
Բրյուսելում նախատեսված հանդիպման չեղարկման մասին պարզաբանումներ է ներկայացրել նաև ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը։ Կանադայի ԱԳ նախարարի հետ ասուլիսի ժամանակ, պատասխանելով լրագրողի հարցին, Միրզոյանը մասնավորապես ասել է․ «Ակնհայտորեն Ադրբեջանի նախագահը ժամանակ չի ունեցել բանակցությունների մեկնել Բրյուսել, որովհետև մենք հիմա էլ պատրաստ ենք մասնակցելու այդ հանդիպմանը»։
Բրյուսելի հանդիպման չեղարկման պաշտոնական հիմնավորման մասով որպես պատճառ նշվում է ժամանակը։ Ո՞վ ժամանակ չի գտել Բրյուսել մեկնելու համար՝ հարցն ուղղվեց Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանին։
«Հարցի պատասխանը շատ ուղիղ է և կարճ, ըստ էության։ Ո՞վ ժամանակ չի գտել՝ ակնհայտորեն Ադրբեջանի նախագահը։ Որովհետև մենք հիմա էլ պատրաստ ենք մասնակցելու այդ հանդիպմանը։ Հուսամ, իսկապես, խնդիրը կոնկրետ ժամկետներն են, և առաջիկայում հնարավոր կլինի նոր հանդիպման մասին նոր ժամկետներ պայմանավորվել»։
Միրզոյանը հույս ունի, որ նոր հանդիպում կկազմակերպվի Փաշինյանի և Ալիևի միջև։ Նա վստահեցրեց, որ Հայաստանը շարունակում է հավատարիմ մնալ խաղաղության օրակարգին և պատրաստ է մասնակցելու նոր հանդիպմանը։
«Հայաստանը շարունակում է պատրաստ լինել արագ շարունակել խաղաղության գործընթացը, այդ թվում և խաղաղության պայմանագրի կնքման ուղղությամբ մեր մոտեցումները հայտնի են»։
Ժամկետների նոր առաջարկներ չկան։ Արտգործնախարարի խոսքով՝ Գրանադայի հայտարարության մեջ էլ նոր բան չկար, նույն սկզբունքներն էին, որոնք ավելի վաղ Բրյուսելում հնչեցրել էր Շառլ Միշելը և որոնց վերաբերյալ առարկություններ չեն եղել ոչ Ադրբեջանից, ոչ Հայաստանից։ Հավատացած ենք, որ հենց այդ սկզբունքները պետք է ընկնեն խաղաղության հիմքում՝ ձևակերպեց Արարատ Միրզոյանը։
Կանադան աջակցում է Հայաստանի տարածքային ամբողջականությանը՝ հայտարարեց Կանադայի ԱԳ նախարար Մելանի Ժոլին Արարատ Միրզոյանի հետ համատեղ ասուլիսում։ Նա շեշտեց, որ Կանադան կանգնած է Հայաստանի ժողովրդի կողքին և աջակցում է երկրի ինքնիշխանությանն ու անկախությանը։
«Մենք հավատում ենք ձեր ժողովրդավարական ձգտումներին և պատրաստ ենք այս ուղղությամբ աշխատանքները խորացնել։ Կոչ ենք անում Ադրբեջանի իշխանություններին հարգել Լեռնային Ղարաբաղից վերջերս տեղահանված հայերի վերադարձի իրավունքը և բարի կամք դրսևորելով ապահովել իրենց բնակավայրեր անվտանգ վերադարձը»։
Կանադայի արտաքին գործերի նախարար Մելանի Ժոլին երկօրյա այցով է ժամանել Հայաստան։ Այցի հիմնական նպատակը հայ-կանադական հարաբերությունները խորացնելն է: Մինչ համատեղ ասուլիսը առանձնազրույց է տեղի ունեցել Հայաստանի արտգործնախարարի հետ, այնուհետև կողմերը հանդիպել են ընդլայնված կազմով։
Ամփոփելով հանդիպման արդյունքները՝ Արարատ Միրզոյանը լրագրողներին ասել է, որ Հայաստանը ողջունում է ԵՄ քաղաքացիական առաքելությանը միանալու Կանադայի նախաձեռնությունը։
«Տարածաշրջանը խաղաղության ապահովմանն ուղղված անկեղծ ու գործուն քայլերի կարիք ունի, որոնք միտված կլինեն միջազգային գործընկերների կողմից օբյեկտիվ գնահատականին, մեր ժողովրդի համար արժանապատիվ խաղաղության ապահովմանը և նոր արհավիրքների կանխմանը»։
Միրզոյանը նաև նշեց, որ Հայաստանը բարձր է գնահատում Կանադայի սկզբունքային դիրքորոշումը, որն արտահայտվեց նաև սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի կողմից ԼՂ-ի դեմ սանձազերծված ռազմական հարձակման ժամանակ։ Նա նաև շեշտեց, որ միջազգային գործընկերների բոլոր ուղերձները, ՄԱԿ-ի դատարանի իրավաբանորեն պարտադիր երկու որոշումները գործուն ազդեցություն չունեցան ԼՂ-ում իրավիճակի վրա։
«Արդյունքում Ադրբեջանն իր շարունակական գործողություններով իրականացրեց ԼՂ-ի ամբողջական էթնիկ զտումը։ Հավելեմ, որ մենք վստահ ենք, որ առկա են կիրառելի մեխանիզմներ, որոնց արդյունավետ գործարկումը կարող է նպաստել տարածաշրջանում անպատժելիության մթնոլորտի հաղթահարմանը և հայրենիքից զրկված ժողովրդի իրավունքների հասցեագրմանը»։
Փոխադարձ պատրաստակամություն կա Հայաստանի ու Կանադայի միջև ձևավորված երկկողմ բարեկամական հարաբերություններն առավել խորացնելու և զարգացնելու։ Հայաստանի արտգործնախարարը բարձր գնահատեց կանադացի գործընկերոջ անձնական ջանքերն այդ ուղղությամբ, որոնց շնորհիվ է նաև Երևանում բացվում Կանադայի նոր դեսպանատունը։ Այն թույլ կտա ամրապնդել երկկողմ կապերը և մեծացնել Կանադայի աջակցությունը հայկական ժողովրդավարությանը։
Արտգործնախարարները վստահ են, որ համատեղ ջանքերով հնարավոր է կյանքի կոչել շատ ծրագրեր։ Առևտրի ու տնտեսության ոլորտում համագործակցությունն ընդլայնելու նպատակով դիտարկում են Կանադայի ավելի ակտիվ ներգրավման հնարավորությունները։ Այստեղ կարևորվում է նաև կանադահայ համայնքի դերը։




