ԿարևորՀասարակությունՌեպորտաժներ

Ջուրը կէժանանա երկու դրամով․ ՀԾԿՀ որոշումը կգործի 2024-ի հունվարից

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը «Վեոլիա ջուր» ընկերությունից սակագնի ճշգրտման հայտ է ստացել։ Հայտն ուսւոմնասիրել են, հաշվարկներ արել ու որոշել են մոտ 2 դրամով նվազեցնել սակագինը։ Տնտեսվարողն առաջարկել էր սակագինն անփոփոխ թողնել։ Հանձնաժողովում ամեն տարի  սեփական նախաձեռնությամբ նաև էներգետիկ համակարգի ընկերությունների սակագներն են ուսումնասիրում։ Նախնական հաշվարկները պարզ կլինեն մինչև դեկտեմբերի 20–ը։ Այս պահին գազի սակագնի վերանայման հայտ օրակարգում չկա։

Մանրածախ ջրամատակարարման ծավալի փոփոխություն, սղաճ, մատակակարվող էլեկտրական էներգիայի սակագնի փոփոխություն, ջրային համակարգն այլ նպատակներով օգտագործելուց ստացված լրացուցիչ, ինչպես նաև խմելու ջուրը ոռոգման նպատակով մատակարարելու ընթացքում լրացուցիչ եկամուտ․ այս գործոնններով պայմանավորված ամեն տարի ջրի սակագինը վերանայվում է։ 2024-ն էլ բացառությւոն չէ․ դեռ օգոստոսին էր «Վեոլիա ջուր» ընկերությունը սակագնի ճշգտրման հայտ ներկայացրել։ Ընկերությունը առաջարկել էր սակագները թողնել նույնը։ Բայց ՀԾԿՀ մոնիթորինգ է արել , ուսւոմնասիրել է հայտը, հաշվարկներ արել ու որոշել է մոտ 2 դրամով նվազեցնել սակագինը։

ՀԾԿՀ սակագնային քաղաքականության վարչության պետ Աշոտ Ուլիխանյան․

«Սոցիալապես անապահովների համար 180 դրամ սակագինը կմնա նույնը, իսկ մյուս բաժանորդների համար 206 դրամ կդառնա՝ 208 դրամի փոխարեն։ Կառավարությունը, ամենայն հավանականությամբ, նորից կսուբսիդավորի, սպառողները կվճարեն 200․47 դրամ, նույնը ինչ որ 2023 թվականին»։

Մոտավորապես մեկ ամիս տևած մոնիթորինգի ընթացքում խախտումներ են հայտանաբերվել. «Սպառողների խորհրդատվություն» կազմակերպության նախագահ Կարեն Չիլինգարյանը նկատում  է՝ այդ խախտումները ամբողջ տարվա ընթացքում են եղել։ Ավելին, նույն սպառողը նորից է կրկնում սխալները.

«Պետք է հետևեին՝ արդյո՞ք վերացվել են խախտումները, անցնում է մեկ տարի, գնում ենք ու պարզվում է՝ նույն խախտումները նորից են արել»։

«Վեոլիա ջուր» ընկերության տնօրեն Մարիաննա Շահինյանն ասում է, որ ավելի քան 10 հազար խախտում են արձանագրել, և մատնանշում է՝ ենթակառուցվածքներն են մաշված։ Տնօրենը խոստովանում է՝ լավ կլիներ, որ սակագինը նույնը մնար։ Կոյուղու հետ կապված խնդիրների պակաս էլ չկա։ Միայն Երևանում շուրջ 17 մլրդ դրամի ներդրում է անհրաժեշտ այդ խնդիրները լուծելու համար՝ ասում է։ Երևանի կոյուղու խնդիրները լուծելու համար 2024-ին նախատեսում են 350 մլն դրամ ծախսել։ Շաբաթական կտրվածքով մոտ 500 կանչ են ստանում այդ խնդրի հետ կապված։

ՀԾԿՀ-ն ամեն տարի սեփական նախաձեռնությամբ էներգետիկ համակարգի ընկերությունների սակագներն է ուսումնասիրում՝ ասում է հանձնաժողովի սակագնային քաղաքականության վարչության պետ Աշոտ Ուլիխանյանը։ Նախագահ Գարեգին Բաղրամյանն էլ հավելում է․

«Այս պահին ընդհանուր ուսումնասիրությունն է իրականացվում, վերլուծում ենք հաշվեկշիռը, ամսվա վերջ երևի պարզ կլինի»։

Այս պահին գազի սակագնի վերանայման հայտ օրակարգում չկա։ 2022 թ ապրիլի 1-ից «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը մատակարարվող գազի կալորիայի ճշգրտում է իրականացնում։ Կառավարությունը տարեկան 31 միլիոն 790 հազար դոլար է վճարում «Գազպրոմ Արմենիա»-ին՝ որպես Հրազդանի 5-րդ էներգաբլոկի տարեկան հզորության վճար։ Հիմնավորման համաձայն՝ արձանագրությամբ սահմանված պայմանների իրագործումը նպաստում է Հրազդանի 5-րդ էներգաբլոկի վերագործարկմանը, ինչպես նաև հնարավորություն է ստեղծում,  որ տասը տարվա կտրվածքով հաստատուն պահվի Հայաստան մատակարարվող գազի գինը՝ 165  դոլար՝ 1000 խոր. մետրի համար։

Back to top button