ԿարևորՔաղաքական

«Խաղաղության խաչմերուկից» մինչև անկլավներ ու ՀԱՊԿ․ վարչապետը պատասխանել է քաղաքացիներին մտահոգող հարցերի

Կառավարության աշխատակազմը նոր ձևաչափ է մշակել վարչապետի և քաղաքացիների շփման համար։ Սոցցանցով ուղարկված տեսանկարահանված հարյուրավոր հարցերից ընտրվել էր մոտ 60 հարց Հայաստանից և Սյփուռքից։ Դրանց վարչապետը պատասխանեց մի քանի ժամ։

Բացի սոցիալ-տնտեսական և կենցաղային հարցերից քաղաքացիների ուշադրության կենտրոնում են նաև քաղաքական զարգացումները՝ Ադրբեջանի հետ բանակցություններից մինչև Հայաստանի անվտանգային խնդիրներ։

Ադրբեջանի հետ առաջիկա բանակցություններում Հայաստանը փորձելու է պարզաբանումներ ստանալ, թե արդյո՞ք պաշտոնական Բաքուն համաձայն է խաղաղության պայմանագիր կնքել Եվրոպական Միության միջնորդությամբ համաձայնեցված երեք սկզբունքների հիման վրա՝ տարածքային ամբողջականության ճանաչում հստակ թվերով, սահմանազատում Ալմաթիի հռչակագրի սկզբունքներով և կոմունիկացիաների ապաշրջափակում երկրների ինքնիշխանության հիմքով։

Հայաստանի վարչապետի խոսքով՝ թեև Ադրբեջանը երկու անգամ Բրյուսելում եռակողմ հանդիպումների ժամանակ համաձայնել է երեք սկզբունքներին, բայց մինչ այս պահը հասկանալի չեն Ադրբեջանի մտադրությունները համաձայնեցված սկզբունքների առնչությամբ։  

«Փաստն այն է, որ մինչև այսօր մենք նման վստահություն չունենք ոչ մի կողմում, չնայած Ադրբեջանի կողմից հնչել է հայտարարություն, որ Ադրբեջանը ճանաչում է Հայաստանի տարածքային ամբողջականությունը, բայց այստեղ կոնկրետություններ են պետք, թե ինչ նկատի ունեն իրենք՝ Հայաստանի տարածքային ամբողջականություն ասելով։ Այս հարցերի պարզաբանումը առաջիկա բանակցային գործընթացների հիմնական խնդիրն է, որը մենք պետք է փորձենք լուծել»։

Թերևս հանգուցալուծվող հարցերից մեկը կարելի է համարել «միջանցքային» խոսույթի վերացումը։ Վերջին շրջանում Ադրբեջանը հնարավորինս պակասեցրել է այսպես կոչված «Զանգեզուրի միջանք» թեզի շրջանառությունը։

Այն բանից հետո, երբ տարածաշրջանի բոլոր երկրներին Հայաստանն առաջարկեց «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը՝ իր համար ընդունելի պայմաններով,  Փաշինյանի տպավորություններով՝ հետաքրքրությունն Ադրբեջանում այդ ծրագրի նկատմամբ նվազեց․  

 «Ադրբեջանի առաջին արձագանքը հետևյալն է, որ իրենք, կարծես, այլևս հետաքրքրված չեն այդ նախագծով, որովհետև իրենք այդ կոմունիկացիաների նախագիծը իրականացնում են Իրանի Իսլամական Հանրապետության հետ։ Մենք բացարձակապես դեմ չենք, բայց մեր առաջարկը դա է և մեր առաջարևկը ընդունելու դեպքում այդ նախագիծը կիրականացվի»։

Ադրբեջանի հետ բանակցությունները, սակայն, ամենևին չեն նվազեցնում Հայաստանի անվտանգային խնդիրները։ Այս հարցում, ըստ Փաշինյանի՝ պետք չէ առանձնացնել կոնկրետ տեղանքները, ասենք՝ Սյունիքը կամ Մեղրին։

 «Այն անվտանգային խնդիրները, որ ունենք, այդ անվտանգային խնդիրները կան և՛ Տավուշում, և՛ Գեղարքունիկում, Արարատի Մարզում, Վայոց Ձորի, Սյունիքի մարզերում։ Այդ անվտանգային խնդիրները ակնհայտ են, բայց այդ անվտանգային խնդիրները պետք չէ ոչ թերագնահատել, ոչ գերագնահատել։ Միջազգային բավականին ուժեղ կոնսոլիդացիա ենք ապահովել Հայաստանի տարածքային ամբողջականության, ինքնիշխանության, անկախության և ժողովրդավարության պաշտպանության շուրջ։ Այսօր տեսնում եք՝ աշխարհում ինչ է կատարվում։ Այսօր բացարձակ անվտանգություն, ցավոք սրտի, երկրագնդի վրա գոյություն չունի։ Եվ մենք պետք է այս միջավայրում հուսալի, անվտանգային մեխանիզմ ներ ձևավորենք։ Իմ համոզմունքը այն է, որ 100 տոկոսանոց անվտանգություն կարող է ապահովել միայն մեկ բան՝ տևական, դե յուրե արձանագրված պարտադիր խաղաղությունը։ Մենք հենց դա ենք ուզում ստանալ»։

Տավուշի մարզի բնակիչները, սակայն, անհանգիստ են։ Պատճառը անկլավների մասին խոսակցություններն են։ Տավուշցիների մտահոգությունը վարչապետին փոխանցեց Գարիկ Փայտյանը։

