ԿարևորՔաղաքական

«Խնդրեք հայերին, փորձեք լեզու գտնել, եթե ոչ, գործ կունենաք մեզ հետ»․ Վաշինգտոնի զգուշացումը Բաքվին՝ ըստ միջազգայնագետի

Միացյալ Նահանգների կողմից Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման կամ «խաղաղության պայմանագրի» ստորագրման հարցում որոշակի ակտիվություն է նկատվում։ ԱՄՆ պետքարտուղարի օգնականը խաղաղության հասնելու իրական հնարավորություն է տեսնում, նշում է, որ դրանից կարող են օգուտ քաղել տարածաշրջանի բոլոր երկրները։ Ջեյմս Օ՛Բրայենը խոսել է Կենտրոնական Ասիայից առևտուրը Ադրբեջանի ու Հայաստանի տարածքով Թուրքիա հասցնելու հնարավորության մասին, բայց նաև նախազգուշացրել, որ եթե այս հարցը փորձեն լուծել ոչ խաղաղ ճանապարհով, ապա ԱՄՆ կօգտագործի հնարավոր բոլոր գործիքները կանխելու նման առևտրային ճանապարհի ստեղծումը։ Փորձագետներից ոմանք սա հստակ ուղերձ են համարում ուղղված Բաքվին, ոմանք էլ ռուսական այսպես ասած «ֆորպոստին» փոխարինող ճանապարհային «կցորդի» որակում են տալիս։

Պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Նիկոլ Փաշինյանի ու Իլհամ Ալիևի հետ հեռախոսով քննարկել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության հասնելու ջանքերին ԱՄՆ-ի աջակցության կարևորությունը, վերահաստատել է աջակցությունը Հայաստանի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը և ընդգծել Հայաստանի հետ երկկողմ համագործակցությունը մեծացնելու ջանքերը։ Ալիևի հետ զրույցում Բլինկենը կարևորել է Վաշինգտոնի ներգրավվածության կարևորությունը խաղաղ գործընթացի շուրջ քննարկումներում։

Ադրբեջանական լրատվամիջոցները հաղորդում են, որ Ալիևը Բլինքենին բողոքել է, որ Հայաստանը 2023 թվականի սեպտեմբերի 11-ին Ադրբեջանի ներկայացրած խաղաղության պայմանագրի տեքստի վերաբերյալ առաջարկներին պատասխանել է 70 օր ուշացումով, ինչը վկայում է, որ Երևանը իբր փորձում է երկարաձգել խաղաղության գործընթացը։

Մինչ Բլինքենի՝ երկու երկրների ղեկավարների հետ հեռախոսազրույցը, պետքարտուղարի օգնական Ջեյմս Օ՛Բրայենն լրագրողներին ասել է, որ Միացյալ Նահանգները Ադրբեջանի և Հայաստանի համար խաղաղություն հաստատելու իրական հնարավորություն է տեսնում․

«Մեզ ոգեշնչում է, որ կողմերը խոսում են միմյանց հետ ինչպես միջնորդների միջոցով, այնպես էլ անմիջականորեն, ինչը հույս է ներշնչում, որ ողջ տարածաշրջանի համար օգուտ քաղելու իրական հնարավորություն կա։ Օրինակ, եթե Կենտրոնական Ասիայից առևտուրը հնարավոր լինի Ադրբեջանով և Հայաստանով հասցնել Թուրքիա, ապա այն կխթանի այդ առևտրային ճանապարհի վրա գտնվող բոլոր երկրների զարգացումը։ Եվ մենք ողջունում ենք դրա մի մասը լինելու հնարավորությունը»։

Քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանը ամերիկյան առաջարկները համարում է Հայաստան պետության ֆունկցիոնալ նշանակությունը՝ որպես Ադրբեջանի ու Թուրքիայի միջև ճանապարհային «կամուրջի» կամ ճանապարհային «կցորդի» դերակատարմամբ։ Վերլուծաբանը մասնավորապես գրում է․

