ԿարևորՀասարակությունՌեպորտաժներ

ՏՏ ոլորտն այսօր էլ օգնության կարիք ունի․ հարկային արտոնությունից օգտվում է ավելի քան 4000 ընկերություն

Հայաստանում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը ներկայացնող շուրջ 9000 ընկերություն կա։ Տնտեսության մեջ գերակա ճյուղ հռչակված ոլորտը ներկայացնող նախարարության տվյալներով` այս ընկերությունների կեսից մի փոքր պակասը հարկային արտոնություններ ունեն․ այսպիսով՝ կառավարությունը փորձում է խթանել ոչ միայն ոլորտի, այլև ոլորտը ներկայացնող սկսնակ ընկերությունների զարգացումը։ Հարկային արտոնություններից զատ, պարբերաբար այլ աջակցման ծրագրեր ևս իրականացվում են։ Շուրջ մեկ տարի առաջ կառավարությունը պետբյուջեից ոլորտային ընկերություններին օգնելու համար 10 միլիարդ դրամ հատկացրեց, մինչդեռ այսօր էլ ոլորտը օգնության ու աջակցության կարիք ունի՝ վստահ են Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունում։

Այսօր Հայաստանում տեղեկատվական տեխնոլոգիաների ավելի քան 4000 ընկերություն օգտվում է հարկային արտոնությունից կամ, այլ կերպ ասած՝ վճարում է 0 տոկոս շահութահարկ ու 10 տոկոս եկամտահարկ։ Միայն 2023թ նման արտոնության հավաստագիր է ստացել ավելի քան 1500 ՏՏ ընկերություն։ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Դավիթ Սահակյանը «Ռադիոլուրի» հետ զրույցում մանրամասնում է՝ այս արտոնությունը սահմանված է ոլորտի սկսնակ ընկերությունների համար։

«Այսօր մենք ունենք ոլորտում հայտնի ընկերություններ, որոնք նաև շատ մեծ հեռանկարներ ունեն և այդ ընկերությունների ճնշող մեծամասնությունը օգտվել ու օգտվում են հենց այս հարկային արտոնության ծրագրից։ Այս ծրագիրը իրենց հնարավորություն է տվել 5 տարի ժամկետում հարկային արտոնությամբ ստացված միջոցներից տնտեսումներ անել, նորից ներդրումներ իրականացնել ու զարգանալ, կառուցել այն կազմակերպությունը, որը կա այսօր»,– ասում է Դավիթ Սահակյանը։

Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Դավիթ Սահակյան

Ըստ փոխնախարարի՝ այս աջակցությունը ոլորտում վճռորոշ էր։ Չնայած բազմաթիվ քննադատություններին ու մեղադրանքներին, թե ոլորտում անհավասար մրցակցային պայմաններ են ստեղծվում, նախարարի տեղակալը շեշտում է՝ հենց աջակցությունից հետո ոլորտում ստեղծվեցին նորարար լուծումներ ու հետաքրքիր մրցակցային մոդելներ։ Բացի այդ, սա ոլորտին տրամադրված միակ արտոնությունը կամ աջակցությունը չէր․ նախորդ տարի դեկտեմբերին կառավարությունը որոշեց ֆինանսապես օգնել ոլորտային ընկերություններին, և մասնավորապես նրանց, որոնք հարկային արտոնություններից չէին օգտվում։

«Այդ ծրագրի նպատակն էր օգնել ՏՏ ոլորտի այն ընկերություններին, որոնք այդ շրջանում դրամի կտրուկ արժևորմամբ պայմանավորված ֆինանսական որոշակի կորուստներ էին կրել, բայց միևնույն ժամանակ կտրուկ որոշումներ չէին կայացրել իրենց աշխատակիցների թիվը կրճատելու կամ նրանց աշխատավարձերը էական պակասացնելու ուղղությամբ»,– մանրամասնում է նախարարի տեղակալը։

Այս ծրագիրն իրականացնելու համար պետբյուջեից ավելի քան 10 միլիարդ դրամ հատկացվեց։ Աջակցություն ստանալու համար նախարարությունը շուրջ 510 դիմում–հայտ էր ստացել։ Ի վերջո՝ աջակցությունից օգտվեց ոլորտային 330 ընկերություն։ Դավիթ Սահակյանն ասում է՝ որոշ ժամանակ հետո նախատեսում են ուսումնասիրություն ու մոնիտորինգ իրականացնել, պարզելու՝ գլոբալ ճգնաժամից տուժած այս ընկերություններին ուղղված օգնությունը որքանով է նպատակային եղել։

«Մենք պետք է բոլոր 330 ընկերությունների ընդհանուր արդյունքով դուրս բերենք ամբողջ ծրագրի արդյունավետության վերլուծությունը։ Ոչ թե դիտարկենք, թե առանձին–առանձին վերցրած օգնությունը ինչ է տվել, այլ ծրագիրը որքանով է խթանել ոլորտի զարգացմանը»։

Չնայած իրականացված ու իրականացվող ծրագրերին, այսօր ոլորտը հավելյալ աջակցության կարիք ևս ունի՝ կարծում է փոխնախարարը։ Քննադատություններին՝ թե պետությունը օգնում է առանց այն էլ «ամենահարուստ» ոլորտին, Սահակյանն արձագանքում է՝ եթե տեղեկատվական տենոլոգիաների ոլորտը հռչակված է գերակա ուղղություն, ապա ուշադրությունն ու ջանքերն այստեղ պետք է կրկնապատկել։

«Մենք պետք է հաշվի առնենք, որ այս ոլորտի ձևավորած արժեքը գուցե նաև ածանցյալ տարբերակներով առնչվում է բոլոր ոլորտներին, այսինքն այն տեխնոլոգիան, որ մշակվում է մեր ոլորտում, կարող է ներդրվել, օրինակ, գյուղատնտեսության կամ առողջապահության ոլորտում, անվտանգային ոլորտում։ Եվ այս ամեն ինչի հետ մեկտեղ, այո՛, ոլորտը պետք է համարվի գերակա ճյուղ»,– պնդում է Սահակյանը։

Այսօր ոլորտում շուրջ 9000 ընկերություն կա։ Փոխնախարարը ընդգծում է՝ պետական աջակցությունը չպետք է դիտարկել որպես առանձին ընկերություններին տրվող աջակցություն, կառավարության թիրախը ոլորտն է․ Հայաստանը պետք է համաշխարհային քարտեզում դիրքավորել որպես զարգացած տեղեկատվական տեխնոլոգիաներ ունեցող երկիր։ Նախարարությունում այժմ մշակում են ոլորտային ռազմավարությունը։ Փոխնախախարն ընդգծում է՝ արդեն պատրաստի ռազմավարությամբ կկարողանան նաև թիրախային զարգացում ապահովել։

Կարդացեք նաև

Back to top button