Դուք կարո՞ղ եք հստակ ասել՝ կա՞ նման հարց։ Եթե կա, ապա ինչպես է այն հանգուցալուծվելու։ Մենք չենք ուզում անորոշության մեջ ապրել, մենք հստակություն ենք ուզում։ Կարո՞ղ եք մեզ հետ բաց խոսել այս թեմայով։

Անկլավ/էքսկլավների հարց այո կա , այս պահին այնպիսի համաձայնություն, որը այնքան հասունացած լինի, որը ես ձեզ հետ կիսվեմ չկա։ 

Ավելի պարզ ասած՝ Հայաստանի 29 800 քառ.կմ տարածքի մեջ չեն մտնում այն անկլավները, որոնք խորհրդային տարիներին պատկանել են Ադրբեջանին, սակայն դրա մեջ մտնում է Արծվաշենը, որը էքսկլավ է՝ շրջափակված Խորհրդային Ադրբեջանի տարածքով։ Կոնկրետ Տավուշում նման տարածքներ կան։ Այս խնդրի լուծման մի քանի աշխատանքային տարբերակ է քննարկվում, որոնցից մեկով չի բացառում, որ անկլավ/էքսկլավները մնան տվյալ երկրների իրավասության ներքո։ Մյուս տարբերակով երկրները վերահաստատում են իրենց ինքնիշխանությունը տվյալ տարածքների նկատմամբ, իսկ այդ դեպքում, օրինակ՝ պետք է իրականացվի նաև  Արծվաշենի սահմանագծումն ու սահմանազատումը և անհրաժեշտ կոմունիկացիոն խնդիրների լուծումը։

Վարչապետը վստահեցնում է, որ անկալավ/էքսկլավների փոխանակման դեպքում որևէ ապոկալիպտիկ զարգացումներ չեն լինի, ինչպես որոշ դեպքերում ներկայացնում են վերլուծաբաններն ու քաղաքական գործիչները։  

Ադրբեջանի հետ բանակցություններում ամենաձախողվածը թերևս գերիների վերադարձի հարցն է։ Հումանիտար հարցը Ադրբեջանը փորձում է վերածել քաղաքական շահարկումների, բայց Հայաստանը իր առաջարկներով այն փորձում է նորից վերադարձել հումանիտար դաշտ․

 «Մենք պատրաստակամություն ենք հայտնել նույնիսկ, որ ՀՀ-ում դատապարտված ադրբեջանցի անձանց փոխանակենք մեր գերիների հետ՝ բոլորը բոլորի դիմաց սկզբունքով, հարցին տալով բացարձակապես հումանիտար բնույթ։ Մենք շարունակում ենք աշխատանքը։ Ես էլ անձամբ դժգոհ եմ, որ մենք արդյունք չենք կարողանում մինչև այս պահը արձանագրել»։

Այս հարցում աշխատանքը տարվում է երկու ուղղություններով՝ բանակցություններով և իրավական դաշտում։ Բոլոր գերիների հարցով կան դիմումներ միջազգային դատարանին և որոշ գործերով դատարանը միջանկյալ միջոց կիրառելու որոշումներ է կայացրել։ 

Հայաստանի անվտանգային բաղկացուցիչ մասերից է նաև ՌԴ և ՀԱՊԿ–ի հետ համագործակցությունն ու հարաբերությունները։ Վարչապետը ցանկանում է, որ գործընկերները ճիշտ հասկանան՝ եթե Հայաստանը չի կարողանում անհրաժեշտ սպառազինությունը և քաղաքական աջակցությունը ստանալ, մյուս կողմից էլ աջակցություն ստանալու համար ՀԱՊԿ անդամ լինելն արգելք է, ապա պետք է Հայաստանի շահերից ելնող որոշումներ կայացվեն։

Ռուս գործընկերների հետ աշխատանքները շարունակվում են։ Ուղղություններից մեկով փորձում են հասկանալ՝ ինչպե՞ս վերադարձնել չստացած սպառազինության դիմաց ՌԴ-ին վճարած 400 մլն դոլարը։

 «Իհարկե, նման խնդիրներ կան։ Տեղեկացնեմ, որ տեղի են ունենում քննարկումներ, թե ինչ մեխանիզմներով այդ խնդիրը լուծել։ Տարբերակներից մեկը կարող է լինել վճարված գումարների չափով, օրինակ, ՌԴ-ին ՀՀ ունեցած պարտքից նվազեցումը։ Դա տարբերակներից մեկն է, միակ տարբերակը չէ։ Տրամադրված ենք աշխատանքային և այդ քննարկումները, հույս ունեմ, կբերի կոնկրետ արդյունքների»։

ՀԱՊԿ-ի հարցով նույնպես դեռ աշխատանքային սպասողական վիճակ է՝ առանց հստակ որոշումների։ Բայց հայաստանյան կողմի մտադրությունները, ըստ Փաշինյանի, թափանցիկ են․ արձանագրումները ցույց են տալիս, որ ՀԱՊԿ-ի դե-ֆակտո գործողությունները կամ անգործությունները չեն հասցեագրում Հայաստանի Հանրապետության նկատմամբ նրա ունեցած պարտավորությունները։ Այս իմաստով ՀԱՊԿ-ի գործողությունները համապատասխան չեն Հայաստանի շահերին։

Փաշինյանի խոսքով՝ հայկական կողմը ցանկանում է մինչև վերջին հնարավորությունը անել ամեն ինչ ՀԱՊԿ-ին լիարժեք հասկանալու և իր դիրքորոշումը ՀԱՊԿ-ին հասկանալի դարձնելու համար, բայց պատրաստ են նաև Հայաստանի շահերից բխող որոշումներ ընդունել։

Կարդացեք նաև

Back to top button