
Եռօրյա այցով Հայաստան է ժամանել ԵՄ Արտաքին գործողությունների ծառայության և Եվրոպական հանձնաժողովի ներկայացուցիչների պատվիրակությունը։ Նախատեսվում է, որ տարբեր հարթություններում կքննարկվեն ԵՄ-Հայաստան հարաբերությունները։ Փորձագիտական շրջանակներում նկատում են, որ Հայաստան-ԵՄ հարաբերությունները գնալով ռազմավարական բնույթ են ստանում։ ԵՄ պատվիրակության այցը հաջորդում է օրեր առաջ Հայաստանի և ԵՄ-ի միջև համաձայնագրի կնքմանը, որը վերաբերում էր ԵՄ դիտորդական առաքելության կարգավիճակին։
Հայաստան ժամանած ԵՄ պատվիրակության հանդիպումների առանցքում ԵՄ-ՀՀ կապերի խորացման և ամրապնդման հնարավոր ուղղություններն են: Հայաստանի համար կարևոր և առաջնային երկու հարց կա օրակարգում։ Հարցերից մեկն առնչվում է Հայաստանում ԵՄ դիտորդերի քանակի ավելացմանը, մյուսը՝ ԵՄ հետ վիզաների ազատականացմանը: Սպասվում է, որ ԵՄ պատվիրակության այցից հետո, արդեն դեկտեմբերին այդ հարցերը կքննարկի Եվրահանձնաժողովը։ Դեկտեմբերյան քննարկմանն ընդառաջ իշխանական շրջանակներում լավատեսական սպասելիքներ կան, այդ թվում՝ վիզաների ռեժիմի ազատականացման մասով։ Խնդիրը կարևորվում է, քանի որ դրանից բխելու է ԵՄ հետ Հայաստանի հարաբերությունների առարկայական զարգացումը։ ԱԺ Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը օրերս լրագրողների հետ զրույցում հայտնել է, որ տեղյակ են ԵՄ բոլոր 27 երկրների տրամադրվածությանը և տվյալ պահին աշխատում են կոնկերտ երկրների հետ: Որոշում կայացնելու համար անհրաժեշտ է բոլոր երկրների համաձայնությունը:
«Եթե նման որոշում կայացվի դա լինելու է Հայաստանի հետ վիզաների ազատականացման երկխոսությունը սկսելու մասին որոշում: Այսինքն՝ երկխոսությունը սկսելու մասին: Որպես կանոն երկխոսությունը սկսելուց հետո այն հասնում է իր վերջնարդյունքին: Այդպես դեռ չի եղել ԵՄ պատմության մեջ, որ երկխոսությունը սկսեն ու հետո ասեն՝ չէ, չենք անում: Երկխոսությունը սկսելուց հետո արդեն հարցի տեխնիկական կողմերն են լուծում»։
Հաշվի առնելով, որ Հայաստանը տեխնիկական քայլերի մեծ մասն իրականացրել է, Եղոյանը հույս ունի, որ գործընթացը Հայաստանի համար ավելի կարճ կտևի, քան, օրինակ, եղել է Վրաստանի դեպքում, որը 2 տարի է տևել։
Քաղաքագետ Գուրգեն Սիմոնյանը «Ռադիոլուրի» հետ զրույցում նկատում է, որ ԵՄ – Հայաստան հարաբերությունները ռազմավարական բնույթ են ստանում։ Ըստ փորձագետի՝ այդ մասին փաստող հանգամանքներից մեկը դիտորդական առաքելության կարգավիճակի վերաբերյալ համաձայնագրի ստորագրումն էր։ Ըստ փորձագետի՝ նախորդ շաբաթ ստորագրված այդ համաձայնագիրն ավելի շատ հայեցակարգային խնդիր է լուծում, քան պարզապես սահմանին դիտորդների ներկա գտնվելն ու դիտարկում իրականացնելը։
«Բովանդակային առումով՝ դա ԵՄ ասոցացման և Հյուսիսատլանտյան անվտանգային համակարգի մասը դառնալու հեռանկարն է խոստանում։ Որովհետև ՀՀ-ն ի վերջո պետք է գիտակցի՝ տարածաշրջանում միայնակ իբրև դերակատար չի կարող արտաքին մարտահրավերների հավասարակշռիչի ֆունկցիան ստանձնել։ Նոր դաշնակիցներ են պետք և հավասարարժեք մոտեցում ՝ քաղաքակիրթ աշխարհի հետ ասոցացվելու, և այս հանգամանքը մեզ այդ օժանդակությունը կտա»։
Իշխանության ներկայացուցիչները նույնպես նշում են, որ ԵՄ հետ ցանկացած աշխատանք անվտանգային բաղադրիչ ունի։ ԱԺ Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը, լրագրողների հետ զրույցում անդրադառնալով ՀՀ-ԵՄ հարաբերություններին, այսպիսի կարծիք է հայտնել.
«Ընդանրապես մեր համագործակցությունը ԵՄ և ԵՄ առանձին անդամ-պետությունների հետ իր բոլոր ասպեկտներով մեր անվտանգային ճարտարապետության կարևոր մասն է: Ինչպես նաև հարաբերությունների որակը ինքնին՝ հաշվի առնելով ԵՄ քաշը, փափուկ ուժի, տնտեսական լծակներ, Հայաստան-ԵՄ հարաբերությունների բովանդակության ընդլայնումը ինքնին մեր անվտանգային ճարտարապետության շատ կարևոր բաղադրիչներից է: Ընդ որում՝ բոլոր ոլորտներում»:
Քաղաքագետ Սուրեն Պետրոսյանի համար, մինչդեռ, ԵՄ դիտորդական առաքելության անվտանգային կոմպոնենտը նույնքան միանշանակ չէ՝ ելնելով քաղաքական և աշխարհաքաղաքական տրամաբանությունից։
«Սա, ցավով եմ ասում, բայց ավելի շատ ուղղված է հանրությանը՝ որպես «մեսիջ», որ տեսեք, ԵՄ-ի հետ ավելի են սերտացվում հարաբերությունները, և ավելի են գնում ինչպես ռազմական, այնպես էլ ռազմավարական տեսանկյունից խորացման, բայց, բնականաբար, սա մեծագույն միֆ է։ Այդպիսի բան չկա։ Եվ այս գործողություններն, ըստ էության, նաև շահագրգռում են մեր իշխանություններին՝ է՛լ ավելի հակառուսականության հարցում վերջին շտրիխները խփելու գործում»։
ԵՄ պատվիրակությունը Հայաստանում կանցկացնի 3 օր՝ մինչև նոյեմբերի 29-ը։ Այդ ընթացքում պատվիրակության անդամները հանդիպումներ կունենան Հայաստանի կառավարության, ՄԱԿ-ի և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ: Այցի շրջանակներում կազդարարվի Եվրոպական Միության և Հայաստանի Հանրապետության միջև ներդրումների համակարգման հարթակի մեկնարկը։




