ԿարևորՌեպորտաժներՔաղաքական

Կա զգուշավոր լավատեսություն 2024 թ․ «Խաղաղության պայմանագիր» կնքելու հարցում․ ՔՊ պատգամավոր

Հրապարակային քաղաքական հայտարարություններում գերտերությունները խոսում են խաղաղության մասին, սակայն ռազմաքաղաքական դաշինքներում շեշտվում է Հարավային Կովկասում ծանր իրավիճակը, նշվում է իրավիճակը լիցքաթափելու անհրաժեշտության մասին։ Փորձագետներն ու քաղաքական գործիչներն իրենց դիտարկումներ ունեն հնչող հայտարարությունների մասին։ Թեև այս պահին որևէ հարթակում՝ եվրոպական, ռուսական կամ վաշինգտոնյան բանակցություններ նախատեսված չեն, դա չի նշանակում, որ աշխատանք չի տարվում «Խաղաղության պայմանագրի» ուղղությամբ, վստահեցնում է քաղաքական գործիչը։

ԱՄՆ և ՌԴ ևս մեկ անգամ հրապարակային հայտարարում են, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության հաստատումը իրենց համար օրակարգային է և առաջնահերթ։ Խաղաղության մղումների մասին պնդումների համատեքստում ԱԺ ՔՊ խմբակցության անդամ Գևորգ Պապոյանը խոսում է 2024 թվականին «Խաղաղության պայմանագրի» ստորագրման հարցում զգուշավոր լավատեսության մասին․

«Պետք է ասել, որ այն զգուշավոր լավատեսությունը որ ունենք 2024 թ «Խաղաղության պայմանագրի» կնքման հետ պահպանվում է, քանի որ հիմնական, առանցքային հարցերի շուրջ ըմբռնում կա։ Միակ հարցը որի շուրջ չկար ըմբռնում դա այսպես կոչված «միջանցքի» հարցն է, բայց այն իմ տպավորությամբ, գոնե հրապարակային հայտարարություններում, Ադրբեջանի և Թուրքիայի իշխանությունների խոսույթից դուրս է եկել։ Նույնիսկ ընդհակառակը, իրենք ասում են, որ իրենց համար տնտեսապես ավելի հարմար ճնապարհ են գտել իրենց համար։ Երկար ժամանակ գործընթացին հենց  դա էր խանգարում, որորվհետև դա Հայաստանի համար «կարմիր գիծ» էր։ Ենթադրում եմ, որ հիմա նստելու և վերջնական տեքստի վրա աշխատելու համար Հայաստանի համար ոչինչ չի խանգարում»։

Հայաստանը պատրաստ է 1974-1975 թթ քարտեզներով պայմանավորվել սահմանազատման, սահմանագծման ու ճանապարհների ապաշրջափակման շուրջ, հստակեցնում է պատգամավոր Պապոյանը։

Թեև Բաքուն հրաժարվում է Արևմտյան հարթակներում բանակցություններին  մասնակցելուց, ԱՄՆ պետդեպի փոխխոսնակը նշում է, որ վաշինգտոնյան հարթակը կենսական է բանակցությունների հաջորդ փուլի համար։ ԱՄՆ-ի պետդեպարտամենտի փոխխոսնակ Վեդանտ Պատելը նախօրեին հայտարարել էր, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունը ԱՄՆ-ի համար շարունակում է մնալ առաջնահերթություն։

Մոսկվայում անցկացվող ԱՊՀ Անվտանգության խորհրդի քարտուղարների հանդիպման ժամանակ էլ, որին մասնակցում էր Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վաղարշակ Հարությունյանը, Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևը հայտարարել էր, որ հայ-ադրբեջանական կարգավորումը հնարավոր է, եթե դրան չմիջամտեն ոչ տարածաշրջանային երկրները։ Ռուսաստանը, Պատրուշևի կարծիքով, հետևողական քայլեր է ձեռնարկում, որ Երևանն ու Բաքուն խաղաղության պայմանագիր կնքեն,  տեղի ունենա սահմանազատում, բացվեն հաղորդակցության ուղիները:

