Կյանքին ասել այո՛Տեսանյութեր

Հենց ուզում եմ թուլանալ, հիշում եմ ամուսնուս խոսքերը՝ դու ուժեղ ես, ես գիտեմ, դու կարող ես․ Դիանա Վարդանյան․ «Կյանքին ասել այո՛»

Դիանա Վարդանյանը ծնվել է 1993 թվականին Հադրութի շրջանի Մեծ թաղեր գյուղում։  1986 թվականին նույն գյուղում է ծնվել նաև  ամուսինը՝ Էռնեստ Վարդանյանը։ Երբ ծանոթացան, Դիանան դեռ դպրոցական էր, իսկ Էռնեստն արդեն ավարտել էր Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտն ու աշխատանքի անցել  7-րդ պաշտպանականի «Եղնիկներ» կոչվող զորամասում։ Ամուսնացան 2012-ին, ունեցան երկու զավակ՝ Վահանն ու Նատալին։ 2013-ին Էռնեստ Վարդանյանը տեղափոխվեց Հադրութի զորամաս՝ որպես տեխնիկական մասի  պատասխանատուի օգնական։  

2015-ին Դիանան ավարտեց Հայաստանի ազգային ագրարային համալսարանի Ստեփանակերտի մասնաճյուղը։ Մասնագիտությամբ գյուղատնտես է։ 2020-ի սեպտեմբերին, երբ պայթեց 44-օրյա պատերազմը, Էռնեստ Վարդանյանը Հադրութի  զորամասի գումարտակի հրամանատարի տեղակալն էր։ Կռվել է հիմնականում Հադրութում,  Ջրականում,  Մարտունիում։ Դիանան երեխաների հետ Հայաստան է տեղափոխվել  2020-ի սեպտեմբերի 29-ին։ Հայաստանում էլ  լսեց  չարաբաստիկ լուրը՝ Էռնեստը չկա։  Զոհվել էր նոյեմբերի 8-ին Շուշիի Քարին տակ կոչվող  հատվածում։

«Զգում եմ, որ  ուսերիս այսօր մեծ պատասխանատվություն է դրված, դա պատասխանատվությունն է երեխաներիս առաջ, թուլանալու իրավունք չունեմ։ Հենց մի պահ ուզում եմ թուլանալ, հիշում եմ ամուսնուս խոսքերը՝  դու ուժեղ ես, ես գիտեմ, դու կարող ես»,-ասում է Դիանան։

Back to top button