
Այս պահին Armenian Code Academy տեխնոլոգական կրթության կենտրոնում Արցախից տեղահանված շուրջ հիսուն մարդ է սովորում։ Առաջիկայում այդպիսի հնարավորություն կունենան ևս 300-ը․ «Ֆիլիպ Մորիս Արմենիա» գիտահետազոտական կենտրոնը, «Հայ կրթական հիմնարկությունը», Krisp-ը, Easy Pay-ը և տեխնոլոգիական այլ առաջատար ընկերություններ միացել են Armenian Code Academy-ի՝ Արցախից բռնի տեղահանվածներին կրթաթոշակ տրամադրելու և կարճ ժամանակում նոր մասնագիտությամբ ու աշխատանքով ապահովելու նախաձեռնությանը։ Ծրագիրը մեկնարկել է հոկտեմբերի սկզբին, ասում է Code Academy-ի գործադիր տնօրեն Անահիտ Սարգսյանը․
«Որոշեցինք 50 կրթաթոշակ տրամադրել մեր տեղահանված հայրենակիցներին, որպեսզի կարողանան նոր կյանք սկսել, նոր մասնագիտություն ձեռք բերեն, ու մենք մտածել էինք, որ էդ 50 կրթաթոշակը մոտ 1-2 ամիս բավարար է դա, մինչև մարդիկ դիմեն, իրենց բոլորին քննություններով անցնենք և այլն, բայց ընդամենը 3 օրվա ընթացքում երևի 150-200 մարդ դիմեց էդ կրթաթոշակների համար և հասկացանք, որ բավարար չէ»։
Տեխնոլոգիական կրթությամբ հետաքրքրվողները տարբեր տարիքային խմբերի ու նախասիրությունների մարդիկ են։ Կան նույնիսկ 60 տարեկան ուսանողներ, որոնք հետաքրքրված են, օրինակ, դիզայնով։
«Դեռ չունենք ուսանողներ, որոնք ավարտել են, բայց դասընթացները կարող են տևել 3-ից մինչև 9 ամիս, ենթադրենք, եթե ինքը ծրագրավորման լեզու է, փուլային է, մի քանի հատ լեզուներ պետք է անցնեն, բայց կան դասընթացներ, որոնք ավելի կարճ են, օրինակ՝ թվային մարքեթինգը 3 ամիս է, կամ տվյալների վերլուծությունը 4 ամիս է։ Մենք սկզբում սահմանել էինք ինչ-որ ուղղություններ, որոնց շրջանակում կարող էին դիմել կրթաթոշակի, բայց հիմա գրեթե սահմանափակում չենք դնում, այսինքն մեր ծրագրի շրջանում ցանակցած մասնագիտության կարող են դիմել»,- ասում է Անահիտ Սարգսյանը։
Նախաձեռնությանը միացած «Ֆիլիպ Մորիս Արմենիա» գիտահետազոտական կենտրոնի ղեկավար Վահե Դանիելյանը ասում է՝ այս ծրագիրը ոչ միայն հնարավորություն է տալիս լուծելու Արցախից տեղահանվածների կրթության և զբաղվածության հարցը, այլև իրենց՝ տեխնոլոգիական ընկերություններին՝ համալրվելու նոր մասնագետներով․
«Մենք նաև էս ծրագրից հետո ուրախությամբ սպասելու ենք և մրցելու ենք մեր գործընկերների հետ, որպեսզի երիտասարդները համալրեն նաև մեր ընկերության մաթեմատիկական, ծրագրավորման բաժինները, և էս տեսանկյունից նաև ցանկանում եմ, որ էս նախաձեռնությունը մեծանա և լայնանա, այսինքն չսահմանափակվենք 300 երիտասարդով»։

«Հայ կրթական հիմնարկությունը», որը Հայաստանում գործող ամենամեծ կրթաթոշակային կազմակերպությունն է, առաջին անգամ չէ, որ համագործակցում է Armenian Code Academy-ի հետ։ Կազմակերպության գործադիր տնօրեն Արմինե Հարոյանը կարևորում է հատկապես ՏՏ ոլորտի կրթական ծրագրերի հովանավորումը և իրագործումը։
«Երբ նման նախաձեռնությամբ հանդես եկավ Կոդ ակադեմիան, արդեն երկար մտածելու- քննարկելու առիթ էլ չունեինք, քանի որ մեր հիմանական գործունեությունը կրթությանը ուղղված գործունեություն իրականացնելն է, այսինքն տալիս ենք կրթաթոշակ, չենք կարող անմասն մնալ ու մանավանդ, որ խոսքը վերաբերում է Արցախից եկած ուսանողներին։ Եվ միանգամից շատ մեծ ուրախությամբ համաձայնեցինք»,մանրամասնում է Հարոյանը։
Բացի ֆինանսավորումը, «Հայ կրթական հիմնարկությունը» նաև աջակցում է ուսանողներին աշխատանք գտնելու և ոլորտում մրցունակ դառնալու հարցում։
Տեխնոլոգիական կենտրոնների ներկայացուցիչներն ու ծրագրի կազմակերպիչները կարևորում են նաև այն, որ արցախցի ուսանողները ոչ թե առանձին խմբեր են ձևավորելու, այլ սովորելու են մյուսների հետ, կրթական միջավայրը դառնալու է նաև ինտեգրման և թիմային աշխատանքի միջավայր։




