասում էր՝ մյուս ելույթներին և ըստ դրա՝ հավանական տեղաշարժերին։ Երեխաներից ոչ պակաս լարված սպասում են մարզիչները։ Շահեն Արաբաչյանի անհանգստությունը կրկնակի էր՝ միաժամանակ Գեղարքունիքի մարզի և՛ Այգուտ, և՛ Մարտունի գյուղերի Արմաթների աշակերտների համար։
«Պատրաստել ենք երկու ռոբոտեր։ Կոնստրուկցիայով գրեթե նման ենք, բայց ծրագրային լուծումները և աշխատանքի սկզբունքը տարբերվում է։ Սա փորձնական է, որ իմանանք՝ մեր էդ նախատիպերից որը ինչքանով արդարացրեց։ Ըստ էության՝ երկուսն էլ արդարացրին։ Այս պահին դեռ առաջատարների մեջ ենք, տեսնենք՝ ընթացքում ոնց կլինի»։
Մրցութային օրվա ընթացքում 38 ռոբոտ անցավ մարսյան ճանապարհը՝ կարողանալով հայտնաբերել գազային օջախները, ջրային ավազանները, արևային էներգիայի վահանակները ծածկող տիեզերական փոշին կամ ձախողելով այս վարժությունները։
2008-ից մեկնարկած այս մրցույթը իր առաջնային խնդիրը կատարում է․ երեխաներն, օրինակ, լրատվամիջոցների հետ խոսելու փոխարեն նախընտրում են միտքն ամբողջովին լարել իրենց ռոբոտներին էլ ավելի ինքնուրույն դարձնելու, խնդիրներին էլ ավելի ճշգրիտ լուծումներ առաջարկելու ունակությունը զարգացնելու վրա։ Հաղթող թիմերը ստանում են դրամական պարգև, բոլորը՝ էլ ավելի շատ աշխատելու մոտիվացիա։