ԿարևորՔաղաքական

Երեք շեշտադրում «ՀայաՔվե»-ից. խորհրդարանական քննարկմանը օրը դեռ հայտնի չէ

Մոտ երկու շաբաթ առաջ «ՀայաՔվե» նախաձեռնության օրենսդրական նախագիծը Արցախի վերաբերյալ մուտքագրվեց ԱԺ: Խորհրդարանում հարցը դեռ չի քննարկվել, բայց ժամկետների առումով նախատեսված է 1-1.5 ամիս:

«ՀայաՔվե»-ի միջոցով հանրությունը առաջին անգամ է օգտագործել օրենսդրական նախաձեռնությամբ հանդես գալու իրավունքը: Նախագիծը օրենքով սահմանված 50 000 ստորագրությունից ավելի էր հավաքել՝ 58000, իսկ ԿԸՀ-ն հաստատել էր ներկայացված ստորագրությունների վավերականությունը:

Նախաձեռնության նպատակն է քրեականացնել և 10-15 տարվա ազատազրկում սահմանել ՀՀ այն պաշտոնյաների համար, որոնք Արցախը Ադրբեջանի մաս կճանաչեն ու կժխտեն Հայոց Ցեղասպանությունը:

Արցախի Հանրապետության հայաթափումից և այսպես կոչված «լուծարումից» հետո «ՀայաՔվեն» արդիականությունը չի կորցնում, համոզված է նախաձեռնության անդամ Ավետիք Չալաբյանը: Աժ-ում առաջիկայում սպասվող քննարկումներին «ՀայաՔվեն» պատրաստվում է հիմնական երեք թեզով. ՀՀ Սահմանադրությունը արգելում է Արցախն Ադրբեջանի մաս ճանաչելը, Արցախի Հանրապետության «լուծարման» հրամանագիրը իրավական որևէ ուժ չունի և Արցախի կարգավիճակն Ադրբեջանի կազմում կանխորոշող որևէ փաստաթուղթ Հայաստանի կողմից չպետք է ստորագրվի:

 «Մենք ասում ենք, որ արդիական է և հետևյալ բացատրությունը դա ունի: Այն, ինչ տեղի է ունեցել Արցախում, դա միջազգային իրավունքի կոպտագույն խախտում է: Արցախը իրականում հանդիսացել է միջազգային իրավունքի սուբյեկտ, երկար տարիներ եղել է բանակցությունների կողմ, Արցախի վերջնական կարգավիճակի և այլնի հետ կապված եղել են «Մադրիդյան սկզբունքներ», որոնք մշակվել են ՄԽ եռանախագայության կողմից: Ուստի Արցախը, որպես միջազգային իրավունքի սուբյեկտ, չի կարող պարզապես վերանալ էթնիկ զտման արդյունքում: Երկրորդը՝ ՀՀ որևէ իշխանավոր իրականում իրավունք չունի իր որևէ գործողությամբ ամրագրել Արցախում տեղի ունեցած ցեղասպան գործողությունները: Մենք պայքարելու ենք նրա համար, որպեսզի այդպիսի միջազգային պայմանագիր գոյություն չունենա»:

Երկու շաբաթ է, ինչ «ՀայաՔվեի» օրենսդրական նախաձեռնությունը մուտքագրվել է ԱԺ: Մոտ մեկ ամիս շրջանառության մեջ մնալուց հետո այն կքննարկվի գլխադասային հանձնաժողովում, տվյալ դեպքում՝ Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովում: Այնտեղ քննարկման արդյունքում նախագիծը դրական կամ բացասական եզրակացության կարժանանա, բայց անկախ դրանից, այն ընդգրկվելու է ԱԺ լիագումար նիստերի օրակարգ:

Բացի նրանից, որ «ՀայաՔվեն» փորձում է կանխել Արցախի կարգավիճակն Ադրբեջանի կազմում կանխորոշող որևէ փաստաթուղի ստորագրումը Հայաստանի Հանրապետության կողմից, շեշտ է դրվում նաև այն հանգամանքի վրա որ Արցախի Հանրապետությունը իրավաբանորեն պահպանում է իր գոյությունը, իսկ ԱՀ նախագահ Սամվել Շահրամանյանի ՝ հանրապետության լուծարման մասին հրամանագիրը չունի իրավաբանական ուժ:

«Իր այդ տխրահռչակ «հրամանագիրը» առ ոչինչ է, այն իրավական ուժ չունի մի քանի պատճառով: Նախ՝ այն հակասահմանադրական է, երկրորդը՝ ստորագրվել է բացարձակ ուժի պարտադրանքով և բնակչության ֆիզիկական բնաջնջման վտանգի ներքո և երրորդը, որը պետք է շեշտել․ Ցանկացած հրամանագիր ուժի մեջ է մտնում հրապարակումից հետո: Այս հրամանագիրը հրապարակված չէ: Ոչ մեկը չի տեսել այդ հրամանագիրը: Դրա մասին կան, ասենք, տելեգրամյան գրառումներ, բայց այն Արցախի Հանրապետության պաշտոնական տեղեկագրում նույնիսկ հրապարակված չէ»:

