Վերնատուն

Տարածություններ՝ փոքր մակերեսի վրա․ Երևանում բացվել է Ասատուր Պզտիկյանի ցուցահանդեսը. «Վերնատուն»

«Նիկոլայ Նիկողոսյան» ցուցասրահում բացվել է ֆրանսահայ արվեստագետ, գրաֆիկ Ասատուր Պզտիկյանի «Հանելուկային տարածություններ» հաստոցային գրաֆիկական աշխատանքների ցուցահանդեսը՝ Գևորգ Ջորջ Քասաբյանի հավաքածուից։

«Նիկոլայ Նիկողոսյան» մշակութային հիմնադրամի տնօրեն, նկարիչ, համադրող Սարգիս Հովհաննիսյանը խոսում է հիմնադրամի վերջին շրջանի ուշագրավ ցուցադրությունների, ժամանակակից արվեստի մերօրյա խնդիրների մասին։  Նա կարևորում է այս արվեստագետների գործերի ցուցադրությունը Հայաստանում, որպեսզի երկու–երեք տասնամյակ հետո ափսոսանքով չխոսենք, որ չենք ճանաչել նրանց։ Կարևոր է նաև, որ նոր սերունդը ճանաչի նրանց և ոչ թե միայն պրոֆեսիոնալների նեղ միջավայրը։

Սարգիս Հովհաննիսյանը նշում է, որ Ասատուր Պզտիկյանը ֆրանսիական մշակույթի կրող է։ Վերջին շրջանում Ֆրանսիայում տպագրվել է պատկերագիրք, որտեղ ներկայացված են 16–րդ դարից մինչև մեր օրերը ֆրանսիական արվեստում մեծ ներդրում ունեցող արվեստագետներ։

Այստեղ ընդգրկված են երկու հայ արվեստագետ, որից մեկը Ասատուր Պզտիկյանն է։ «Ասատուր Պզտիկյանի հաստոցային գրաֆիկական գործերը շատ առաջ են՝ և՛ կատարողական իմաստով, և՛ մտքի առումով, և՛ փոքր մակերեսի վրա տարածություններ ստանալու կարողությամբ»։

Խոսելով ժամանակակից արվեստը ներակայացնելու և հանրայնացնելու խնդիրներից՝ Սարգիս Հովհաննիսյանը հավելում է, որ առանց ժամանակակից արվեստ հնարավոր չէ այսօր քայլել առաջ, հարաբերվել դրսի մշակույթի հետ։ Եվ ցուցահանդեսները, որ այսօր արվում են Հայաստանում, չպետք է լինեն զուտ ցուցահանդեսային մակարդակում և մնան նեղ միջավայրում։

Կարևորում է, որ արվեստագետների աշխատանքները ոչ միայն ցուցադրվեն, այլ կենդանի շփում լինի նրանց հետ, ինչը ձգտում են անել «Նիկոլայ Նիկողոսյան» ցուցասրահում՝ պարբերաբար կազմակերպելով հանդիպում–դասախոսությունների, վարպետության դասերի շարք։

Back to top button