ԿարևորՀասարակությունՌեպորտաժներ

44-օրյա պատերազմի քննիչ հանձնաժողովում սպասում են Սամվել Շահրամանյանին ու Ջալալ Հարությունյանին

44-օրյա պատերազմի քննիչ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը հույս ունի, որ Սամվել Շահրամանյանն ու Ջալալ Հարությունյանը առաջիկայում կներկայանան հանձնաժողով: ԱԺ-ն արդեն նամակ է հղել Արցախի ներկայացուցչություն, իսկ Ջալալ Հարությունյանին Անդրանիկ Քոչարյանը հրավիրել է անձամբ։  Իրավական որոշ հարցեր լուծելուց հետո նա նույնպես կկարողանա գալ խորհրդարան։

«Շատ կարևոր է Սամվել Շահրամանյանին և Ջալալ Հարությունյանին քննիչ հանձնաժողովում լսելը։ Ես նկատեցի, որ տարբեր լրատվամիջոցներ գրում են, որ Շահրամանյանը չի պաշտոնավարել պատերազմի ընթացքում։ Բայց չպետք է մոռանալ, որ Սամվել Շահրամանյանը մինչև 2020 թ-ի մայիս եղել է ԱՀ ԱԱԾ տնօրեն»։

Պաշտոնյաների չներկայանալու դեպքում քննիչ հանձանաժողովը ոչինչ չի կարող անել։ Բայց, հանձնաժողովի նախագահի խոսքով, օրենսդրական փոփոխություններ են մշակվում, որոնց ընդունումը նախկին կամ գործող պաշտոնյաներին թույլ չի տա մերժել հանձնաժողովի հրավերները, նրանց ներկայանալն ու տեղեկություններ տրամադրելը պարտադիր կդարձնի։

Հարցին՝ նախատեսում են արդյոք լսել նաև 44-օրյա պատերազմի ընթացքում պաշտոնավարած Հայաստանի ԱԱԾ տնօրեն Արգիշտի Քյարամյանին, Անդրանիկ Քոչարյանը պատասխանեց․

«Մեզ հետաքրքրող հիմնական տեղեկատվությունը մենք ստացել ենք, և կարևոր չէ՝ մարդկանց հրավիրե՞լ ենք, թե՞ ոչ»։

2023 թ.-ի մայիսի 3-ին 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող խորհրդարանական քննիչ հանձնաժողովի լիազորությունների ժամկետը երկրորդ անգամ 6 ամսով երկարաձգվել էր։ Անդրանիկ Քոչարյանը վստահեցրել էր, որ սա վերջին երկարաձգումն է լինելու։ Ըստ այդմ՝ հանձնաժողովի լիազորությունների ժամկետը նոյեմբերի 3-ին լրացել է։

Օրերս «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը պարզաբանում էր պահանջել  հանձնաժողովը աշխատանքը երկարաձգելու հիմնավորումների վերաբերյալ։ Նա կարծում է, որ 2023 թ. օգոստոսի 11–ից հետո ԱԺ քննիչ հանձնաժողովն այլևս չունի լիազորություններ։ Գրավոր պատասխանում նշված հիմնավորումները  համոզիչ չի համարում։

«Հիմնավորման մեջ նշված է, որ երկու տարի շարունակ, ամեն տարի մեկ ամսով, հանձնաժողովի անդամ պատգամավորներն արձակուրդի մեջ են եղել, հետևաբար` հանձնաժողովի գործունեության ժամկետը երկարաձգվում է։ Այս հիմնավորման ապօրինի լինելու մասին համապատասխան գրությունն այսօր ուղարկելու ենք ՀՀ ԱԺ նախագահին և ակնկալում ենք, որ կարձանագրեք։ Եթե այս հարցման պատասխանի հիմնավորմամբ ՀՀ ԱԺ–ն փորձի առաջ գնալ, ապա դա կարող է առաջ բերել քրեաիրավական հետևանքներ»։

Խորհրդարանական հանձնաժողովը ստեղծվել է 44-օրյա պատերազմից շուրջ մեկուկես տարի անց։ Գրեթե նույնքան ժամանակ էլ աշխատել է։ Այս փուլում շարունակում է ստացված տեղեկությունների ու  փաստաթղթերի ուսումնասիրությունը, որին մասնակցում են հրավիրված մասնագետներ` նախկին և գործող զինվորականներ, քաղաքական բարձրաստիճան գործիչներ։ Հանձնաժողովում անհատական կարգով նյութեր են ներկայացնում նաև պատերազմի մասնակիցներ և զոհվածների հարազատներ։

Քննիչ հանձնաժողովը 2 անգամ լսել է ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանին, պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանին, ԳՇ գործող պետ Էդվարդ Ասրյանին, ԱԳ նախկին նախարար Զոհրաբ Մնացականյանին: Հանձնաժողովը նախատեսում  հրավիրվեր նաև Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանը, որն այսօր Բաքվի բանտում է։  2 անգամ  հանձնաժողովի անդամների  հարցերին  պատասխանել  է նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Եղել են նաև հանձնաժողովի հրավերները մերժող պաշտոնյաներ, մասնավերապես, ԱԳ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանն ու ԳՇ նախկին պետ Մովսես Հակոբյանը։

Կարդացեք նաև

Back to top button