ԿարևորՀասարակություն

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում նշվել է հայոց առաջին լուսավորիչների տոնը

Դեկտեմբերի 2-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին հիշատակեց հայոց առաջին լուսավորիչներ Սուրբ Թադեոս և Սուրբ Բարդուղիմեոս առաքյալների տոնը:

Դեռևս 2015 թվականին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի սրբատառ կոնդակով տոնը հռչակվել է Աստվածամուխ Սուրբ Գեղարդի ուխտի օր: Այդ օրը հավատացյալների օրհնության և երկրպագության համար դուրս է բերվում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում պահվող համաքրիստոնեական սրբությունը:

Շնորհառատ օրվա կապակցությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Սուրբ Հովհաննես Մկրտիչ և Սուրբ Վարդան մատուռ-մկրտարանում, հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, մատուցվեց Սուրբ Պատարագ: Պատարագիչն էր ՀՀ ԶՈւ հոգևոր առաջնորդ Հոգեշոնրհ Տ․ Մովսես վարդապետ Սարգսյանը։

Սրբազան արարողությանը ներկա էին թեմակալ առաջնորդներ, Մայր Աթոռում պաշտոնավարող եպիսկոպոսներ, միաբաններ և բազմաթիվ ուխտավորներ:

Սուրբ Պատարագի ընթացքում եկեղեցական թափորի առաջնորդությամբ Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսը մատուռ-մկրտարան բերեց աստվածամուխ Սուրբ Գեղարդը՝ օրհնելով ուխտավոր հայորդիներին։

 Իր քարոզում Հայր Սուրբը, անդրադարձ կատարելով տոնի խորհրդին, ի մասնավորի նշեց. «Սիրելի հավատացյալներ, պատմության ընթացքում, երբ որ հայ ազգը շեղվել է առաքյալների քարոզած հավատքից, հեռացել է նրանց հիմնած Առաքելական Սուրբ Եկեղեցուց ու դադարել է լսել իր հոգևոր առաջնորդներին, ընկել է փորձությունների մեջ։ Երբեմն որոշ շրջանակներ տարածում են այն թեզը, թե հայ ազգը թուլացավ, երբ քրիստոնեա դարձավ։ Սակայն իրականում ճիշտ հակառակն է, հայ ազգը թուլացավ, կորուստներ ունեցավ ոչ թե քրիստոնյա լինելու պատճառով, այլ քրիստոնյա չլինելու պատճառով։ Մեր ազգի դժբախտությունների պատճառը եղել է Մայր Եկեղեցուց հեռանալը և  առաքյալների քարոզած մաքուր հավատի ու քրիստոնեության պակասը։

Սուրբ Գրքում հստակորեն ասվում է, որ եթե Աստծո  կողմից տրված օրենքները չպահեք, ապա բոլոր ազգերից վերջինը կլինեք, դուք կցանեք ուրիշները կուտեն, պատերազմների մեջ կընկնեք, ձեր զավակները գերի կլինեն, կսփռվեք աշխարհով մեկ (տե´ս Ղևտ. ԻԶ 14-33), իսկ եթե Աստծո պատվիրանները պահեք, ապա պիտի հաջողեք ու հզորանաք, դուք հալածական կանեք ձեր թշնամիներին և Տերը ձեր երկրին խախաղաղություն կպարգևի (տե´ս Ղևտ. ԻԶ 3-8)»։

Հայր Մովսեսն ընդգծեց նաև, որ առաքյալների տոնը Հա­յաստանեայց Առաքելական Սուրբ Եկե­ղեցու նկատ­մամբ մեր սերն ու հա­վա­տար­մու­թյու­նը  վե­րա­հաս­տա­տե­լու և մեր  հայ­րե­րի ու վար­դա­պետ­նե­րի թո­ղած  ժա­ռան­գու­թյանն ու բա­րոյա­կան ար­ժեք­նե­րին հա­վա­տա­րիմ մնալու ուխտի օր է։

Վերջում Հայր Սուրբը հորդորեց հավատացյալներին աղոթքով հայցել Սուրբ Թադեոս և Սուրբ Բարթողիմեոս առաքյալների բարեխոսությունը հայ ազգի համար, որպեսզի Աստված առաքելական հավատքի մեջ զորացնի ու պահպանի մեր ժողվրդին և աստվածամուխ Սուրբ Գեղարդը շարունակի հրաշագործել հայոց կյանքում՝ ի պայծառություն Առաքելական Սուրբ Եկեղեցու և ի շինություն Հայրենիքի։

Սուրբ Պատարագի ավարտին Հայոց Հայրապետը «Պահպանիչ» աղոթքով և Սուրբ Գեղարդով օրհնեց ներկա ժողովրդին, ապա հավատացյալներին հնարավորություն ընձեռվեց երկրպագելու ու համբուրելու համաքրիստոնեական սրբությունը:

Աստվածամուխ Սուրբ Գեղարդը Մայր Աթոռի մարտուռ-մկրտարանում կմնա մինչև Երեկոյան ժամերգության ավարտը:

Back to top button