«ԱՄՆ–ի համար կարեւոր է Կենտրոնական Ասիայից Եվրոպա առևտրային ճանապարհի ստեղծումը՝ Ադրբեջան, Հայաստան, Թուրքիա երթուղով: Միանգամայն ազնիվ է: Չի մոգոնում ավելորդ բաներ և չի սնուցում ավելորդ պատրանքներ, դիվանագետի համար առեվալագույնս պարզ ասում է թերևս, թե որն է ԱՄՆ նպատակը, և թե դրանից ինչ օգուտ կքաղի Հայաստանը: Վարչապետ Նիկոլ Փաշինյանն օրերս հայտարարում էր, որ պետք է վերափոխել Հայաստանի պետության ֆունկցիոնալ նշանակությունը, հայտարարելով, թե՝ «մեր շահերի գագաթնակետը պետք է լինի տնտեսական բարեկեցությունը»: Համադրելով դա ամերիկացի պաշտոնյայի խոսքին, ստանում ենք բավականին պարզ պատկեր՝ Հայաստան պետության ֆունկցիոնալ նշանակությունը Ադրբեջանի ու Թուրքիայի միջև ճանապարհային «կամուրջի» կամ ճանապարհային «կցորդի» դերն է»:

Պետքարտուղարի օգնական Ջեյմս Օ՛Բրայենը նաև զգուշացրել է, որ եթե որոշվի առևտրային ուղիներն ստեղծել  ոչ խաղաղ ճանապարհով, ապա Վաշինգտոնը կօգտագործի հնարավոր բոլոր գործիքները՝ կանխելու դա։ ԱՄՆ հստակ ակնարկել է կողմերին, թե ինչպես է պատկերացնում գործընթացը և թե ինչ հետևանքներ կունենա ուժի գործադրումը։

Միջազգայնագետ Դավիթ Կարապետյանը «Ռադիոլուրի» հետ զրույցում Օ՛Բրայենի այս հայտարարությունը, այսպես ասենք, «թարգմանում» է հետևյալ կերպ․

«Մեսիջը հետևյալն է՝ եթե Թուրքիայից Միջին Ասիա առևտրային ուղիներ բացվեն ստիպելով, Հայաստանի կամքին հակառակ, ապա ԱՄՆ կանի ամեն ինչ խափանելու համար դրանք։ Ընդ որում՝ խափանելու համար կօգտագործեն ձեռքի տակ եղած ողջ գործիքակազմը։ Այսինքն, ուզում է ասել՝ պայմանավորվեք հայերի հետ, եթե ուզում եք առանց որևիցե սադրանքների դիմելու, առանց քաղաքական դիվիդենտներ շահելու, ուղիղ տեքստով խնդրեք հայերին, եկեք ընդհանուր հայտարարի հայերի հետ և փորձեք Հայաստանի կամքը հաշվի առնելով, համագործակցելով ճանապարհը բացել, եթե ոչ՝ գործ կունենաք մեզ հետ»։

Ամերիկյան կողմի ուշադրության առանցքում է նաև նոյեմբերի 30-ին նախատեսված Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանազատման հանձնաժողովների հերթական հանդիպումը։ Պետքարտուղարի օգնականը հույս ունի, որ կողմերը շուտափույթ խաղաղության պայմանագիր կնքելու հարցում հետաքրքրություն են դրսևորում։

Միջազգայնագետ Դավիթ Կարապետյանի կարծիքով ԱՄՆ հիշաչար է և չի մոռացել, որ Բաքուն մերժեց Վաշինգտոնում հանդիպում կազմակերպելու հնարավորությունը և թերևս սրանով է պայմանավորված Վաշինգտոնի զգուշացումը։ Հիշեցնենք՝ Բաքուն հայտարարել էր․«Միացյալ Նահանգների միակողմանի մոտեցման հետևանքով այդ երկիրը կարող է կորցնել միջնորդի դերակատարումը»։

Back to top button