Վերնատուն

Հայկական վավերագրական կինոն խոսում է ներկայի մասին․ «Վերնատուն»

Վերջին հինգ-վեց տարիներին դրսում հաջողություն ունեցած ֆիլմերը հենց վավերագրական ֆիլմեր են` ասում է կինոպրոդյուսեր, «Եվրասիադոկ» ծրագրի հայաստանյան ներկայացուցիչ Արևիկ Ավանեսյանը։

Նշում է, որ օրերս Շողակաթ Վարդանյանի «14 89» ֆիլմն անցել է հեղինակավոր Ամստերդամի վավերագրական ֆիլմերի միջազգային փառատոնի մրցութային ծրագիր` շեշտելով, որ անկախությունից ի վեր ոչ մի հայկական ֆիլմ նման հաջողություն մինչ օրս չի ունեցել։

Խոսելով Ժամանակակից վավերագրական կինոյի մերօրյա զարգացումների, ժամանակակից միտումների մասին` Արևիկ Ավանեսյանը և վավերագրող ռեժիսոր Սիլվա Խնկանոսյանը նշում են մի քանի միջազգային հարթակներ, որոնց ակտիվ գործունեության արդյունքում հայկական վավերագրական կինոն զարգանալու հնարավորություններ է ստանում։

Սիլվա Խնկանոսյանը նշում է միջազգային կրթական ու ստեղծագործական հարթակների հետ համագործակցության կարևորությունը, ասում է՝ Հայաստանում վավերագրական ֆիլմերը չեն զարգացել, քանի որ դրանք ավելի շատ անցյալի մասին են խոսել և ոչ ներկայի։

«Եվրասիադոկ» ծրագիրը 10 տարուց ավելի գործում է Հայաստանում։ Ծրագիրն օգնում է կինոգործիչներին զարգացնել վավերագրական ֆիլմերի նախագծերը։

«Այս նախագիծը մեծ կարևորություն է ներկայացնում հենց կինոարտադրության տեսանկյունից և ոչ անհատի։ Վավերագրական կինոյում սերնդափոխությունը կարևոր դեր է ունեցել․ փոխվել են մոտեցումները, և կարևոր է կրթական մասը, շատ հեղինակներ գաղափարներ ունեն, որոնք զարգացնելու կարիք կա։ Ծրագրի շրջանակներում մասնակիցները դասընթացներ են անցնում, խորությամբ աշխատում նկարահանվող ֆիլմի կառուցվածքի, սցենարի, ֆիլմը անելու նպատակների վրա», – ասում է Արևիկ Ավանեսյանը։

«Եվրասիադոկի» այս տարվա ծրագրում ներառվել է նաև ֆիլմերի հետահայց ցուցադրություններ: Սեպտեմբեր ամսից սկսած յուրաքանչյուր ամիս ցուցադրվում է մեկ ֆիլմ ՀԲԸՄ դահլիճում: Նոյեմբերի 7-ին, ժամը 19:00 -ին կցուցադրվի Թամարա Ստեփանյանի «Կանանց գյուղը» լիամետրաժ վավերագրական ֆիլմը։

Back to top button