Հասարակություն

Կարմիր բլուրում հայտնաբերել են ԴՆԹ նմուշ. անալիզն անցկացնում են անհատույց՝ Կոպենհագենում

Լենա Բադեյան
«Ռադիոլուր»

Մինչեւ ապրիլի վերջը Երեւանի պատմության թանգարանում ներկայացվելու է «Պատմության հետքերով» վերնագրով բացառիկ մի ցուցահանդես: Բացառիկությունն այն է, որ 2013 թվականը արժեքավոր էր Կարմիր բլուրում իրականացվող պեղումների համար: «Հայտնաբերվել են աննախադեպ գտածոներ, որոնք պարունակում են ահռելի ինֆորմացիա եւ սրբագրելու են մեր պատմությունը»,- այսօր ասել է «Պատմամշակութային ժառանգություն» գիտահետազոտական կենտրոնի տնօրեն, Կարմիր բլուր հնավայրում պեղումներ իրականցնող արշավախմբի ղեկավար Հակոբ Սիմոնյանը։ 

Եթե չլիներ Երեւանի կենտրոնը շրջանցող Արգավանդ- Շիրակ ճանապարհը կառուցելու նախագիծը, Հայաստանը կկորցներ հնագիտական ամենանշանավոր հուշարձաններից մեկը: «Պատմամշակութային ժառանգություն» գիտահետազոտական կենտրոնի տնօրեն, Կարմիր բլուր հնարավայրում պեղումներ իրականցնող արշավախմբի ղեկավար Հակոբ Սիմոնյանը այս դեպքում գոհ է ժամանակակից շինարարությունից: Թեեւ հնավայրում պեղումները սկսվել են դեռեւս 1930-ական թվականներին, բայց պատշաճ ուշադրության բացակայությունը տարիների ընթացքում հնավայրը վերածեց շինանյութի աղբանոցի: Ամենամեծ վտանգը, սակայն, այսօրվա ընդլայնվող գերեզմանատունն էր

2013 թվականին Կարմիր բլուրի տարածքի մի հսկայական մասում արշավախումբը հայտնաբերեց դամբարանադաշտ: Մասնագետների ներկայացմամբ` սա կարեւոր հայտնագործություն է, ինչը կարող է շատ հարցերի պատասխաններ տալ եւ ինչու չէ` սրբագրել մեր պատմությունը։

Ի դեպ՝ Կարմիր բլուրի գտածոներից երկու ատամ ուղարկվել է Կոպենհագեն` ԴՆԹ անալիզի: Այս հարցում նույնպես փոքրիկ, բայց աննախադեպ հաջողություն արդեն կա, ասում է Հակոբ Սիմոնյանը։ «ԴՆԹ-ի ամեն մի անալիզը մի քանի հազար եվրո է: Այս անգամ բարի կամք են ցուցադրել, անում են անհատույց: Արդեն կատարել են առաջին վերլուծությունը՝ ԴՆԹ կա։ Սա արդեն ամենամեծ բանն է, որովհետեւ շատ հաճախ երկար պրոցես անցնելուց հետո պարզվում է, որ հնագիտական օբյեկտների մեջ ԴՆԹ-ն չի պահպանվել: Ինձ թվում է մեկ երկու ամիսց մենք կունենանք ԴՆԹ-ի առաջին տվյալները: Կարելի է պարզել, թե ինչպիսի կապ կա թաղվածների միջեւ, այնուհետեւ դա կարելի է համեմատել տեղի այլ դամբարանների հետ, վերջիվերջո համեմատել մեր ԴՆԹ-ի հետ եւ տեսնել` ինչպիսի հարաբերություններ մենք  ունենք»,- ասում է Հայկ Սիմոնյանը։

Նշենք, որ դամբարանադաշտը հստակ թվագրվում է մթա  7-6 դարեր։ Արդեն պեղվել է մոտավորապես 30 դամբարան եւ որոշ պատկերացում արդեն կարելի է կազմել, թե ինչպես էին ապրում Կարմիր բլուրի բնակիչները։ «Փաստորեն մենք չորս հատ կուռք ենք հայտնաբերել, որոնք աչքեր են դեպի երկինք բարձրացված, կարծես թե: Նախնական մեր կարծիքով սրանք նախատեսված են մահացածների անդորրը պաշտպանելու եւ աստվածներից գութ հայցելու համար: Տեսեք ինչ հսկայական խտություն է, յուրաքանչյուր 10-12 մետրի վրա մեկ դամբարան: Այստեղ մի խիստ բարձրահասակ կին էր թաղված, երկար գեղեցիկ մատներով, մոտավորապես 40-45 տարեկան: Նրա ոտքերի մոտ ստրուկներ կային, որ զոհաբերվել էին նրա մահից հետո»։

Նշենք, որ եզակի դեպքերից է, երբ պետությունը ըմբռնումով է մոտեցել պեղումներ իրականացնելու կարեւորությանը: Պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ տարածքում նախ կաշխատեն հնագետները: Ընդհանրապես՝ աշխարհում ընդունված է «փրկարարական պեղումների» գաղափարը։  Հակոբ Սիմոնյանը անհանգստանում է. դամբարանադաշտը մեծ է, աշխատանքը շատ, միգուցե չհասցնեն ավարտել ամբողջ աշխատանքը մինչեւ հաջորդ տարի: Հենց այդ ժամկետն է տրված Արգավանդ- Շիրակ ճանապարհի կառուցման համար։

Կարդացեք նաև
Close
Back to top button