ԿարևորՌեպորտաժներՔաղաքական

Հնարավոր չէ չլինել ՀԱՊԿ-ում, բայց շարունակել մնալ ԵԱՏՄ-ում․ քաղաքագետ

ԵԱՀԿ նախարարների խորհրդի նիստի շրջանակում Սկոպյեում կայացել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ երկրների ներկայացուցիչների աշխատանքային հանդիպումը։  Ըստ ՌԴ ԱԳՆ-ի՝ կողմերը ճշգրտել են մոտեցումները ԵԱՀԿ օրակարգի առանցքային հարցերի վերաբերյալ, պայմանավորվել են ամրապնդել փոխգործակցությունը միջազգային այլ հարթակներում ևս։ Այդ հանդիպմանը Հայաստանի ներկայացուցիչը չի մասնակցել։ ԱԳՆ խոսնակը, տեղեկացնելով այդ մասին, հավելյալ մանրամասներ չի հայտնել։ Փորձագետները նկատում են՝ վերջին շրջանում Հայաստանի իշխանությունները հրաժարվում են ռուսական հարթակներում հանդիպման առաջարկներից՝ այս կերպ իրենց դիրքորոշումը Մոսկվայի քաղաքականության հանդեպ հստակ արտահայտելով։

Պաշտոնական Երևանն արդեն տևական ժամանակ չի մասնակցում Մոսկվայի առաջնորդած կառույցների նիստերին: Հայ փորձագետները նկատում են՝ այս կեցվածքով Հայաստանը ցույց է տալիս իր դժգոհությունը ՀԱՊԿ-ից։ Կառույցի նիստերին չմասնակցելով, սակայն,  հայտարարվում է, որ ՀԱՊԿ-ից դուրս գալու մտադրություն չկա։ Քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյանը սա կիսաքայլ է գնահատում։

«ՀԱՊԿ-ը Հայաստանի համար, փաստացի, չգործող կառույց է։ Եթե այն չի գործում և միաժամանակ, այսպես ասեմ, Հայաստանի հնարավորությունները սահմանափակել է, ապա նրանից պետք է ազատվել»։

Կիսաքայլերը փորձագետներին մտահոգվելու առիթ են տալիս․ ինչո՞ւ է Հայաստանը դեռ ՀԱՊԿ-ում, եթե այդ հարթակը թե՛ բոյկոտում է, թե՛ չի վստահում։  

«Հայաստանի իշխանություններ հայտարարություն, այո՛, անելու են, բայց որևիցե  լուրջ քայլ ՀԱՊԿ-ից և ԵԱՏՄ-ից դուրս գալու մենք չենք տեսնի»։    

Միջազգայնագետ Գրիգոր Բալասանյանը չի կարծում, որ առհասարական Հայաստանը ՀԱՊԿ-ից կամ ԵԱՏՄ-ից կարող է դուրս գալ, քանի որ, նրա խոսքով, մեկն առանց մյուսի չի կարող լինել, իսկ ԵԱՏՄ-ն տնտեսական շահավետ կառույց է Հայաստանի համար։  

«Այն եկամուտները, որոնք այսօր ստացվում են ԵԱՏՄ-ից , որոշիչ ազդեցություն ունեն Հայաստանի բյուջեի վրա։ Այս իրավիճակում ԵԱՏՄ-ից դուրս գալու մասին խոսելը, կարծում եմ, միավտություն է։ Իսկ մնալ ԵԱՏՄ-ում, բայց դուրս գալ ՀԱՊԿ-ից նույնպես հնարավոր չէ, որովհետև դրանք նույն համակարգի տարբեր բաղկացուցիչներն են»։

Քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյանը, սակայն, կարծում է, որ առաջնային խնդիրը սահմանափակումներից ազատվելն է և ոչ թե այլընտրանք գտնելը։

Ղևոնդյանի համոզմամբ՝ առանց ՀԱՊԿ-ի Հայաստանը շատ ավելի մեծ հնարավորություններ կստանա առաջին հերթին բանակի արդիականացման ու բարեփոխումների հարցում։

