Ըստ քաղաքագետ Արա Պողոսյանի` ռուս-ադրբեջանական հարաբերություններում որոշակի մերձեցում նկատվում էր դեռևս 2016 թվականին։ Այն աստիճանաբար հասունացավ 2018-19 թվականներին, իսկ 2020-ին հայկական կողմը բախվեց 44-օրյա պատերազմում Ռուսաստանի Դաշնության ավելի քան չեզոք դիրքերից հանդես գալու իրողությանը։
Դիտարկելով Ռուսաստանի և Ադրբեջանի միջև վերջին տարիների հարաբերությունները քաղաքագետ Արա Պողոսյանը կարծում է, որ 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության համաձայն, Ռուսաստանի խաղաղապահ ուժերը, գտնվելով Արցախի Հանրապետության տարածքում, իրենց ներկայությունը մեծապես պայմանավորում էին Ադրբեջանի կամքով և ցանկությամբ։
«Այն պահից, երբ Ռուսաստանի Դաշնության արտաքին քաղաքականության ռազմավարության դոկտրինում ներմուծվեց եվրասիականության տեսությունը՝ որպես ապագա հեռանկար, այդ պահից Ռուսաստանի արտաքին քաղաքականության մեջ սկսվեց նկատվել թյուրքական աշխարհի հետ մերձենալու միտումներ»,- ասում է «Ռադիոլուրի» զրուցակիցը։