ԿարևորՔաղաքական

Գերմանիան Հայաստանի կողքին կարող է լինել նաև անվտանգության հարցերում․ Անալենա Բերբոք

Երևանում է ԳԴՀ արտգործնախարար Անալենա Բերբոքը։ Սա նրա առաջին այցն է Հայաստան։ Նախատեսվում է հանդիպում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, այցելություն Եվրամիության դիտորդական առաքելություն և Լեռնային Ղարաբաղից փախստականների ընդունման կենտրոն։ Գերմանիայի ԱԳ նախարարն արդեն եղել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում, հարգանքի տուրք մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին, նաև հանդիպել է ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ, առանձնազրույցից հետո երկու երկրների պաշտոնյաները պատասխանել ենլրագրողների  հարցերին։

Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանն արձանագրում է՝ ունենք արցախահայերի բռնի տեղահանություն, Հայաստանի տարածքների օկուպացիա, կան գերիներ, սակայն ՀՀ–ն պատրաստ է խաղաղաության հանստատման ուղղությամբ քայլերի իրականացմանը և կարևորում է այդ հարցում Գերմանիայի ջանքերը։

«Այսօր էլ մենք, ցավոք, դեռ  ունենք մտավախություններ, որ հարևան երկրների կողմից, մասնավորապես Ադրբեջանի դեռ կան հավակնություններ, այս կամ այն կերպ տարածքային պահանջներ ՀՀ–ի նկատմամբ։ Կան որոշակի վերապահումներ ՀՀ ինքնիշխանության նկտմամբ, մասնավորապես երբ խոսքը տարածաշրջանային ենթակառուցվածքների մասին է։ Այնպես, որ այդ մտավախությունները դեռ կան։ Ունենք չորս հարևան որոնցից երկուսի հետ փակ են սահմանները, թեև կարգավորման գործընթաց է գնում։ Երբեմն թվում է՝ մոտ ենք հանգուցալուծման, երբեմն տեսնում ենք, որ նոր խոչընդոտներ են ի հայտ գալիս»։  

Հայաստանը  շահագրգռված է ԵՄ երկրների հետ հարաբերությունները խորացնելու հարցում, այդ թվում՝ Գերմանիայի հետ անվտանգային և տնտեսական փոխկապակցվածության առումով՝ նշում է ՀՀ ԱԳՆ։

Գերմանացի լրագրողը Գերմանիայի արտգործնախարար Անալենա Բերբոքից հետաքրքրվեց, թե արդյո՞ք Գերմանիան պատրաստ կլիներ կանգնեցնել նավթի ու գազի ներկրումը և պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի նկատմամբ անհրաժեշտության դեպքում։  Ի պատասխան Գերմանիայի արտգործնախարարը  հստակեցնում է՝ Գերմանիան Հայաստանի կողքին կարող է լինել նաև անվտանգության հարցերով․

«Գերմանիան հանդես է գալիս Հայաստանի տարածքային ամբողջականության և Ադրբեջանի տարածքային ամբողջականության օգտին և կանգնած է այդ երկրների կողքին, որպեսզի հնարավոր լինի խաղաղ համաձայնագիր ստորագրել։ Եվ, այո, ցանկանում ենք ավելի ինտենսիվ աջակցել Հայաստանին բոլոր ոլորտներում․մի կողմից՝ խաղաղության ջանքերի առումով, մյուս կողմից՝ սահմանագծման, քարտեզների մասին է խոսքը։ Շատ ծրագրեր ունենք ԵՄ, ԵԱՀԿ ուղղությամբ և աջակցում ենք դրանց, բայց նաև անվտանգության հարցերում կարող ենք օգնել, աջակցել և համագործակցել Հայաստանի հետ և այդ մասին մենք մտքեր ենք փոխանակել ինտենսիվ կերպով»։

Գերմանիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը նշեց նաև, որ Եվրամիության խորհրդի նախագահ Շառլ Միշելի ջանքները կամուրջ կարող են դառնալ երկու երկրների միջև խաղաղության հաստատմնան համար։ ԵՄ–ն էլ դիտորդական առաքելության միջոցով փորձում է աջակցություն  ցուցաբերել, որպեսզի հնարավոր լինի հասնել կայունության։

«Տարիներ շարունակ ԵՄ և Գերմանիան որպես ազնիվ միջնորդ գործել են Հայաստըանի և Ադրբեջանի միջև և ես համոզված եմ, որ Եվրամիության խորհրդի նախագահ Շառլ Միշելի ջանքները կամուրջ կարող են հանդիսանալ երկու երկրների միջև խաղաղության հաստատմնան համար։ Այդ պատճառով կարևոր է, որ կրկին ձևավորվի բանակցությունների փուլ»։

Անալենա Բերբոքը հստակեցրեց, որ Գերմանիան  պատրաստ է սերտացնել համագործակցությունը Հայաստանի հետ տարբեր ոլորտներում, և այս հարցում որոշիչ է, որ բանակցված խաղաղության պայմանագիր լինի Հայաստանի և Ադրբեջանի միջև, քանի որ ներդրումները լինում են այնտեղ, որտեղ կայունություն կա։

Բերբոքը նկատեց նաև, որ այցը մի ժամանակաշրջանում է, երբ Հայաստանը բազմաթիվ խնդիրների ունի։ Ասաց, որ ականատես են եղել, թե ինչպես էին մարդիկ լքում իրենց տները։ Նրա խոսքով՝ մեծ մարտահրավեր էր Հայաստանի համար  այսքան հայերի ընդունելը, ինչն, ըստ նրա, հարգանքի է արժանի, և այդ գործում Գերմանիան Հայաստանին մենակ չի թողնի։ Պատրաստ է  ավելի քան  9 մլն-ի օգնություն տրամադրել այս մարտահրավերը հաղթահարելու համար։

Գերմանիայի ԱԳՆ այցը տարածաշրջանային է․ Երևանից նախարարը կմեկնի Բաքու։

Back to top button