ԿարևորՀասարակություն

2024-ին կավելացվի առողջապահության բյուջեն․ նախատեսվում է բարձրացնել բուժաշխատողների աշխատավարձը

2023թ․ համեմատ 2024թ–ին առողջապահության ոլորտին հատկացվող բյուջեի աճը զգալի է․ Ազգային ժողովում հաջորդ տարվա պետական բյուջեի նախագծի ոլորտային քննարկման ժամանակ ընդգծել է նախարար Անահիտ Ավանեսյանը։ Գործադիրը նախատեսում է 2024-ին 14 տոկոսով, կամ 21 միլիարդ դրամով ավելացնել ոլորտի ֆինանսավորումը՝ ընդհանուր գումարը հասցնելով 168 միլիարդ դրամի։ Նախարարը մանրամասնել է՝ հաջորդ տարի հատկացվող միջոցները կուղղվեն ոչ միայն բուժհաստատությունների վերանորոգմանը, կառուցմանը կամ վերազինմանը, այլև մատուցվող ծառայությունների շրջանակի վերանայմանը և բուժաշխատողների աշխատավարձերի ավելացմանը։ 2024-ին շուրջ 18 միլիարդ դրամ կուղղվի նաև հաջորդ տարի մեկնարկող առողջության համապարփակ ապահովագրության համակարգի ներդրմանը։

Հաջորդ տարի շուրջ 14 տոկոսով կավելացվի առողջապահության ոլորտի պետական ֆինանսավորումը։ 2024-ի պետական բյուջեի խորհրդարանական քննարկումների ժամանակ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը մանրամասնում է՝ նախատեսում են ոլորտին 168 միլիարդ 22 միլիոն դրամ հատկացնել, որը 21 միլիարդ դրամով ավելին է նախորդ տարվա՝ 2023թ առողջապահությանը հատկացված բյուջեից։

«Ընդհանուր առմամբ մենք գիտենք, որ առողջապահության ոլորտում մեր կատարած ներդրումների ազդեցությունը դրական է լինելու․ այսինքն այն փողը, որը մենք կծախսենք, դրական արդյունքն կունենա մեր երկրի համար»։

Պետբյուջեի նախագծով նախատեսվում է շուրջ 18 միլիարդ դրամ հատկացնել հաջորդ տարի մեկնարկող առողջության համապարփակ ապահովագրության ներդրմանը։ Ընթացիկ տարում գործադիրը ընդունել է համապարփակ ապահովագրության հայեցակարգը, ըստ որի առաջիկայում կանցնեն օրենսդրական կարգովորումների մշակմանը․ ֆինանսների նախարարը հստակցնում է՝ 18 միլիարդը դեռևս չբաշխված գումար է, որը, ծրագրերի հստակեցումից հետո, կբաշխվի տարբեր միջոցառումների միջև։

Առողջապահական ապահովագրության ներդրումը ոչ միայն ֆինանսական միջոցների ու ծախսերի ավելացում, այլև խորքային որակական ու սկզբունքային փոփոխություններ կբերի առողջապահության համակարգում՝ ընդգծում է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։ 2024թ պետբյուջեի նախագծով նախատեսվում է ավելացնել նաև կապիտակ ծախսերը՝ կազմելով շուրջ 12 միլիարդ դրամ՝ մանրամասնում է նախարարը։

«2018թ մեր կապիտալ ծախսերը եղել են1.3 միլիարդ դրամ, իսկ 2024թ մենք ունենք11 միլիարդից ավելի գումար կապիտալ ծախսերին հատկացված։ Այս համատեքստում նշեմ, որ մինչև 2026թ մենք պետք է վերակառուցենք, կառուցենք, վերազինենք առնվազն 50 առողջապահական կազմակերպություն։ Ընթացիկ կապիտալ ծախսերը, որոնք շարունակվելու են հաջորդ տարվա ընթացքում և ավարտվելու են 2025թ, դրա մեջ մտնում է Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնը, Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնը և Սիսիանի բժշկական կենտրոնը, այս բոլոր շինարարությունները կավարտվեն 2025թ»,– ասում է Ավանեսյանը։

Օրենսդրի գործընկերները հետաքրքրվում են՝ ինչու է նախարարը բյուջեն ներկայացնելիս շեշտը դնում շենքային պայմանների ու շինարարության վրա, եթե նաև բուժհաստատությունները սարքավորումներով հագեցնելու կարիք կա։ Անահիտ Ավանեսյանը համաձայն է՝ ուշադրությունը ոչ միայն կապիտալ ներդրումներին, այլև բովանդակության ու բուժծառայությունների որակի բարձրացման վրա պետք է լինի։

«Որակի համար ամենակարևորը, այո, ենթակառուցվածքներն են․ եթե մենք չունենք պատշաճ որակի շենք, ջեռուցում, տաք ջուր ու պայմաններ, չենք կարող խոսել բժշկական սպասարկման որակից։ Հաջորդը, այո, սարքավորումներն են, հետո նաև բուժանձնակազմի վերապատրաստման, որակի ապահովման համակարգերի գործարկման, լիցենզավորման պայմանների փոփոխության։ Ամեն ինչ փոխկապակցված է, մենք չենք կարող խոսել որակյալ ծառայություններից, եթե այդ ծառայության շրջանակը, բովանդակությունը, գները ճիշտ հաշվարկված չեն»,– մանրամասնում է նախարարը։

2024-ին այս տարվա համեմատ շուրջ 16.5 տոկոսով կավելացվի նաև Իմունականխարգելման ազգային ծրագրի բյուջեն,  ինչի շնորհիվ Հայաստանում կներդրվի ջրծաղիկի պատվաստանյութի կիրառումը։ Կվերանայվի նաև պետպատվերով ծառայությունների քանակը՝ ընդգծել է առողջապահության նախարարը ու հիշեցրել՝ Արցախից բռնի տեղահանված հայրենակիցները ևս օգտվում են Հայաստանում գործող թե՛ ամբուլատոր, թե՛ հիվանդանոցային բժշկական ամենամեծ փաթեթից։

«Ամենալայն շրջանակը, որ հասանելի է Հայաստանի քաղաքացու համար, հասանելի է նաև նրանց համար: Այստեղ հրահանգների որևէ թեմա չկա, և ֆինանսավորումն իրականացվում է դեպքերի տրամաբանությամբ. կլինի ծառայություն ստացող, ապա կենտրոնը տվյալ ծառայության համար կստանա փոխհատուցում: Ամբուլատոր հատվածում մենք ունենք արդեն 50 հազարից ավելի կցագրված մեր հայրենակիցներ. սա շատ կարևոր աշխատանք էր, որ մենք բավական արագ տեմպերով գնում ենք. մեզ համար կարևորն արագ ընդգրկել նրանց ծառայությունները ստանալու շղթայի մեջ»։

2024թ պետբյուջեով ամենամեծ հավելումներից մեկը նախատեսված է ամբուլատոր–պոլիկլինիկական բժշկական ծառայությունների համար։ Նախագծով ոլորտին կտրամադրվեն շուրջ 11 տոկոս ավելի միջոցներ, քան տրամադրվել է ընթացիկ տարվա պետբյուջեով։ Առողջապահության նախարարը մանրամասնել է՝ այս միջոցները ուղղվելու են ոչ միայն ծառայությունների շրջանակի, այլև առաջնային օղակի մեջ ներառված հետազոտությունների քանակի ու ծավալների ընդլայնմանը և բուժաշխատողների աշխատավարձերի հաջորդիվ բարձրացմանը։

Back to top button