Ի՞նչ են տալիս այդ մղումները, եթե Ադրբեջանը հրաժարվում է բանակցություններից։ ԱԺ ՔՊ խմբակցության անդամ Գևորգ Պապոյանը բանակցությունների առումով պնդում է, որ գործընթացը չի դադարել․

«Իրական բանակցություններն ընթանում են ոչ թե բանակցությունների ժամանակ, այլ խորհրդապահական խողովակներով կամ թղթեր փոխանցելով, ուղարկելով, որովհետև վերջում, երբ հավաքվում են երկրների ղեկավարները, իրենք ամփոփում են մեծ հաշվով կատարված աշխատանքը և ինչ-որ եզրակացությունների են գալիս և հետո գնում ենք մեկ քայլ առաջ։ Կարծում եմ, որ այդ առումով պրոցեսը չի դադարել։ Միգուցե ակտիվ հանդիպումներ չկան, և դրա վրա գուցե աշխարհաքաղաքական տարբեր գործոններ են ազդել, այդ թվում արաբա-իսրայելական պատերազմը»։

Քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանը, սակայն, համոզված է, որ չկա հայ-ադրբեջանական հարաբերության կարգավորման խնդիր, կա հայ-ադրբեջանական կոնֆլիկտի կառավարման հարց, և այդ հարցով զբաղված են աշխարհաքաղաքական ուժային կենտրոնները: Նա որպես հայ-ադրբեջանական հակամարտության կառավարման ռեժիմի տեսակ նշում է օրինակ ԽՍՀՄ-ը։ Կառավարման ռեժիմի տեսակ էր նաև Մինսկի խմբի համանախագահությունը: Ո՞րը կլինի կառավարման նոր ռեժիմը՝ կորոշեն այսօր միմյանց դեմ պատերազմող ուժային կենտրոնները, գրում է Բադալյանը, հուշելով այս իրավիճակում Հայաստանի անելիքը:

«Իրական քաղաքականության մեջ կա ոչ թե կոնֆլիկտի կարգավորում, այլ կառավարում, այսինքն՝ պայմանավորվածություններ՝ մակրո, այսինքն գերտերությունների մակարդակում, և միկրո՝ կոնֆլիկտող կողմերի, որը որպես կանոն լինում է մակրո մակարդակում պայմանավորվածության արդյունք:

Հենց փլվում է կառավարման ռեժիմը՝ անմիջապես գլուխ է բարձրացնում կոնֆլիկտը: Ընդ որում, դա մենք տեսնում ենք ընդհուպ այսօրվա եվրոպական իրողություններում:

Այդպիսով, մեզանից կախված անելիքը կարգավորումը չէ, մեզանից կախված անելիքը այնպիսի պետական, հանրային, քաղաքական, դիվանագիտական, տնտեսական, պաշտպանական ներուժի ձևավորումն է, որը մեզ պայմանավորվածությունների օբյեկտից կդարձնի պայմանավորվածությունների սուբյեկտ»:

ԱՊՀ անդամ երկրների անվտանգության խորհուրդների քարտուղարների նիստում ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովը հայտարարել է, որ Հարավային Կովկասում իրավիճակը ծանր է և պետք է պատրաստ լինել համատեղ ուժերով հետ մղելու նոր սպառնալիքները և չեզոքացնելու տարածաշրջանային անվտանգության մարտահրավերները։

Հայ–ադրբեջանական հակամարտության խնդիրը քննարկման թեմա է դարձել նաև Տոկիում՝ G7-ի երկրների արտգործնախարարների հանդիպման ժամանակ։ Մասնակից երկրները համատեղ հայտարարությամբ ընդգծել են, որ խիստ անհանգստացած են Ադրբեջանի կողմից ռազմական գործողության իրականացումից հետո ԼՂ-ից հայերի տեղահանման հումանիտար հետևանքներով և կոչ են արել Բաքվին կատարել միջազգային հումանիտար իրավունքի շրջանակում իր պարտավորությունները։

G7-ի երկրների հայտարարության մեջ նաև նշվում է, որ աջակցում են Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն և երկարատև խաղաղության հաստատմանն ուղղված քայլերին՝ ուժի չկիրառման, ինքնիշխանության պահպանման, սահմանների անխախտելիության և տարածքային ամբողջականության սկզբունքների հիման վրա։

Back to top button