ԿարևորՀասարակությունՌեպորտաժներ

Ե՞րբ կտպվեն կենսաչափական նոր անձնագրերը․ Ազգային ժողովում հարցի պատասխանը չեն գտել

Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունել է «ՀՀ քաղաքացու անձնագրի» և «Նույնականացման քարտերի մասին» օրենքներում փոփոխությունների նախագիծը։  Ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայությունն առաջարկում է անորոշ ժամկետով երկարաձգել ՀՀ քաղաքացիներին հին նմուշի անձնագրեր տրամադրելու գործընթացը, քանի դեռ համակարգը պատրաստ չէ կենսաչափական անձնագրեր տրամադրել։ Նախագծի քննարկման ժամանակ օրենսդիրը հիշեցրել է՝ դեռ 1 տարի առաջ Ոստիկանությունը խոստանում  էր 12 ամսվա ընթացքում կարգավորել հարցը։ Այսօր արդեն գործադիրը խուսափում է ժամկետներ նշել, թե ի վերջո երբ քաղաքացիները կկարողանան կենսաչափական անձնագրեր ստանալ։

Կառավարությունն առաջարկում է անորոշ ժամկետով երկարաձգել Հայաստանի քաղաքացիներին կենսաչափական տվյալներ չպարունակող, «սովորական» անձնագրեր տրամադրելու գործընթացը, քանի որ համակարգը առայժմ պատրաստ չէ կենսաչափական, այլ կերպ ասած, չիպով անձնագրեր տրամադրելուն։

Դեռ 2017թ․ ավարտվել է կենսաչափական անձնագրերի և նույնականացման քարտերի համակարգը սպասարկող լեհական ընկերության հետ Հայաստանի կնքած պայմանագրի ժամկետը։ Արդեն  6 տարի աշխատանքներ են տարվում համակարգը արդիականացնելու և լեհական ընկերությանը փոխարինող գտնելու ուղղությամբ։ Ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Արմեն Ղազարյանը օրենսդիրին բացատրում է՝ այս տարիների ընթացքում որոշում է կայացվել հիմնովին փոխել համակարգը և արտապատվիրակել հանրային մասնավոր սեկտորին։

«Հետևաբար, առաջարկում ենք այս նախագծով հնարավորություն տալ լիազոր մարմնին դեռևս տրամադրել հին նմուշի անձնագրեր մինչև համակարգի ամբողջական արդիականացումը և ներդրումը»,– ասում է Ղազարյանը։

Ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Արմեն Ղազարյան

Ուղիղ մեկ տարի առաջ նույնաբովանդակ նախագծով Ազգային ժողովում էր այն ժամանակ Ոստիկանության ներկայացուցիչ Արա Ֆիդանյանը։ Նա օրենսդրից խնդրում էր ևս 1 տարի ժամանակ տալ համակարգը կարգի բերելու և կենսաչափական անձնագրերը վերաթողարկելու համար։ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Արսեն Թորոսյանը հիշեցնում է․

«Դեռ այն ժամանակ մեր գործընկերները հույս էին հայտնում, որ այս խոսակցությունն այլևս տեղի չի ունենա այստեղ, բայց, փաստորեն, նորից այս մասին ենք խոսում։ Մենք հասկացանք, որ ինչ–որ գործընթացներ են տեղի ունենում, բայց մեր քաղաքացիներին տեխնիկական մանրամասները հետաքրքիր չեն։ Ի՞նչ եք կարծում, իրոք այս խոսակցությունը վերջինը կլինի»,– հարցնում է Թորոսյանը։

Արմեն Ղազարյանը պատասխանում է․ «Այս փոփոխության ընդունման պարագայում, այո՛, այս խոսակցությունը կլինի վերջինը»։

Պատասխանը պատգամավորներին չհամոզեց։ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Վահագն Ալեքսանյանը խնդրում է կոնկրետ ժամկետներով խոսել․ ի վերջո ե՞րբ ՀՀ քաղաքացիները կստանան երկար սպասված կենսաչափական անձնագրերն ու նույնականացման քարտերը։ Արմեն Ղազարյանը շեշտում է՝ նույնականացման քարտերի տրամադրման խնդիր այս պահին չկա, իսկ կենսաչափականի վերաբերյալ խուսափում է ժամկետեր նշելուց։

«Ժամանակացույցը նախատեսված է «Պետություն–մասնավոր գործընկերության մասին» օրենքով, և մենք հենց այդ ժամանակացույցով էլ առաջ ենք շարժվում։ Առջևում ունենք նախաորակավորման, այնուհետև մրցութային ու տեխնիկական ներդրման փուլեր։  Ես հիմա մոտավոր ժամկետեր չէի ցանկանա նշել, քանի որ յուրաքանչյուր փուլը կարող է որոշակի տեխնիկական և այլ խնդիրներ ունենալ։ Հիմա մենք գործընկերային մթնոլորտում փորձում ենք համակարգի ներդրումը հնարավորինս արագ տեմպերով առաջ տանել»։

Ծրագրի համաձայն՝ պետությունը մասնավորին կարտապատվիրակի կենսաչափական անձնագրերի արտադրական և ծառայությունների մատուցման գործընթացը, իսկ պետական մարմինները կիրականացնեն վերահսկողությունը՝ մանրամասնում է միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետը։ Այս հարցում ևս օրենսդիրները մտահոգություններ ունեն․ ռիսկեր են տեսնում, առաջարկում են վերանայել որոշումը ու հրաժարվել պետություն–մասնավոր համագործակցության մոդելից։

«Ես կարծում եմ, որ սա ոչ միայն ռազմավարական հարց է, այլ նաև ազգային անվտանգության հարց է, քանի որ խոսք է գնում մեր բոլոր քաղաքացիների անձնական տվյալների պահպանության մասին։ Մենք պետք է հասկանանք՝ ի՞նչ մասնավոր ընկերություն է, արդյոք կա՞ այնտեղ օտարերկրյա մասնակցություն․ այս բոլոր հարցերը լրջագույն ուսումնասիրության պետք է ենթարկվեն»,– ասում է պատգամավոր Վահագն Ալեքսանյանը։

Չնայած մտահոգություններին՝ իշխանական պատգամավորները հորդորեցին կողմ քվեարկել նախագծին, քանի որ հակառակ դեպքում հունվարի 1-ից ՀՀ քաղաքացիներն առհասարակ անձնագրեր ստանալու հնարավորություն չեն ունենա։ Օրենսդրական փաթեթն առաջին ընթերցմամբ ընդունվեց ձայների 56 կողմ,  1 դեմ, 24 ձեռնպահ հարաբերակցությամբ։ Երկրորդ ընթերցմամբ քվեարկությունը  կկազմակերպվի առաջինից հետո 24 ժամվա ընթացքում։

Կարդացեք նաև

Back to top button