Կարևոր

Օրենքն ուժի մեջ է մտել, բայց գործիքակազմը դեռ չկա․ ՌԴ մուտքի արգելք ունեցողների թիվը կարող է ավելանալ

Արդեն մեկ շաբաթ է, ինչ ուժի մեջ են մտել ՌԴ միգրացիոն օրենսդրության նոր փոփոխությունները։ Ռուսաստան մեկնող միգրանտը հաշվառվելու համար պետք է արդեն առցանց գրանցվի, բայց պարզվում է՝ «Госуслуги» կայքում միգրացիոն հաշվառում անցնելու ձևաթուղթը առկա չէ: Պատկան մարմինները նշում են, որ այն մշակման փուլում է ու, հավանաբար, պատրաստ կլինի դեկտեմբերի 1-ին։ Կանխատեսվում է, որ մուտքի արգելք ունեցողների թիվը կավելանա։ ՌԴ պաշտոնական տվյալները փաստում են՝ այդ երկիր Հայաստանից մեկնողների թիվը նվազել է։

Տիգրան Բաղդասարյանը գրեթե ամեն տարի արտագնա աշխատանքի է մեկնում։ Նա հիմնականում վարորդ է աշխատում․ այս տարին էլ բացառություն չէր, դժվարություններ ունեցել է, բայց միևնույնն է նախըտրում է Ռուսաստանում աշխատել․

 «Հայաստանում մոտ երեք անգամ ավելի քիչ են վճարում, անգամ դրամի մոտ 20 տոկոս արժևորման պայմաններում ավելի հարմար է ՌԴ-ում աշխատելը։ Դրամով մինչև 600 հազար դրամ աշխատավարձ եմ ստանում»։

Տիգրան Բաղդասարյանն ասում է՝ չնայած Ռուսաստանում խստացրել են միգրացիոն քաղաքականությունը, այնտեղ աշխատելիս խնդիրներ չի ունենում։ Արտագնա աշխատանքի մեկնելուց առաջ անպայման խորհրդակցում է իրավաբանի հետ։  Միգրացիոն հաշվառում չունենալը, հաշվառման հասցեում չբնակվելը․ աշխատանքային միգրանտները Ռուսաստանում մուտքի արգելք հիմնականում այս պատճառով են ստանում։ «Հայկական Կարիտաս» բարեսիրական հասարակական կազմակերպության միգրացիոն հարցերի փորձագետ Տաթևիկ Բեժանյանը տեղեկացնում է՝ հաշվառման հետ կապված նոր փոփոխություններ են ուժի մեջ մտել։ Նախ հիշեցնում է, որ ՌԴ մեկնելիս ցանցկացած միգրանտ հաշվառման է կանգնում։ ԵԱՏՄ անդամ երկրների, ուստի նաև ՀՀ քաղաքացիների հաշվառվելու ժամկետը 30 օր է։ Այդ ընթացքում բնակարան վարձակալելիս բնակարանի սեփականատերը միգրանտի հետ գնում էր տարածքային միգրացիոն ծառայություն կամ բազմաֆունկցիոնալ կենտրոն, տեղեկացնում էր, որ տվյալ անձը բնակվելու է իր բնակարանում։ Վերցնում էր համապատասխան թերթիկը։ Այժմ, կատարված փոփոխություններով միգրանտը ինքնուրույն կարող է հաշվառվել, տանտիրոջ ներկայությունը պարտադիր չէ․

«Այդ դեպքում, երբ պետք է հաշվառեր տանտերը, եթե չէր կատարում, ապա անօրինական միգրացիա կազմակերպելու հոդվածով վարչական պատասխանատվության էր ենթարկվում ՝ բարձր տուգանք էր նախատեսված»։

Այժմ, նոր փոփոխություններով պատասխանատվություն կկրի միայն միգրանտը՝ մուտքի արգելքի տեսքով: Քիչ չեն դեպք   երը, երբ բնական վարձակալելիս կնքվում է վարձակալության պայմանագիրը, բայց տանտերը հաշվառման համար համապատասխան ստորաբաժանում չի գնում՝ ասում է փորձագետը։ Այս փոփոխությունից հետո ռիսկն ավելի է մեծանում։

