Վերնատուն

Նախիջևանի հայկական ժառանգությունը հնարավոր է վերականգնել վիրտուալ․ «Վերնատուն»

ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Արգամ Այվազյանը գրեթե վեց տասնամյակ զբաղվում է Նախիջևանի պատմական գավառների պատմաճարտարապետական ժառանգության, պատմության, մշակույթի, արվեստի, վիմագրության ուսումնասիրությամբ։

Նախիջևանի մշակութային ժառանգությունը ներկայացնող բազմաթիվ հրապարակումների, հոդվածների գրքերի հեղինակ է։

«Հայկական ժառանգության 27 000-ից ավելի նմուշները Նախիջևանում 1998-2006 թվականներին հիմնահատակ փոշիացվեցին։ Ադրբեջանը պետական քաղաքականությամբ հուշարձանները հիմնահատակ պայթեցրել է, դրանց տեղն այսօր դատարկ է կամ մզկիթներ են կառուցված, աշխարհիկ հուշարձանները՝ բերդերը, կամուրջները կիսատ–պռատ նորոգել են ու ներկայացնում են որպես ադրբեջանական մշակույթի հուշարձաններ, իսկ Ջուղայի խաչքարերի կործանումը ադրբեջանական վանդալիզմի վերջին փուլն էր», – ասում է Արգամ Այվազյանը։

60–80 ական թվականներին Նախիջևանում կատարած իր ուսումնասիրությունների արդյունքում արձանագրած ու լուսանկարած մի շարք վանքեր ու եկեղեցիներ այսօր այլևս չկան։ Նա հաշվել ու փաստագրել է դրանք։

«Այս հրապարակումների շնորհիվ, Նախիջևանի տարածքը պատմական առումով, եթե համեմատենք այլ տարածքների հետ, ամենալավ ուսումնասիրված տարածքն է։ Ցավոք, ինչպես խորհրդային տարիներին, այնպես էլ անկախ Հայաստանի այս երեսուն տարիների ընթացքում, ինչպես հարկն է այս հրապարակումները միջազգային կազմակերպությունների ու դատարանների առջև պատշաճ կերպով չներկայացվեցին»,– ասում է Արգամ Այվազյանը։

Ըստ նրա՝ երբեք ուշացած չէ հանցագործությունը միջազգայնորեն դատապարտել և հանրությանը ներկայացնել բոլոր այն վայրագությունների պատճառները, որ արվել են Նախիջևանում և Արցախում։

«Եթե Նախիջևանում այդ ամենը գաղտնի կերպով էր արվում, ոչ ցուցադրաբար, ապա Արցախում այս վերջին երկու–երեք տարում բացեիբաց տեսնում ենք՝ ինչպես են ոչնչացվում հուշարձանները, խաչքարերն ու գերեզմանները ու ցուցադրում տեսաֆիլմերով»։

Արգամ Այվազյանն ասում է, որ տասնյակ հազարների հասնող փաստագրական նյութը, բնապատկերներով հնարավոր է վիրտուալ վերականգնել ընդամենը պետք է պետական մտածողություն և կամք։

Back to top button