Մոտ մեկ շաբաթ առաջ նույն պնդումները արել է նաև Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանը:

 «Արցախի Հանրապետությունը լուծարված չէ: Մարդ կա՞, որ այդ փաստաթուղթը տեսել է: Այն ընդունվել է ռազմական գործողությունները կանգնեցնելու նպատակով: Փաստաթղթի հետ կապված բազմաթիվ հարցեր կան, որը ես չեմ կարող ասել: Բայց ես ձեզ վստահեցնում եմ, ոչ մի փաստաթղթով հնարավոր չէ լուծարել ժողովրդի կողմից ստեղծված Հանրապետությունը: Սրան ես պատասխանը տալու եմ հանրային ձևով առաջիկայում»:

Արցախի Հանրապետության «լուծարման» մասին հատկապես Շահրամանյանի հայտարարությունները, ըստ ԱԺ Պաշտպանության և անվտանգային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի՝ նոր քննիչ հանձնաժողովի ուսումնասիրման թեմա պետք է դառնա:

 «Պետք է ուզենք, թե չուզենք ստեղծենք մեկ հատ էլ հանձնաժողով, որ պարզենք վերջին հաշվով՝ ի՞նչը ստորագրվեց, ո՞ւմ կողմից թելադրվեց, «շպարգալկան» ո՞վ ստացավ, ի՞նչ էր գրված այնտեղ և արդյունքը նա է, որ Արցախը հայաթափված է այս պահին: Բայց արդյո՞ք դա հեռանկարի զրկում է: Այ, հեռանկարի զրկում է այն, որ այն մարդը, որը վերցրել էր 22 ձայնով պատասխանատվություն և երդվել էր Արցախի գործող Սահմանադրության առջև, այդ պարտականությունները չկատարեց և մի հատ էլ Հայաստան տեղափոխվելուց ասում է՝ այդպիսի թուղթ չկա: Եթե չկա, այդ դեպքում ինչո՞ւ ինքը Արցախում չէ և գտնվում է ՀՀ-ում: Եվ ինչպե՞ս ստացվեց, որ նախկին նախագահները հիմա Բաքվում են, պարոն Շահրամանյանը բարեհաջող, չգիտեմ ինչ ճանապարհով, կարծում եմ, նույն կամրջով անցավ ո՞ւմ ուղեկցությամբ»:

ԱԺ ՔՊ խմբակցության անդամ Անդրանիկ Քոչարյանի գլխավորած քննիչ հանձնաժողովը դեռ չի ավարտել 44-օրյա պատերազմի հանգամանքների ուսումնասիրությունները: Մինչ այս հանձնաժողովը Քոչարյանը խորհրդարանական ձևաչափով քննել է նաև քառօրյա պատերազմի հանգամանքներն ու «Մարտի 1»-ի դեպքերը: Սակայն ոչ մի քննության եզրակացություն այդպես էլ հասանելի չդարձավ հանրությանը: Ինչ կպարզվի այս անգամ՝ դեռ պարզ չէ: Բայց խորհրդարանական մեծամասնությունը պնդում է՝ Արցախի Հանրապետության ղեկավարներին շատ հարցեր ունեն:

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյան.

 «Հարցեր, կարծում եմ, բնականաբար ունեն ոչ միայն իշխող խմբակցությունը, այլև ՀՀ պետական այլ մարմինները: Երբ կգա այդ հարցերը տալու ժամանակը և այդ հարցերը տալու անհրաժեշտությունը, այդ հարցերը կտրվեն: Թե ի՞նչ ֆորմատով, դա արդեն հետագան ցույց կտա»:

Վերադառնալով «ՀայաՔվե»-ի օրենսդրական նախաձեռնությանը նշենք, որ Աժ մեծամասնությունը բազմիցս ներկայացրել է իր դիրքորոշումը նախաձեռնության առնչությամբ: Իշխանական պատգամավորները տարբեր հնարավոր ռիսկերի և վտանգների մասին են խոսում:

Մյուս կողմից նաև փաստ է, որ ՀՀ կողմից Արցախն Ադրբեջանի մաս չճանաչելը նաև սահմանադրական պահանջ է։

ՀՀ այն պաշտոնյաների համար, որոնք Արցախը Ադրբեջանի մաս կճանաչեն ու կժխտեն Հայոց Ցեղասպանությունը «ՀայաՔվե»-ն առաջարկում է սահմանել 10-15 տարվա ազատազրկում:  

Back to top button