ԿարևորՌեպորտաժներՔաղաքական

Կան հարցեր, որտեղ երաշխիքները կարևոր են․ ՀՀ ԱԳ փոխնախարարը՝ հայ-ադրբեջանական բանակցությունների մասին

Ըստ նախնական պայմանավորվածության՝ նոյեմբերի 30-ին հայ–ադրեջանական պետական սահմանին տեղի կունենա Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման ու սահմանային անվտանգության հարցերով հերթական հանդիպումը։ Մինչ այս Բաքուն առաջարկել էր երկկողմ հանդիպում կազմակերպել խաղաղության պայմանագրի շուրջ քննարկումների համար։ Այդ առաջարկը, սակայն, Երևանը մերժել էր, փոխարենն առաջարելով երկկողմ ձևաչափով քննարկել սահամանազատման հետ կապված հարցերը։

Ադրբեջանի հետ բանակցություններում, կամ այսպես կոչված «խաղաղության պայամանգրի» շուրջ բանակցություններում կան հարցեր, որտեղ միջնորդների առկայությունը պարտադիր է, հստակեցնում է ՀՀ փոխարտգործնախարար Մնացական Սաֆարյանը, արձագանքելով երկկողմ հանդիպում անցկացնելու Ադրբեջանի առաջարկին․

«Մենք բազմիցս նշել ենք, որ կան հարցեր, որտեղ միջնորդների ներկայությունը կարևոր է։ Կան հարցեր որտեղ միջնորդների առկայությունը կարևոր դեր ունի, և այս առումով Հայաստանի մոտեցումը այդպիսին է, օրինակ, այն հարցերը, որոնք վերաբերում են ԼՂ-ից բռնի տեղահանված բնակչության իրավունքներին։ Մենք բազմիցս նշել ենք, որ այստեղ կարևոր են միջազգային մեխանիզմների առկայությունը, դա մի հարց, և կան էլի հարցեր, որտեղ երաշխիքները կարևոր են»։

Արցախից բռնի տեղահանված անձանց հարցը Հայաստանի կողմից բարձրաձայնվում է բանակցություններում, հստակեցնում է փոխարտգործնախարարը։ Սակայն «խաղաղության պայմանագրի» շրջանակներում ադրբեջանցիների վերադարձի հարց չի քննարկվում, տեղեկացնում է Մնացական Սաֆարյանը՝ Ադրբեջանի կողմից նման սխալ տեղեկությունների տարածումը ոչ կառուցողական որակելով։

«Չկա այդպիսի հարց, մենք բազմիցս նշել ենք, որ սա Ադրբեջանի կողմից ոչ կառուցողական մոտեցումների շարքին է վերաբերում այս խնդիրը»։

Նոյեմբերի 30-ին հայ–ադրբեջանական սահմանին տեղի կունենա երկու երկրների միջև պետական սահմանի սահմանազատման ու սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի նիստը, Հայաստանի արտգործնախարարության տարածած տեղեկությունը հստակեցնում է փոխարտգործնախարարը, այն դասելով Հայաստանի կողմից կառուցողական դրսևորումների շարքում։ Հանդիպումը տեղի կունենա փոխվարչապետների մակարդակով։ Նա սակայն  ձեռնպահ է մնում հստակեցնել՝ նախատեսվա՞ծ է արդյոք Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների կամ արտգործնախարարների հանդիպում առաջիկայում, և որ հարթակում է բանակցություններ անցկացնելու ուղղությամբ աշխատանք տարվում։

Մինչ սահմանազատման ու սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների սահմանին հանդիպման Երևանի առաջարկը, Բաքուն պատճառաբանում էր, որ շատ է ձգձգվում «խաղաղության գործընթացը» և առաջարկում էր հայ–ադրբեջանական սահմանին երկկողմ ուղիղ բանակցություններ անցկացնել խաղաղության համաձայնագրի կնքումը հնարավորինս արագացնելու համար։  

Մինչ Բաքվից իրական մտադրությունների մասին բացահայտ կհայտարարվեր, փորձագետները զգուշացնում էին, որ Ադրբեջանի կողմից Վաշինգտոնին ու Բրյուսելին ուղղված հրապարակային սպառնալիքների ներքո այլ մտադրություններ են թաքնված։ Քաղաքագետ Արա Պողոսյանը «Ռադիոլուրի» հետ զրույցում ուշադրություն էր հրավիրում Ալիևի վերջերս հնչեցրած այն ձևակերպմանը, ըստ որի նշվում էր, որ ոչ մի միջազգային ճնշում չի կարող ազդել Ադրբեջանի վրա և որ Հայաստանն իր ապագան պետք է պլանավորի՝ ելնելով սեփական ազգային շահերից, այլ ոչ թե տարածաշրջանից հեռու գտնվող պետությունների հավակնություններից։

Քաղաքագետը, այդ հայտարարության տողատակերը բացելով, պարզաբանում է՝ Ալիևը ձգտում է Հայաստանին երկկողմ բանակցությունների դաշտ բերել, ինչը խիստ վտանգավոր է Հայաստանի համար, և ոչ մի դեպքում Երևանը չպետք է համաձայնի նման ձևաչափի, քանի որ այդ դեպքում  չի լինի որևէ երաշխավորող երկիր և Բաքուն էլ կձերբազատվի հետագա պատժամիջոցների վտանգից, ինչի մասին այսօր հաճախ խոսում են Արևմտյան հարթակները։

«Երկկողմ բանակցությունները Հայաստանի համար նույնն են, ինչ Ադրբեջանին տալ քարտ բլանշ հետագա պատերազմների համար, քանի որ պայմանագիր կնքելու համար պետք է ունենաս առնվազն այնպիսի ռազմական բալանս, որ կարողանաս ինքդ լինել այդ պայմանագրի երաշխավորը։  Իսկ մենք գիտենք, որ այսօր Հայաստանը չի կարող լինել այդպիսի պայմանագրի երաշխավոր։ Կարծում եմ՝ երկկողմ հարթակի մասին խոսելը պետականության նկատմամաբ դավաճանություն է, ինքնասպանություն»։

Ինչո՞ւ է Ադրբեջանը փորձում փոխել ամբողջ բանակցային գործընթացի ուղղությունը։ Ի՞նչ նպատակներ է դրել իր առջև Բաքուն՝ առաջարկելով Հայաստանին ազատվել միջնորդներից և երկկողմ հանդիպում կազմակերպել։

Ադրբեջանագետ Տաթև Հայրապետյանը ֆեյսբուքում գրում է, որ սա վտանգավոր խաղ է։ Նա կարծում է, որ Ադրբեջանը լավ հաշվարկել է, որ առանց որևէ շրջանակների Հայաստանի հետ բանակցելը ավելի հեշտ է լինելու։ Ադրբեջանագետը հիշեցնում է, որ Արևմտյան ձևաչափերում բազմաթիվ խնդիրներ կային, սակայն հիմա Արևմուտքը հասկացել է, որ Ալիևն իրենց մոլորեցրել է, և փորձում են վերստին արծարծել Արցախի հիմնահարցը։

Տաթև Հայրապետյանը վստահ է նաև, որ Ադրբեջանը որևէ փաստաթուղթ չի ստորագրելու, որտեղ կամրագրվի Հայաստանի տարածքային ամբողջականությունը։

Կարդացեք նաև

Back to top button