ԿարևորՀասարակություն

Արցախի անուշահամ փախլավան Վանաձորում սիրելի է դարձել

Արցախից բռնի տեղահանված Մարիամ Անդրյանի բազմանդամ ընտանիքը տեղավորվել է Վանաձոր համայնքի Գուգարք գյուղում: Կանայք աշխատանք չունեն և զբաղվում են խմորեղենի պատվերներով: Ամենապահանջվածն արցախյան փախլավան է: Նախօրեին Մարիամը մայրիկի հետ Վանաձորի Լոֆթ կենտրոնում փախլավայի պատրաստման վարպետաց դաս է անցկացրել: Մասնակիցները ծանոթացել են պատրաստման բոլոր գաղտնիքներին ու նրբություններին, իսկ վարպետաց դասն ամփոփել Արցախի ամենահայտնի քաղցրավենիքի ու անուշահամ թեյի համտեսով։

«Մեզ պետք է ալյուր, յուղ կամ մարգարին, մածուն, վանիլին, սոդա, ձու, միջուկի համար՝ շաքարավազ: 33 կտոր ա լինում»:

Տիկին Ստելլան փախլավայի բաղադրիչներն է թվարկում, այն բաղադրատոմսը, որով արդեն 10 տարի անմահական արցախյան փախլավան է թխում: Իսկական փախլավան պոպոքով է պատրաստվում, ասում է, մյուսները հաստատ փախլավա չեն:

Մայր ու աղջիկ Լոֆթ Վանաձորում հավաքված հրուշակասերների համար վարպետաց դաս են անցկացնում, կիսվում բոլոր մանրուքներով ու նրբություններով։ Փախլավայի շերտերը, ասում է տիկին Ստելլան, շատ զգույշ պիտի հավաքել, ընկույզի հատիկները թե տապակին ընկան, կայրվեն ու տհաճ հոտ կտան: Փախլավան թխվածքների թագուհին է՝ Մարիամն է ասում։

«Մեզ համար փախլավա թխելը ստեղծագործություն է, ամեն մի փախլավայի մեջ Արցախի պայքարի ուժն ենք ներդնում: Ամեն մի փախլավան, երբ ստանում ենք, շատ դժվար ա լինում բաժանվելը, որովհետև մեր էներգիան, մեր սերը նվիրում ենք, ու ես միշտ ասում եմ՝ մեր փախլավան գեղեցկուհի է, որ կտրում ես, պետք է շերտերը չերևա, մենակ ընկույզը երևա»:

Մինչ խմորը հանգստանում է,  վարպետաց դասի մասնակիցները հարցեր են տալիս, կիսվում փախլավայի իրենց բաղադրատոմսերով. բոլորին ոգևորել է Արցախի բրենդ փախլավայի պատրաստումը: Մասնագիտությամբ մանկավարժ Աննա Սահակյանը փախլավայի տարբեր տեսակներ է պատրաստել։

 «Ինձ թվում է իսկական փախլավան հենց էսպես պետք է պատրաստել, ոչ շերտավոր խմորով, թեև տարբեր ազգերի մոտ տարբեր կերպ է: Մանրուքներ կար, որ նորություն էր ինձ համար: Ինքս էլ պատրաստում եմ, բայց նոր բաներ վերցրեի, անպայման փորձելու եմ, շատ հետաքրքիր էր, շատ լավ օր էր»:

Անժելա Մադոյանն է թխելու սեր ունի, տորթերի պատվերներ էլ է ընդունում: Արցախյան փախլավայի վարպետաց դասին նախապես էր գրանցվել: Փախլավայի տեսականի փորձել էր, արցախյանն առաջին անգամ էր փորձելու։

Անժելա Մադոյան. «Սիրում եմ թխվածքներ թխել, տոնական տորթեր էլ եմ թխում վաճառքի, մանավանդ էն փաստը, որ Արցախից են, ավելի գրավեց ինձ»։

