
Մեծամոր համայնքի 31 բնակավայրերից 18-ում փոխում են խմելու ջրագծերը, որոնք հիմնականում կառուցվել են 70-ական թվականներին: Շինարարական աշխատանքների ընթացքում հայտնաբերվել են ազբեստից, պողպատից ու մետաղական այլ ձուլվածքներից հնամաշ ջրագծեր, որոնք թունավոր նյութեր են արատազատում: Քաղցկեղածին ազբեստե ջրի խողովակները գրեթե ամենուր են եղել: Այժմ դրանք փոխարինվում են խմելու ջրի համար նախատեսված պոլիէթիլենային խողովակներով:
Ամասիա գյուղում խմելու ջրի աղբյուրը արտեզյան երկու հորերն են, որոնք հորատվել են տարբեր ռելիեֆների վրա: Գյուղացիները նկատել են, որ մի հորի ջուրն ավելի լավն է, քան մյուսինը: Գրեթե 10 տարի առաջ տարբեր դրամաշնորհային ծրագրերով խմելու ջրագծերի մի հատվածը փոխվել է, մնացածում վթարներն անպակաս են դարձել: Ջրի որակական հատկանիշների փոփոխությունը գյուղացիները պայմանավորում են խողովակների կոռոզիայով.

«Մշտական ջուր ունեցել ենք, բայց շատ վաղուց, իսկ հիմա ժամով են տալիս՝ առավոտ, իրիկուն. երկու ժամ առավոտն են տալիս, երկու ժամ՝ իրիկունը, օր կա, որ առիթի դեպքում ցերեկներն էլ են տալիս: Ուղղակի, որ խողովակները հին են, տեղեր կան, որ հող է քաշում, ցեխ է քաշում, պղտորվում է ջուրը»
«Ուղղակի խողովակներն են փոխում, դե, ժանգ է, հիվանդություն է, էլի»:
Հիվանդությունը կարող է առաջանալ ոչ միայն քայքայված խողովակների պատճառով, այլև քաղցկեղածին նյութեր արտազատող ազբեստե խողովակներից: Շինարարական աշխատանքների ժամանակ հայտանաբերվել են մետաղական տարբեր ձուլվածքներից պատրաստված ժանգոտված խողովակներ, այդ թվում նաև ազբեստից:
Կառուցապատող ճարտարագետ Մարգար Մարգարյան.

«Եղել են և՛ ազբեստից խողովակաշար, և՛ չուգունից, և՛ պողպատից հին խողովակաշարեր: Այդ ամբողջը փոխվել է: Ազբեստը հայտնաբերել ենք վերևի մասում, խորքային հորի մոտ, փոխվել է և 110 տրամաչափի պոլիէթիլենային խողովակ է գցվել: Գյուղի մնացած ջրամատակարարումը նույնպես տարբեր տրանաչափի պոլիթելենային խողովակներով է արվելու: Նախկին խողովակները շատ անմխիթար վիճակում էին»:
Ամասիայում կառուցվում է 3 կմ ջրագիծ, որով կբարելավվի 121 տնտեսության ջրամատակարարումը: Համայնքի տարեց բնակիչ Ալեքսան Մանուկյանը մտավախություն ունի, որ փոքր տրամաչափի խողովակներով ջրի քանակը կնվազի.
«Որակապես երևի նույնը կլինի, բայց իմ կարծիքով, այդ խողովակները, որ դրել են, դա երևի գյուղին չբավարարի, շատ փոքր է: Նախկինը 6 դյույմանոց է եղել, հիմա՝ 3, կիսով չափ պակասել է: Հիմնականում արտեզյան հորից է ջուրը մղվում՝ 120 մ խորությունից: Հիմա ժամով են տալիս, բայց հետո երևի շուրջօրյա կլինի: Լավ է, որ կազմակերպել են ու արել են: Թող նորը կառուցեն, միշտ ձգտեն նորին, առաջադիմություն լինի, լավ լինի»:

Խմելու ջրագծերը կառուցվում են սուբվենցիոն ծրագրով, որի արժեքն ավելի քան 22 մլն դրամ է: Մեծամոր համայնքը վճարելու է արժեքի 40 տոկոսը՝ ասում է Ամասիայի վարչական ղեկավար Արայիկ Հարությունյանը: Նոր ջրագծերի կառուցմամբ կլուծվի բնակավայրի 180 տնտեսության ջրամատակարարման խնդիրը:
«Եթե հաշվիչները տեղադրվեն, ապա 24 ժամ ջուր կունենանք, բայց հիմա հաշվիչների մասին խոսք չկա ու 4 ժամ ենք տալիս: Խորքային մի հորի հզորությունը 40 լ/վրկ է, մյուսինը՝ 65 լ/վրկ: Նոր տեխնոլոգիաներով համապատասխան ճնշում են ապահովում»:
Սուբվենցիոն ծարգրերով այս տարի Մեծամոր համայնքի 18 բնակավայրերում հիմնանորոգվում են խմելու ջրագծերը: Վարդանաշեն գյուղում արդեն ավարտել են 3 կմ խմելու ջրագծերի կառուցումը: Գյուղի մի հատվածում ջրամատակարարումը շուրջօրյա է, մյուսում՝ 14 ժամ:
«Մենք հոր ունենք, այս մեկը հորի ջուրն է, իսկ մյուսը խմելու նոր ջրագիծը, որ քաշել են: Հորի ջուրը կենցաղում ենք օգտագործում՝ բաղնիք, խոհանոց, իսկ մյուսը՝ խմելու համար: Մեր ջուրը շուրջօրյա է»:

«Խմելաջրի խնդիր այսօր ոչ մեկը չունի, բայց մինչև 2018 թ. սայլակով էինք կրում, հա: Հինգ լիտրանոց ամանները լցնում, սալյակով տանում, բերում էինք: Հիմա չկա»:
Գյուղում խմելու ջրագծերը փոխվել են, բայց ջրաչափեր չկան տեղադրված: Մեծամոր համայնքի ղեկավար Վահրամ Խաչատրյանն ասում է, որ բնակավայրերի ջրագծերն ամբողջական նորոգելուց հետո կլուծվի նաև այդ խնդիրը: Վարդանաշենում կապալառու կազմակերպությունը տեղադրել է ջրաչափերի արկղերը.
«Մենք ենք կազմակերպելու, եթե «Վեոլիա ջուր» ընկերության հետ չկարողանանք պայմանագիր կապենք, այսինքն՝ եթե «Վեոլիա ջուրը» ընդունի մեր նոր փոխած ջրագծերը, միգուցե տանք իրենց, իսկ եթե չէ՝ այդ դեպքում համայնքը պետք է ջրաչափերը տեղադրի ու գանձի ջրի գումարը»:
Մարզում խմելու ջրագծերի հիմնանորոգումը կշարունակվի նաև առաջիկա տարիներին, քանի որ 40 բնակավայրում դեռ առկա է այդ խնդիրը:




