
Ամփոփվել է նոյեմբերի 7-ին Երևանում մեկնարկած «Smart Botanic» հաքաթոնը: Նպատակը Երևանի բուսաբանական այգու համար խելացի լուծումներ և գաղափարներ մշակելն էր, ինչը ժամանակակից տեխնոլոգիաների կիրառմամբ ավելի արդյունավետ կդարձնի այգին կառավարելու, խնամելու և այցելուներին սպասարկելու գործընթացները։ Ներկայացված նախատիպերը գնահատվել են ժյուրի կողմից, լավագույն երեք մասնակիցները արժանացել մրցանակի։
Արմեն Երանոսյանը Վարդենիսից է` Կարճաղբյուրից։ Բուսաբանական այգու համար իր թիմի հետ խելացի ջերմոցի նախագիծ է մշակել։
«Մեր նախագիծը կոչվում է խելացի ջերմոց։ Բջջային հավելվածի միջոցով կառավարում ենք մեր պոմպը, որը մեզ պետք է ոռոգման համար։ Կառավարում ենք ջերմոցի լուսավորությունը։ Բույսերի աճի վրա մեծ ազդեցություն ունի նաև դասական երաժշտությունը, ուստի ունենք նաև երաժշտություն»:

«Smart Botanic» հաքաթոնի նպատակը Երևանի բուսաբանական այգու համար խելացի լուծումների և գաղափարների մշակումն է, ինչը կօգնի ժամանակակից տեխնոլոգիաների կիրառմամբ ավելի արդյունավետ դարձնել այգին կառավարելը, խնամելը և այցելուներին սպասարկելը։ Հաքաթոնին մասնակցում է 10 թիմ։
Լուսինե Պողոսյանի մշակած համակարգն էլ դիտարկելու է օդի խոնավությունը, ջերմաստիճանը, ճնշումը․ օդում ածխաթթու գազի ու ծխի առկայությունը։ Սմարթ թրիի՝ օդի բաղադրությունը ճշտող թռչնաբույնն արժանացավ 3-րդ մրցանակին։
«Բուսաբանական այգին հրդեհների դեպքում ահազանգի համակարգի խնդիր ունի։ Մշտադիտարկելու ենք ծուխը հրդեհների դեպքում։ Ահազանգը անմիջապես հեռախոսին կգա։ Փոքր տուփերի մեջ ենք հավաքելու համակարգը ու դնելու թռնի բույների մեջ։ Պաշտպանված է լինելու անձրևից , նաև ջրակայուն է լինելու։ Հետագայում նախատեսում ենք ավելացնել արևային պանելներ, որպեսզի հեսանքից կախում չունենանք»։

Երկրորդ մրցանակը ստացավ Այգրին թվային քարտեզը։ Առաջին գլխավոր մրցանակը Հայկ Ասոյանինն ու Պետրոս Մարոնյանինն է։ Հեռահար դիտորդման և ավտոմատացման համակարգը ժյուրիի ամենաբարձր գնահատականին արժանացավ։
«Հեռահար կերպով մոնիթորինգ ենք անելու բույսի մոտի կլիմայական պարամետրերը՝ հողի խոնավությունը, ջերմաստիճանը։ Համակարգը տվյալները փոխանցում է վեբ միջերեսին, ու այդպիսով մենք տեսնում ենք տվյալները։ Անհրաժեշտության դեպքում ավտոմատ կերպով միանում են համապատասխան շարժիչները»։
Ժամանակակից տեխնոլոգիական լուծումներն արդեն լայնորեն կիրառվում են տարբեր բուսաբանական այգիներում՝ բարելավելով բույսերի խնամքը, պահպանման և անվտանգության միջոցները, այցելուների հետ հետադարձ կապը: Ներկայացվող նախագծերից մեծ են նաև «Smart city» ՀԿ ղեկավար Կարեն Երզնկանյանի սպասելիքները։

«Փորձենք տեսնել որքան արդյունավետ կլինեն սմարթ լուծումները բուսաբանական այգում։ Մասնակիցներն իրենց լուծումները վերջնական տեսքի են բերել՝ համապատասխանեցնելով բուսաբանական այգու խնդիրներին»։
Հաքաթոնի կազմակերպիչների և գործընկեր կազմակերպությունների աջակցությամբ այգու տարածքի պահպանության, ոռոգման, խնամքի և ջերմոցների սպասարկման սմարթ լուծումներն առաջիկայում կյանքի կկոչվեն։




