
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ մեկնաբանելով «Մեծ յոթնյակի» երկրների հայտարարությունը` X–ի իր միկրոբլոգում գրել է․
«Ողջունելով G7-ի հայտարարությունը՝ մենք ընդգծում ենք, որ միջազգային վճռական քայլերը և ներգրավված բոլոր կողմերի հստակ հրապարակային պարտավորությունները առաջնային նշանակություն ունեն Գրանադայի հայտարարության համաձայն Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված հայերի կարիքների բավարարման համար»։
Հայ–ադրբեջանական հակամարտության խնդիրը քննարկման թեմա է դարձել Տոկիում՝ G7-ի երկրների արտգործնախարարների հանդիպման ժամանակ։ Մասնակից երկրները համատեղ հայտարարությամբ ընդգծել են, որ խիստ անհանգստացած են Ադրբեջանի կողմից ռազմական գործողության իրականացումից հետո ԼՂ-ից հայերի տեղահանման հումանիտար հետևանքներով և կոչ են արել Բաքվին կատարել միջազգային հումանիտար իրավունքի շրջանակում իր պարտավորությունները։
G7-ի երկրների հայտարարության մեջ նաև նշվում է, որ աջակցում են Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն և երկարատև խաղաղության հաստատմանն ուղղված քայլերին՝ ուժի չկիրառման, ինքնիշխանության պահպանման, սահմանների անխախտելիության և տարածքային ամբողջականության սկզբունքների հիման վրա։