Տիկին Ստելլան խմորը  մասերի է բաժանում: Զրույցի ենք բռնվում Ստեփանակերտում թողած հուշերի մասին: Ամեն շերտի հետ թաքուն կարոտ ու տխուր հիշողություններ է գրտնակում: 9 ամիս բլոկադայի մեջ էինք, ասում է, ալյուր չկար, որ գոնե հաց թխեինք: Ծնունդով Մարտակերտի շրջանի Ծմակահող գյուղից են, եկել, Ստեփանակերտում են հաստատվել: Հրուշակեղենի արտադրամասում է աշխատել։ Լավ էինք ապրում մեր հողում, մեր Արցախում ՝ ասում է:

«Գյուղում առանձնատուն ունեինք, քաղաքում՝ բնակարան, շաբաթ-կիրակի գյուղ էինք գնում: Բլոկադայի մեջ էինք, ոչ մի բան չկար, ոչ հաց, այլուր: 9 ամիս հաց չէինք թխում: Հագուստները թողինք գործարանում, որտեղ աշխատում էի: Եղել ա՝ մի օրում 22 փախլավա եմ թխել»:

Մարիամն է միանում՝ երբեմն  մայրս մոռանում է փախլավայի մեջ վանիլին կամ սոդա լցնել, հետո է հիշում։ Բլոկադայի ու տեղահանման սարսափների, սթրեսներով լի անքուն գիշերների հետևանքներն են՝ ասում է։

«Լինում ա, զգում եմ՝ մի բան մոռացել եմ, մի 2 անգամ եղել ա էդպես լինում ա, բայց հաճախ չէ, սթրեսի հետևանքն ա»:

Մասնագիտությամբ իրավաբան է Մարիամը, ամուսինը՝ պատմաբան: 2 զավակների են մեծացնում: Մայրիկից է սովորել արցախյան փախլավա թխել: Իրեն դեռ կայացած վարպետ չի համարում, բայց պատվերների պակասից չի դժգոհում: Ֆեյսբուքում «Արցախի համը» անունով էջ է բացել՝ պատվերների համար, մինչև աշխատանք գտնեն ինքն ու ամուսինը:

«Ես մայրիկիցս  եմ սովորում: Մենք ընտանիքով ենք անում, տատիկս, ամուսինս կոտրում են ընկույզը, օգնում են մեզ, առաքումը ամուսինս ա անում: Թխում ենք տան պայմաններում, ֆեյսբուքում ու Ինստագրամում էջ ունենք, ով ցանկանում ա, պատրաստում ենք»:

Սեպտեմբերի 26-ին են թողել Ստեփանակերտը: Սկզբում Աբովյանում, հետո Գուգարքում են հաստատվել: 3 հարկանի տանը վարձակալությամբ են ապրում: Մինչև մայիս պիտի ազատեն: Տանտերը որոշել է տունը վաճառել: Եթե պետությունը գոնե կարողանար օգնել տան վարձավճարների հարցում՝ ասում է Մարիամը: Մեր բախտը շատ է բերել: Մեզ անընդհատ լավ մարդիկ են հանդիպում: Գուգարք գյուղում, ասում է, մեզ շատ օգնեցին, վարչական ղեկավարից մինչև շարքային բնակիչներ ձեռք մեկնեցին՝ ով ինչով կարողացավ։

«Գուգարքում ամեն բան օտար էր մեզ, բայց շուտ հարմարվեցինք, որովհետև սովոր ենք պայքարելու, մեր արյան մեջ էդ պայքարը կա»:

4 շերտ՝ ողողված ընկույզով ու շաքարավազով: Մարիամը վերջնական շտրիխներն է անում. փախլավաձև կտրվածքներ տալիս ու երեսը վրձնում օղու ու ձվի դեղնուցի խառնուրդով: Փախլավան ուղևորվում է ջեռոց: Քիչ անց Լոֆթ Վանաձորն իսկական արցախյան փախլավայի անուշաբույր է շնչում:

Կարդացեք նաև

Back to top button