
82 բնակավայրի գազի, լույսի, ոռոգման ջրի դիմաց փոխհատուցում տրամադրելու օրենքը երկարաձգվել է ևս 3 տարով, հայտնում են ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից։
Ազգային ժողովի նոյեմբերի 14-ի նիստի ժամանակ ՏԿԵ նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը ներկայացրել է «Ֆինանսական համահարթեցման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը՝ համաձայն որի իրականացվում է 82 բնակավայրի գազի, լույսի, ոռոգման ջրի դիմաց փոխհատուցում։
Օրենքը գործում է 2015 թվականից, մայր օրենքն ընդունվել էր 3 տարի ժամկետով, և այն իր գործողության ժամկետի մեջ 2 անգամ երկարաձգվել է:
Սոցաջակցություն է տրամադրվելու Արարատի 2 համայնքի, Գեղարքունիքի՝ 3, Վայոց ձորի՝ 2, Սյունիքի՝ 5, Տավուշի՝ 11 համայնքի: Դրանք 23 համայնք են, որոնց մեջ ընդգրկված է 82 բնակավայր:




