ԿարևորՀասարակություն

Ի՞նչ պետք է անել հարազատների աճյունները կամ մասունքները նույնականացնելու համար

Արցախում որոնողական աշխատանքները դադարեցվել են, փրկարարների վերջին խումբն Արցախից դուրս է եկել հոկտեմբերի 4-ին։ Զոհվածների ու անհետ կորածների թիվն ավելացավ հատկապես սեպտեմբերի 25-ին բենզինի պահեստում տեղի ունեցած պայթյունից հետո։ Արցախյան կողմում 200-ից ավելի զոհված զինծառայողների, մոտ երկու տասնյակ քաղաքացիական անձանց զոհվելու մասին տվյալներ կան։ Անհետ կորածներ կան թե ռազմական գործողությունների, թե պայթյունի հետևանքով։

Հայաթափումից մոտ մեկ ամիս անց՝ հոկտեմբերի 16-23-ը Արցախ էր այցելել Եվրախորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Դունյա Միյատովիչը: Այցն ամփոփել է զեկույցում՝ ընդգծելով բոլոր տեղահանվածների իրավունքների ապահովման կարևորությունը, ներառյալ նրանց՝ արժանապատիվ և անվտանգ վերադառնալու իրավունքը. ականների և պատերազմի պայթուցիկ մնացորդների վտանգից պաշտպանվելու իրավունքը, գերիների՝ պաշտպանություն ստանալու մարդու իրավունքները, անհետ կորածների ճակատագիրը և գտնվելու վայրը իմանալու իրավունքը։

Սեպտեմբերի 19-ի ու 20-ի ռազմական գործողություններից, ինչպես նաև բենզինի պահեստում տեղի ունեցած պայթյունից հետո Արցախում բազմաթիվ անհետ կորածներ կային։ Հասկանալի պատճառներով Արցախում որոնողական աշխատանքները դադարեցվել են, փրկարարների վերջին խումբն Արցախից դուրս է եկել հոկտեմբերի 4-ին՝ ասում է  Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հունան Թադևոսյանը։ Նշում է՝ պայթյունի ժամանակ բավականին մեծ էր անհետ կործաների թիվը։ Այժմ, սակայն, նվազել է։

Բայց դեռ կան մարդիկ, որ հարազատին ողջ գտնելու հույսով դիմում են իրենց, ասում է Թադևոսյանը․ «Որոնողական աշխատանքների ընթացքում մենք հարյուրավոր աճյուններ ու մասունքներ ենք գտել, որոնք անճաչանչելի են։ Ենթակա են դատաբժշկական փորձաքննության։ Գիտագործնական կենտրոնները այս պահին էլ աշխատում են, հարյուրավոր արցախցիներ ԴՆԹ թեստ են հանձնում։ Մի մասի հուղարկավորությունն ավարտված է, մի մասը դեռը ԴՆՓ թեստ չեն հանձնել, քանի որ մտածում են, որ հարազատը կգտնվի»։

Սեպտեմբերի 19-ի ռազմական գործողությունների սրացումից ի վեր Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի աշխատակիցները մինչ այժմ օգնել են Հայաստան տեղափոխել 220 աճյուն՝ հայտնում են ԿԽՄԿ մամուլի ծառայությունից՝ նշելով, որ բոլոր զոհերին նույնականացնելն այս պահին դժվար է։ ԿԽՄԿ-ից հավելում են, որ զոհերի թվում ոչ միայն ռազմական գործողությունների պատճառով մահացած անձինք են, այլև վառելիքի պահեստում տեղի ունեցած պայթյունի։

«Ռադիոլուրի» զրուցակիցը եղբորն է փնտրում, որևէ լուր չունի նրա մասին․ «Պայթյունը եղավ, դրանից հետո անընդհատ զանգում էի, արդեն  անհասանելի էր։ Ես սկզբում չգիտեի, որ կոնկրետ էդտեղից է բենզին վերցնելու։ Հետո հասկացա, որ նույն տեղում է եղել։ Մինչև հիմա ոչ մի տեղեկություն չունենք»։

Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հունան Թադևոսյանը անհետ կորածների  հարազատներին հորդորում է անպայան ԴՆԹ թեստ հանձնել․ «Պետք է մոտենալ դատաբժշկական փորձաքննության կենտրոններ, այնտեղ հանձնել ԴՆԹ թեստերը, որպեսզի աճյունները կամ մասունքները նույնականացվեն»։

Ինչ է կատարվել Արցախում, ինչ իրավիճակ է այժմ՝ տեղում իրավիճակին ծանոթանալու նպատակով հոկտեմբերի 16-23-ն այնտեղ էր Եվրախորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Դունյա Միյատովիչը:

«Այցի պատճառը սեպտեմբերի վերջին ընդամենը մի քանի օրում Հայաստան փախած ավելի քան 100 հազար 600 ղարաբաղցի հայերի զանգվածային տեղահանումն էր: Դա հաջորդեց սեպտեմբերի 19-ին և 20-ին Ադրբեջանի ռազմական գործողություններին, տարածաշրջանի հետագա լիակատար վերահսկողությանը և Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքով ճանապարհի իննամսյա արգելափակման արդյունքում մարդկանց տեղաշարժի ու հիմնական ապրանքների, ծառայությունների և էներգակիրների հասանելիության երկարատև խափանումներին»։

Հայաստանում Միյատովիչն այցելել է Կոտայքի մարզի Աղավնաձորի և Ծաղկաձորի տեղահանվածների կացարաններ, որտեղ զրուցել է բռնագաղթվածների, հետ: Հանձնակատարը հանդիպումներ է ունեցել նաև միջազգային կազմակերպությունների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ։ Նա կոչ է արել Եվրոպայի խորհրդի անդամ երկրներին լիարժեք աջակցություն ցուցաբերել։

Ադրբեջան այցի ժամանակ այդ երկրի  իշխանությունները Միյատովիչին տեղեկացրել են  այսպես կոչված «Ղարաբաղի տարածաշրջանի և այնտեղ ապրող մարդկանց վերաինտեգրման համար պետության ձեռնարկած միջոցառումների մասին»։  Միյատովիչի խոսքով՝ «Առաջին անգամն էր տասնամյակների ընթացքում, երբ նման իրավապաշտպան առաքելությունը կարողացավ այցելել տարածաշրջան»։

Թե’ Հայաստանում, թե’ Ադրբեջանում Միյատովիչն ընդգծել է բոլոր տեղահանվածների իրավունքների ապահովման կարևորությունը, ներառյալ նրանց՝ արժանապատիվ և անվտանգ վերադառնալու, ականների և պատերազմի պայթուցիկ մնացորդների վտանգից պաշտպանվելու, գերիների՝ պաշտպանություն ստանալու և միջազգային կոնվենցիաներով ամրագրված այլ իրավունքները։

Կարդացեք նաև
Close
Back to top button