ԿարևորՎերլուծական

Ինչպե՞ս դադարեցնել ռազմական գործողությունները Գազայում․ Իրանը ակտիվ քննարկումներ է անցկացնում տարածաշրջանում

Իրանը շարունակում է մեղադրել միջազգային կազմակերպություններին, ԱՄՆ-ին Պաղեստինում սպանդը չկանգնեցնելու մեջ։ Միացյալ Նահանգներին Իրանը մեղադրում այն բանում, որ այդ երկիրը կանգնած է սիոնիստական ռեժիմի կողքին, որը շրջափակել է Գազան և ճանապարհ չի տալիս նույնիսկ մարդասիրական օգնության համար։ Իսլամական հեղափոխության առաջնորդ Այաթոլա Սեյեդ Ալի Խամենեին մուսուլմանական երկրներին կոչ է արել դադարեցնել նավթի և ապրանքների արտահանումն Իսրայել։ Այս հայտարարությունների համատեքստում Իրանի արտգործնախարար Հոսեյն Աբդոլահիանն այսօր բանակցություններ է անցկացրել Թուրքիայում։

Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Աբդոլլահիանը հանդիպել է Թուրքիայի բարձրաստիճան պաշտոնյաների հետ։ Ըստ իրանական կողմի տարածած հաղորդագրության՝ քննարկվել են Պաղեստինում տեղի ունեցող իրադարձությունները և Գազայում ռազմական հանցագործություններին ու ցեղասպանությանը վերջ տալու ուղիները։ 

Միացյալ Նահանգներն ու Իսրայելն են պատասխանատվություն կրում այն բանի համար, որ Գազայում իրավիճակը հսկողությունից դուրս է եկել՝ հայտարարել է Իրանի արտգործնախարարը թուրք պաշտոնակցի հետ հանդիպմանը հաջորդած համատեղ մամուլի ասուլիսում։ Աբդոլահիանը նաև հայտնել է, որ Իրանը տարածաշրջանի բոլոր երկրների հետ բանակցում է այդ հակամարտությունը դադարեցնելու համար:

Իրանի ԱԳ նախարարն Անկարա է մեկնել Քաթարի մայրաքաղաք Դոհայից, որտեղ Պաղեստինում ստեղծված իրավիճակի հարցով քննարկումներ է անցկացրել պաղեստինյան արմատական ՀԱՄԱՍ շարժման քաղաքական բյուրոյի առաջնորդի, ինչպես նաև՝ Թաիլանդի ԱԳ նախարարի հետ։

Անկարայում իրանցի պաշտոնակցի հետ համատեղ ասուլիսում Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան պատրաստ է երաշխավոր դառնալ Իսրայելի և Պաղեստինի միջև հակամարտությունը կարգավորելու հարցում:

Մենք պատրաստ ենք հանդես գալ որպես կարգավորման երաշխավոր՝ ըստ թուրքական լրատվամիջոցների ասել է Ֆիդանը՝նշելով պաղեստինյան խնդրի լուծման հարցում երկակի ստանդարտների անթույլատրելիությունը։ Նա շեշտել է, որ Ուկրաինայի և Գազայի համար տարբեր չափորոշիչներ չեն կարող լինել։

Թուրքական լրատվամիջոցները գրում են, որ Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանի հետ բանակցություններից հետո, նախատեսվում է, որ Աբդոհլահյանը կհանդիպի նաև Թուրքիայի նախագահի հետ։

Թուրքագետները, սակայն, նկատում են, որ Էրդողանը Պաղեստինի համար կռիվ տալ պատրաստ է միայն տեսախցիկների առաջ ու ոչ ավելին։ Փորձագետները նկատում են, որ Էրդողանը երկակի խաղ է խաղում, այլապես՝ կփակեր ադրբեջանական նավթի ճանապարհը դեպի Իսրայել։

Թուրքագետ Տիրան Լոքմագյոզյան.

 «Այնպես չէ, որ Թուրքիան կամ Էրդողանը հատկապես, մեռած է պաղեստինցիների համար, կամ չարերի համար և այլն, և այլն, ամենևին էլ ոչ։ Դա միայն օգտագործում է իր շահերի համար։ Չհավատաք, որ քաղաքական վատ հարաբերություն ունի։ Լավ էլ քաղաքական հարաբերություն ունի, իրար հետ շատ էլ լավ համագործակցում են։ Այս դեպքում՝ չէր կարող իհարկե Իսրայելի կողմը բռնել, որովհետև ամբողջ մուսուլմանական աշխարհի առջև սևերես կդառնար։ Այդ պատճառով էլ ինքը «պաշտպան դարձավ» Գազայի պաղեստինցիներին»։ 

Թուրքագետները նաև բացառում են, որ պաղեստինա-իսրայելական պատերազմի ֆոնին սրված Արևմուտք-Թուրքիա հարաբերություններում լուրջ առճակատում լինի։ Թուրքական մարտունակ բանակը պետք է ՆԱՏՕ-ին և հենց դրա համար էլ Վաշինգտոնը մեղմ բառապաշարով է արձագանքում Էրդողանի հակաիսրայելական ու հակաարևմտյան հայտարարություններին։

Թուրքագետ Մհեր Աբրահամյանին լսենք.

 «Կարծել, որ Թուրքիան դուրս կգա ՆԱՏՕ-ից, կամ, չգիտեմ, ասենք՝ ՆԱՏՕ-ն կհարձակվի Թուրքիայի վրա, ես դա բացառում եմ, համենայնդեպս, այս պարագայում։ Որովհետև Արևմուտքը չի ցանկանա կորցնել նման հզոր բանակ և պետություն, որը ունի իր կառույցի մեջ»։

Թուրքագետ Նելլի Մինասյանն էլ համոզված է՝ Էրդողանը երբեք այդ առումով «կարմիր գծեր» չի հատի ու երբեք չի ասի այնպիսի բան, որը կարող է հարվածել իր երկրի քաղաքական ու տնտեսական շահերին։

 «Թուրքիան միշտ այդ «կարմիր գծերի» մոտ կանգնում է՝ շատ լավ հասկանալով այն, այսպես ասած, «արդյունքները» որոնք կարող են տեղի ունենալ»։

Միջազգային լրատվամիջոցները հայտնում են, որ Պաղեստինում զոհերի թիվն անցնում է 8 հազարը։ «Ռոյթրս» գործակալությունը գրել է, որ բժիշկները դժվարանում են սննդի, վառելիքի և հիմնական պաշարների սակավության պայմաններում օգնություն ցուցաբերել տուժածներին։

Իսրայելի վարչապետը «ՀԱՄԱՍ»-ի դեմ իր գործողությունները անվանել է «լուսավոր աշխարհի կռիվ»։ ԱՄՆ-ն լրացուցիչ 300 զինծառայող կտեղակայի Մերձավոր Արևելքում։ Այս մասին էլ Պենտագոնն է հայտնել։ Նշվում է, որ այդ ուժերի տեղակայման կոնկրետ վայրերը չեն քննարկվել, բայց Պենտագոնի խոսնակը վստահեցրել է, որ ամերիկյան զորքերը Իսրայել չեն գնալու։ Միաժամանակ նշվել է, որ հավելյալ զորք տեղակայելու որոշումը կապված է Իսրայել-ՀԱՄԱՍ հակամարտության սրման հետ։ «Բլումբերգի» փոխանցմամբ, սակայն, ԱՄՆ-ն ու Իսրայելը Գազայում բազմազգ ուժեր տեղակայելու հնարավորությունն են դիտարկում, որոնց մեջ կարող են լինել նաև ամերիկացի զինվորներ։  

Back to top button