Հաշվառումն օնլայն է կատարվում։ Միգրանտը և նրա վարձակալած բնակարանի սեփականատերը պետք է գրանցված լինեն «Госуслуги» կայքում, այնուհետև, բնակարանը վարձելուց հետո, միգրանտը կայքի իր էջում պետք է ներբեռնի վարձակալության պայմանագիրը, որը եռօրյա ժամկետում պետք է հաստատի բնակարանի սեփականատերը, ինչից հետո միգրանտը կհամարվի հաշվառված վարձակալած բնակարանի հասցեում։ Եթե բնակարանի սեփականատերը չհաստատի, հաշվառում չի իրականացվի: Բայց սա, ըստ Բեժանյանի, բարդացնում է միգրանտի կյանքը․

«Եթե տանտերը 3 օրում չհաստատեց, տանտիրոջը ոչինչ չի հասնում, բայց միգրանտը, եթե 30–օրյա ժամկետում չհաստատեց, ապա միգրանտը վաստակում է մուտքի արգելք»։

«Госуслуги» կայքում գրանցվելու համար միգրանտը պետք է ունենա հարկ վճարողի նույնականացման համար (ՀՎՆՀ)։ Սակայն այստեղ էլ դժվարություններ են առաջանում օրենքում առկա բացերի պատճառով․ ՀՎՆՀ ստանալու համար միգրանտը պետք է միգրացիոն հաշվառում ունենա, և առաջին անգամ ՌԴ մեկնող աշխատանքային  միգրանտը, որը չունի ՀՀՆՀ, շատ դժվար իրավիճակում է հայտնվում։ Ստացվում է փակ շրջան՝ միգրացիոն հաշվառման համար պետք է ունենալ ՀՀՆՀ, իսկ այն ունենալու համար պետք է արդեն իսկ միգրացիոն հաշվառման կանգնած լինել:

«Սկզբում բնակարանի սեփականատերը իր էջով ուղարկի վարձակալության պայմանագիրը, ապա եռօրյա ժամկետում այն հաստատի, որպեսզի միգրանտը կարողանա կանգնել միգրացիոն հաշվառման և ձեռք բերի ՀՎՆՀ, իսկ արդեն հաշվառման երկարացման համար իր էջը բացի «Госуслуги» կայքում»:

 Փոխվել են նաև ՌԴ քաղաքացիություն ստանալու հիմքերը։ Այդ երկրի քաղաքացի զավակ ունեցողները նախկինում կարող էին միանգամից դիմել ու քաղաքացիությւոն ստանալ։ Այժմ նախ պետք է ձեռք բերել կացության կարգավիճակ՝ այս դեպքում անժամկետ, հետո միայն քաղաքացիություն։ Եթե նախկինում ռուսերենից էին քննություն հանձնում, ստանում հավաստագիրն ու այդ հիմքով ձեռք բերում քաղաքացիություն, այժմ

նաև ՌԴ պատմության ու օրեսնդրության հետ կապված քննություն պետք է հանձնել։ Ներդրումներ անողները նախկինում պարզեցված կարգով կարող էին քաղաքացիություն ստանալ։ Այժմ հանվել է նաև այդ հիմքը։ Ավելացել է քաղաքացիությունից զրկելու ինստիտուտը, նախկինում այն չեղարկում էին, այժմ՝ զրկում։ Նախկինում մեկ տարի էին քննարկում հայտերը, այժմ՝ 3 ամսից սկսած։

«Նախկինում ՌԴ քաղաքացու հետ 3 տարվա գրանցված ամուսնություն ունենալու պարագայում, կարող էր պարզեցված կարգով դիմել ՌԴ քաղաքացիություն ստանալու համար։ Այժմ, նոր օրենքով, պետք է համատեղ երեխա ունենալ։ Լավագույն դեպքում կարող են կացության իրավունք ձեռք բերել»։

Կիսամյակային տվյալներով Հայաստանից Ռուսաստան մեկնած ՀՀ քաղաքացիների թիվը նվազել է։ Ըստ պաշտոնական վիճակագրության՝ 2023 թ հունվարի մեկի տվյալներով 2022–ին Հայաստանից ՌԴ արտագնա աշխատանքի մենկողների թիվը մոտ 8 տոկոսով նվազել է։ Նվազել է նաև քաղաքացիություն ձեռք բերողների թիվը՝ 2021–ին 46 931 ՀՀ քաղաքացի է Ռուսաստանի քաղաքացիություն ստացել, 2022–ին ՝ 45 086։

Back to top button