
Հայտնի գրքեր, դրանց վերաբերյալ մեկնաբանություններ ու կարծիքներ՝ մեկ հարթակում։ Read This Twice-ը ծրագրավորող Վահե Հովհաննիսյանի նախագիծն է։ Ինչպես ինքն է ասում, այստեղ կարելի է գտնել գրքեր, որոնք արժե առնվազն երկու անգամ կարդալ։ Հարթակը կարելի է օգտագործել նաև որպես անձնական գրադարան, կազմել ցանկեր, կիսվել դրանցով։
Read This Twice հարթակն ընթերցասերների ուղեցույց է։ Այստեղ կարելի է տեսնել, թե ինչ են կարդում և խորհուրդ տալիս Իլոն Մասկը, Բարակ Օբաման, Օփրա Ուինֆրին, Բիլ Գեյթսը կամ Քվենտին Տարանտինոն։ Հարթակը մշակել է ծրագրավորող Վահե Հովհաննիսյանը։ Նա վեբ կայքեր է պատրաստում դեռ 13 տարեկանից։ Ասում է՝ Read This Twice-ի գաղափարը ծնվել է 3 տարի առաջ՝ համավարակի ժամանակ։
«Կայքի հիմնական նպատակն այդ գրքերի խորհուրդներն են։ Ենթադրենք՝ ձեզ հետաքրքրում է, թե ինչ է կարդում Իլոն Մասկը։ Դուք բացում եք Մասկի էջն ու այնտեղ տեսնում եք այն բոլոր գրքերը, որոնք Իլոն Մասկը տարբեր կոնտեքստներում խորհուրդ է տվել։ Ու նաև տեսնում եք, թե ինչի համար է խորհուրդ տվել հենց այդ գիրքը»։
Երբ հարթակը նոր էր ստեղծվում, դրա նախատիպերը դեռ չկային։ Այսօր նմանատիպ մի քանի կայքեր կան, բայց Read This Twice-ը ոչ միայն առաջինն է, այլև ամենաընդգրկունը։ Read This Twice-ի տվյալների բազան անընդհատ մեծանում է, յուրաքանչյուր առաջարկություն նույնականացվում է և ներառում է սկզբնաղբյուրի հղում:
«Ենթադրենք՝ Մասկն ասում է սիրում եմ «The Story of Civilization» գիրքը, նաև հղում կա, թե որտեղ է նա դա ասել։ Մեր հարթակը միանգամից ցույց է տալիս իր համապատասխան թվիթը։ Այդ ֆորմատի մեջ նախադեպը չկար, երբ ես սկսեցի աաշխատել այս հարթակի վրա»։
Օրական շուրջ 10 հազար այցելուները հիմնականում Միացյալ Նահանգներից են, Կանադայից, Հնդկաստանից ու եվրոպական տարբեր երկրներից։ Նրանց 85 տոկոսը կայքը գտնում է որոնողական համակարգերից, հատկապես Google-ից։ Դե իսկ ավտոմատ համակարգը արհեստական բանականության շնորհիվ կարողանում է առանձնացնել գրքերի առաջարկները։ Հարթակում բոլոր գրքերի հետ Amazon-ի հղումներ են տրամադրում, որոնց միջոցով կարելի է պատվիրել նախընտրելի գիրքը։
«Հիմնականում մարդիկ են, որոնք սիրում են կարդալ։ Մտնում են, նոր գիրք են գտնում կարդալու։ Կամ երբ այդ 3000 հայտնի մարդկանցից ինչ–որ մեկին են հետևում։ Եվ երբ նրանց կողմից մի նոր խորհուրդ է լինում, այս մարդիկ տեսնում են։ Հայաստանից էլ ունենք օգտվողներ»։
Read This Twice-ը կարելի է օգտագործել նաև որպես անձնական գրադարան, կազմել ցանկեր, կիսվել դրանցով։ Հեղինակն առաջիկայում ծրագրում է զարգացնել հարթակի գաղափարը և AI-ի միջոցով նոր հնարավորություն ստեղծել ընթերցասերների համար՝ թույլ տալով խոսել գրքի հետ, հարցեր տալ ու ստանալ պատասխաններ։ Գաղափարը դեռ մշակման փուլում է։




