ԿարևորՏնտեսական

Ղազախստանում գրանցվել է, Ռուսաստանից հեռանում է, Հայաստան ուզում է գալ․ աշխարհի խոշորագույն կրիպտոբորսան ցանկանում է հաստատվել ՀՀ-ում

Տնտեսության թվայնացմանը զուգահեռ աշխարհում տարածվում են  թվային արժույթները: Մարդիկ արդեն համակերպվել են իրողությանը, որ փողը կարող է նաև «ոչ ֆիզիակական» և «ոչ շոշափելի» լինել: Կրիպտոարժույթների փոխանակման համար ստեղծված օնլայն հարթակներ սկզբում գործում էին որպես անկախ, բայց այժմ պետությունները փորձում են վերահսկել տիրույթը: Հայաստանում օրինական դաշտ մտնելու հարցով հետաքրքրված է աշխարհի խոշորագույն կրիպտոբորսան:

Արդեն 1 տասնամյակ ավանդական արժույթներին զուգահեռ աշխարհում շրջանառվում են «ընդհատակյա» արժույթները: Բիթքոյն, Էթերիում և  մյուս կրիպտոարժույթները կիրառելի վճարամիջոց են, ուստի գործում են նաև դրանց առքուվաճառքի բորսաներ:

Կենտրոնական բանկերը սկզբում «հեռվից» հետևում էին ընդհատակյա արժույթների՝ առանց իրենց միջնորդության շրջանառությանը, հետո դաշտը վերահսկողության տակ առնելու համար որոշեցին հետևել դրանց փոխանակմամբ զբաղվող բորսաներին:

Այժմ նույնիսկ աշխարհի խոշորագույն կրիպտոբորսա Բինանսը՝ գրանցված Կայմանյան կղզիներում, ստիպված է ենթարկվել աշխարհաքաղաքական փոփոխություններին: Հակառուսական պատժամիջոցների ֆոնին 2023թ.-ի սեպտեմբերին Բինանսը հայտարարեց, որ 1 տարվա ընթացքում դուրս կգա Ռուսաստանից, բայց, բորսայի ԱՊՀ տարածաշրջանային կառույցը հետաքրքրված է Հայաստան մուտքով:

Տարածաշրջանային ներկայացուցչության տնօրեն Վլադիմիր Սմերկիսը Հանրային ռադիոյի հետ զրույցում ասում է, որ շարունակելու են շփումը կրիպտոարդյունաբերությամբ հետաքրքրվող հայ հանրության հետ: Երևանյան նախորդ հանդիպումը կայացել է օգոստոսի վերջին, դրան մասնակցել է ոլորտով հետաքրքրվող ավելի քան 300 մասնակից:

«Դա մեզ թույլ է տալիս ենթադրել, որ այստեղ մեծ հետաքրքրություն կա այդ տեխնոլոգիայի ու դրա զարգացման նկատմամբ: Կարծում եմ՝ դա Հայաստանի համար ակտուալ է՝ հաշվի առնելով, որ այստեղ ՏՏ ոլորտն աներևակայելի ուժեղ է:  Այստեղ կան ուժեղ նախագծեր, ուժեղ ստարտափներ: Որքան գիտեմ, կառավարությունը նույնպես ակտիվ աջակցում է թվայնացմանն ու IT արդյունաբերությունում գործարարությանը, և ուրեմն՝ ինչո՞ւ նույնը չանել բլոկչեյն արդյունաբերությունում: Ես կարծում եմ՝ մենք դրան մեծապես կնպաստենք»:

Կրիպտոարժույթների փոխանակման հարթակը ստեղծվել է 2017 թվականին: Սմերկիսի փոխանցմամբ՝ հայաստանյան օգտատերերի բազան շարունակ աճում է: Հայաստանից գրանցվողներն օգտվում են տարբեր ծառայություններից՝ կրիպտոարժույթների փոխանակման ու ապառնագրերի շուկայից, «բիզնեսը բիզնեսի համար»՝ B2B տիրույթից:

«Այսօր Բինանսն ամբողջ աշխարհում ունի 18 գրանցման վկայական ու լիցենզիա: Այս պահի դրությամբ Հայաստանում կրիպտոոլորտի համար չկա լիցենզավորման կամ վերահսկողական ռեժիմ: Այդ ամենը միայն մշակման փուլում է: Մենք ամեն կերպ պատրաստ ենք աջակցել, որ դա տեղի ունենա: Պատրաստ ենք նաև կիսվել մեր փորձառությամբ, թե ինչպես կարելի է վերահսկել ոլորտը, որ չանտեսվեն ինչպես կրիպտո հարթակների ու բորսաների օգտատերերի, այնպես էլ պետության շահերը»: 

Բինանսն իր լիցենզիաներից մեկը 2022 թվականին ստացել է Ղազախստանում: Դրա շնորհիվ՝ բացի համընդհանուր հարթակից, այնտեղ առանձին գործում է «Բինանս Ղազախստան» հարթակը: Լիցենզավորման գործընթաց է սկսվել նաև Վրաստանում: Թբիլիսիում գործում է նաև ՏՏ համայնքի ներկայացուցիչներին կրթական ծրագրեր  մատուցող «Binance Hub»-ը:

Սմերկիսի մեկնաբանմամբ՝ Հայաստանում փոխանակման հարթակի լիցենզավորումն օգտատերերին հնարավորություն կտա կրիպտոարժույթ գնել և վաճառել հայկական դրամով: Այսօր հարթակում նման արժույթ կարելի է գնել նաև ՀՀ դրամով, սակայն, տարադրամի փոխանակման հարթակների միջնորդությամբ:

Լուրը հրապարակելու պահին, ընկերությունից Հանրային ռադիոյին հայտնեցին, որ Կենտրոնական Ասիա, Արևելյան Եվրոպա տարածաշրջանային կառույցը, որի մեջ է մտնում նաև ԱՊՀ տարածաշրջանը, ունի նոր տնօրեն՝ Կիրիլո Խոմյակովը, ով իր մասնագիտական գործունեությունը ծավալել է Ուկրաինայում:

Ներկայացուցչությունից հաստատեցին, որ համատեղ կրթական ծրագրեր իրականացնելու համար պայմանավորվածություններ ունեն հայաստանյան բուհերի հետ: Մինչև այս տարեվերջ բլոկչեյն տեխնոլոգիայի մասով առաջին ծրագիրը նախատեսվում է իրականացնել Հայաստանի Պետական տնտեսագիտական համալսարանում:

Back to top button