«Խնդիրը ոչ թե այլընտրանք գտնելն ու փոխարինելն է, այլ սահմանափակումներից ազատվելը, որից հետո արդեն մենք բաց և ազատ կկարողանանք հաղորդակցվել աշխարհի այլ ռազմական համակարգերի հետ և փորձենք տարբեր համակարգերի տարբեր տարրեր ներմուծել Հայաստան։ Ես նկատի ունեմ առաջին հերթին ռազմական տեխնիկա գնել ու բերել Հայաստան՝ հայկական բանակը վերազինելու, բարեփոխելու համար»։  

Միջազգայնագետ Գրիգոր Բալասանյանը, սակայն, նկատում է՝ հնարավոր չէ չլինել ՀԱՊԿ-ում, բայց շարունակել մնալ ԵԱՏՄ-ում։ Հիշեցնում է Միությունից Հայաստանի ստացած եկամուտների մասին։ Արդեն 10 տարի Հայաստանն անդամակցում է ԵԱՏՄ-ին և արտահանման ծավալներն այդ ընթացքում գրեթե 10 անգամ ավելացել են՝ ասում է միջազգայնագետը։ Այդ առումով բավականին խոսուն են նաև վիճակագրական վերջին տվյալները, ինչը և Բալասանյանին հիմք են տալիս համոզված լինելու իր եզրակացություններում։

«Չեմ կարծում, որ իշխանությունները կգնան կտրուկ քայլերի, որովհետև նրանք էլ հաշվում են և շատ լավ հասկանում են, որ սրանք միջոցներ են, որոնք հնարավոր չի ապահովել ԵՄ-ի կամ այլ ինտեգրացիոն միավորների հետ հարաբերություններ զարգացնելու կամ այդ ինտեգրացիոն միավորների մեջ մտնելու դեպքում»։

Հայաստանը վերջին ամիսներին բոյկոտել է ոչ միայն ՀԱՊԿ ձևաչափով անցկացված հանդիպումներն ու զորավարժությունները, այլ նաև ԵԱՏՄ և ԱՊՀ ձևաչափերով վերջին հանդիպումները: Չնայած դրան, հայտնի է, որ հաջորդ տարի Հայաստանը ԵԱՏՄ-ում նախագահող է լինելու։ 

Միջազգայանգետ Գրիգոր Բալասանյանը կարծում է, որ ուկրաինական պատերազմի ավարտից հետո, հետխորհրդային ամբողջ տարածքում, այդ թվում և Հարավային Կովկասում,  մենք կտեսնենք Մոսկվայի կողմից նոր քաղաքականություն, որն ավելի կոշտ կլինի։

«Այլևս երկու կամ երեք լարի վրա խաղալու հնարավորություն ոչ մեկին չի տրվելու։ Դա միայն Հայաստանին չի վերաբերում, որովհետև բազմաբևեռ աշխարհակարգ է ստեղծվում։ Արդեն Հայաստանի վարչապետն էլ ԵԱՀԿ գագաթաժողովի ժամանակ՝ այստեղ, հայտարարեց, որ միաբևեռ աշխարհակարգը կամ գործող աշխարհակարգը փլուզվում է և, հետևաբար, խնդիրներ են առաջանալու։ Այսինքն, դա բոլորն են հասկանում. գալու է նոր աշխարհակարգ, նոր խաղի կանոններուվ և, չբացառենք, մի օր գերտերությունները նստելու են և ուղղակի երկրագունդը կիսեն ազդեցության գոտիների։ Եվ ես վստահ եմ, որ Հայաստանը չի հայտնվելու Արևմուտքի ազդեցության գոտում, այսինքն՝ Հարավային Կովկասը չի լինելու Արևմուտքի ազդեցության գոտում»։    

Բալասանյանի դիտարկմամբ՝ տարածաշրջանում  Իրանն է բարձրաձայն դիրքորոշում հայտնում և հասել է այն բանին, որ թուրքական ազդեցությունը սկսել է նվազել Հարավային Կովկասում։ Նման իրավիճակում, ըստ Բալասանյանի, Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի առջև անխուսափելիորեն դրվելու է մեկ հարց՝ կողմնորոշվել, թե աշխարհաքաղաքական որ բևեռում են լինելու։   

Back to top button