Դպրություն

Ինչո՞ւ է վրդովմունք առաջացրել 7–րդ դասարանի պատմության դասագիրքը․ «Դպրություն»

7–րդ դասարանի պատմության դասագրքում տեղ գտած շատ դրույթներ վրդովմունք են առաջացրել հայ հասարակության և մասնագետների մոտ։ Փորձագիտական խումբը ներկայացրել էր բազմաթիվ առաջարկներ, որոնց 90%-ը ներառվել է դասագրքում, բայց ըստ մասնագետների այնուամենայնիվ դասագրքում կան բավականին շատ վրիպակներ, անճշտություններ, բացթողումներ և սխալներ։

«Պետք է բացառել այն ատելությունը և ատելության քարոզը, որը գնում է Սմբատ Հովհաննիսյանի նկատմամբ։ Ես խստորեն դեմ եմ դրան։ Դա ուղղակի չի կարելի թույլ տալ։ Նույն համատեքստում պետք է բացառել նաև այն քննադատությունները, որոնք արվում են նաև Սմբատ Հովհաննիսյանի աջակիցների կողմից, որոնք փորձում են մեկ համատեքստում  ներկայացնել դասագիրքը քննադատողներին և դա ներկայացնել որպես ուղղորդված արշավ։ Այստեղ շատ կարևոր է տարանջատել այն գիտնականներին, մեր այն քաղաքացիներին, ուսուցիչներին, ծնողներին, որոնք մտահոգ են և արդեն այլ զարգացումներ, որոնց կարելի է անդրադառնալ։ Այսինքն, չի կարելի ամեն ինչ նույն համատեքստով ներկայացնել։ Անդրադառնալով դասագրքին, կարող եմ ասել, որ այն մեթոդաբանական առումով բավական դրական կողմեր ունի և կարծես փորձ է անում մեր աշակերտներին սովորեցնելու մտածելու ունակություն։ Սակայն, այս դասագրքում միաժամանակ առկա են բազմաթիվ սխալներ, վրիպակներ, սխալներ, բացթողումներ»,– ասում է Էրեբունի պատմահնագիտական արգելոց-թանգարանի տնօրեն, պատմաբան, ուրարտագետ Միքայել Բադալյանը։

«Մեր կատարած դիտարկումները դասագրքում առկա սխալներն ու վրիպակները վեր հանելն է և լրամշակման դեպքում՝ դրանցից ձերբազատվելը, դրանով իսկ նպաստելով դասագրքի որակի բարելավմանը։ Ինչ վերաբերում է չափորոշիչներին և ծրագրային պահանջներին, որոնք ամբողջությամբ բավարարելու դեպքում ծավալային խնդիրներ պետք է առաջանային, ինձ թվում է նույն խնդրի առաջ կանգնած են եղել գրեթե բոլոր առարկաների դասագրքերի հեղինակները։ Այստեղ կարող է ուրիշ հարց առաջ գալ՝ նշված ծրագրային պահանջներին համապատասխան մի քանի թեմա եմ առանձնացրել։ Եվ հարց է առաջանում, թե ինչ հիմքով այդ թեմաներին չպետք է անդրադառնալ։ Դասագրքում  նույնիսկ կա թեմա, որը առարկայական ծրագրով ընդհանրապես չի պահանջվել»,– ասում է պատմաբան Արման Մալոյանը։

Back to top button