ԿարևորՔաղաքական

Ռուսաստանը պատասխաններ է ակնկալում Հայաստանից, իսկ Հայաստանը՝ Արցախի իշխանություններից

Եվրոպական բանակցային հարթակը Հայաստանի խորհրդարանում նպաստավոր են համարում։ ԱԺ մեծամասնության՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը ճեպազրույցներին հայտարարել է՝ թեև Բրյուսելի այցը չեղարկվել է, հայկական կողմը ևս մեկ անգամ հայտնել է եվրոպական հարթակում հանդիպելու իր պատրաստակամությունը: Մինչդեռ խորհրդարանական ընդդիմությունը պնդում է՝ այն, ինչ Ադրբեջանին անհրաժեշտ էր ստանալ այս բանակցային գործընթացում, առաջին հերթին Արևմուտքից, ստացել է: «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի կարծիքով՝ հետագա գործընթացներում Ադրբեջանը շեշտը դնելու է Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի կնքելու վրա, որի հիմնական նպատակներից մեկը, անկասկած, Հայաստանի նկատմամբ ճնշումների շարունակականությունն է՝ այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» գործարկման շրջանակներում։ Այս հարցերին է առնչվում նաև «Խաղաղության խաչմերուկ» գաղափարը, որն այս փուլում առացքային է դարձրել Հայաստանի իշխանությունը։

«Խաղաղության խաչմերուկ» ծրագրի բրոշյուրը խորհրդարանում դեռ ոչ բոլոր պատգամավորներն են ստացել, բայց խորհրդարանական մեծամասնությունից վստահեցնում են՝ առաջիկայում նաև հանրությունը հնարավորություն կունենա իմանալու, թե ինչ առաջարկների մասին է խոսքը։ Ծրագիրը ներկայացվում է որպես Հայաստանի կողմից հատկապես տարածաշրջանի երկրներին արված խաղաղության բանաձևի առաջարկ: Արդյո՞ք Հայաստանը դիտարկում է Սյունիքի մարզում ավանդական երթուղիներից բացի նաև այլ երթուղիների գործարկում՝ հստակ պատասխան իշխանական պատգամավորների կողմից դեռ չկա, բայց Արուսյակ Ջուլհակյանը նշում է․ «Խաղաղության խաչմերուկը» միջազգային գործընկերների մոտ որպես տեսական տերմին ընկալելի է։

«Կոնկրետ առանձին կապուղիներ է առաջարկվում և կարծում եմ, շուտով դա հրապարակային կլինի, թե կոնկրետ որ ճանապարհներն ենք առաջարկում ապաշրջափակել, այդ թվում նաև երկաթուղիներ նկատի ունենալով։ Այս պահին Հայաստանը պրոակտիվ է և ինքն է առաջարկներով հանդես գալիս, և չի սպասում, որ առաջարկներ լինեն, նոր Հայաստանը մտածի՝ համաձայն է, թե համաձայն չէ։ Մենք մեր առաջարկն ենք ներկայացնում, թե ինչպես ենք տեսնում տարածաշրջանում խաղաղության հաստատումը և դա տեսնում ենք այդ թվում և «Խաղաղության խաչմերուկի» ստեղծմամբ, տարածաշրջանի բոլոր կապուղիների ապաշրջափակմամբ և կոնկրետ նշում ենք, թե այդ ապաշրջափակումը ինչպես ենք պատկերացնում, ինչ ճանապարհների միջոցով, ինչ կարգավորումներով և այլն»։

«Քաղաքացիական պայմանագրի» անդամները պնդում են՝ առաջարկվող ծրագիրը երկրի ինքնիշխանությունը և իրավազորության սկզբունքները հարգելու սկզբունքի վրա է կառուցված։ Արդյո՞ք սրանով փորձ է արվում փակելու այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» մասին խոսույթը։ Ադրբեջանի նախագահի խորհրդական Հիքմեթ Հաջիևը թեև նախօրեին հայտարարել էր, որ Ադրբեջանը մտադրություն չունի ուժով բացելու իրենց համար ցանկալի միջանցքը և արդեն հետաքրքրված չէ դրանով՝ Իրանի տարածքով համարժեք ճանապարհ գործարկելու համաձայնությունից հետո, բայց Հայաստանի խորհրդարանում, հատկապես ընդդիմադիր գործիչները, մասնավորապես, «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը չի հավատում այդ վստահեցումներին։ Իսկ «Խաղաղության խաչմերուկ» ծրագիրը նա համարում է պարզապես «լավագույն ցանկություններ»։  

«Խաղաղության օրակարգը այս պահին կարծում եմ, որ շարունակական խորամանկ քայլերի և շարունակական խաբկանքի հերթական դրսևորումն է, որը իրականացնում են մեր հակառակորդները՝ թուրք–ադրբեջանական տանդեմը։ Իրենց վերջնական նպատակը «Մեծ Թուրանի» ճանապարհին հենց ՀՀ Սյունիքի հատվածով ճանապարհ և երկաթգիծ ունենալն է։ Կարծում եմ, իրենք իրենց այդ նպատակից հետ չեն կանգնելու, եթե ՀՀ իշխանությունները, իհարկե, խելացի արտաքին քաղաքականություն չվարեն և չփորձեն մեր շահերը առաջ տանել»։

Որպես շահերի առաջ մղում դիտարկվում է հատկապես անվտանգության ոլորտում Հայաստանի դիվերսիֆիկացիայի փորձը։ Վերջին օրինակը Ֆրանսիայից սպառազինություն ձեռք բերելու մասին պայմանագիրն է։ Բայց ընդդիմադիրներն այստեղ լուրջ ռիսկեր են կանխատեսում։ Սեյրան Օհանյանը խոսում է զենքերի ձեռք բերման մասին, իսկ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը առաջարկում է դիտարկել «հավաքական Արևմուտք» հասկացությությունը տարածաշրջանում «գետնի վրա» իրողություններում։

Սեյրան Օհանյան․ «Այն որ ՌԴ–ից այսօր իրենք չեն կարողանում ներկրումներ անել, դրա պատասխանատուները ՀՀ իշխանություններն են։ Իհարկե, այլընտրանք ունենալը, տարբեր երկրներից առաջատար սպառազինության և ռազմական տեխնիկայի, հատկապես առաջատար տեխնոլոգիաների օգտագործման շրջանակներում գործղությունները ես դրական եմ նայում»։ 

Հայկ Մամիջանյան․ «Ֆրանսիան միշտ եղել է, կա և կլինի Հայաստանի մեծագույն բարեկամ երկիրը, Ֆրանսիան եղել է և կա ԵԱՀԿ համանախագահ երկիր։ Ուստի այն, ինչի մասին դուք խոսում եք, դա նորություն չէ և բավական կանխատեսելի պրոցես է «քաղաքական Արևմուտք» եզրույթի պարագայում։ Եթե մենք խոսում ենք ՆԱՏՕ–ի տրամաբանության մեջ, ապա ամեն դեպքում էականը «հողի վրա սապոգը կամ կոշիկն են»։ ՆԱՏՕ–ի մոտակա ռազմաբազան Թուրքիայում է։ Եկեք ամեն դեպքում զատենք քաղաքական և ռազմաքաղաքական Արևմուտք հասկացությունները։ Այնպես որ այդ վտանգը կամ այդ հարցականը չի վերացել»։

Իրավիճակի հետ կապված հարցեր Հայաստանին ունի նաև Ռուսաստանը։ Մոսկվան Երևանի հետ շփումներում ակնկալում է տեղեկություն ստանալ այն մասին, թե ինչ նկատի ունի Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, երբ խոսում է «անվտանգության ոլորտում հարաբերությունները դիվերսիֆիկացնելու» անհրաժեշտության մասին։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։ Խորհրդարանական մեծամասնությունից Արուսյակ Ջուլհակյանը նշում է՝ այս հարցով քննարկումներ վարչապետի հետ դեռ չեն եղել, բայց դիվերսիֆիկացում անվտանգության ոլորտում պատկերացնում են տարբեր հարթություններում։

«Նախ՝ պարտադիր չէ, որ խոսք լինի դաշինքի մասին։ Կարող է լինել գործընկերություն և պարտադիր չէ, որ անպայման լինի ռազմական։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ մեր «անվտանգային բարձիկը» մի շարք դեպքերով պարզվել է, որ առնվազն լավ չի աշխատում և չի արդարացնում իրեն, մենք պետք է փորձենք դիվերսիֆիկացնել այդ ոլորտում և անվտանգային այլ բաղադիչներ գտնենք մեզ համար։ Դա կլինի թե սպառազինության տեսքով, ինչպես օրեր առաջ տեսանք Ֆրանսիայի հետ ունեցած պայմանավորվածությունը, դա կարող է լինել հենց ԵՄ դիտորդական առաքելության տեսքով, որը կարող է անվտանգության բնագավառում զսպող գործոն հանդիսանալ, դա օրինակ, կլիներ «Հռոմի ստատուտը» մի փոքր մասով անվտանգային կոմպոնենտ ապահովելու համար։ Այսինքն՝ միայն ռազմական բաղադիչը չէ, որ կարող է ապահովել անվտանգությունը»։

Չպազրաբանված հարցեր և բացատրությունների ակնկալիք կա ոչ միայն միջպետական հարաբերություններում, այլև հենց Հայաստանի ներսում և խոսքը միայն անվտանգային խնդիրների մասին չէ։ Տևական ժամանակ է, ինչ Հայաստանում են Արցախի Հանրապետության նախագահը, խորհրդարանի անդամները և Արցախի այլ պաշտոնյաներ։ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը չի բացառում, որ Արցախի պաշտոնյաներին ուղղված բազմաթիվ հարցերը ի վերջո կհնչեցվեն։ Պարզապես դեռ հայտնի չէ ձևաչափը․

 «Վերջին տարիների զարգացումների և դրա նախորդող նաև ժամանակաշրջանի վերաբերյալ բոլորս բազմաթիվ հարցեր ունենք։ Եվ զուգահեռաբար բոլոր բազմաթիվ հարցերի պատասխաններն ունենք նաև։ Ինչ վերաբերում է, թե իշխող խմբակցության պատգամավորները ինչ հարցեր ունեն և այլն, հարցեր ունեն, ես կարծում եմ, բնականաբար ոչ միայն իշխող խմբակցությունը, այլև ՀՀ ներկայացնող այլ պետական մարմիններ։ Երբ կգա այդ հարցերը տալու ժամանակը և այդ հարցերը տալու անհրաժեշտությունը, այդ հարցերը կտրվեն։ Թե որ ձևաչափով, դա արդեն հետագան ցույց կտա»։

Իշխող խմբակցության անդամները չեն մեկնաբանում խոսակցություններն այն մասին, որ Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը ՀՀ վարչապետին խնդրել է հանդիպում կազմակերպել։ Հայտնի է, որ այդպիսի հանդիպում դեռևս տեղի չի ունեցել։

Back to top button